Նորություններ

Ռուբեն Ռուբինյանը և Կոնստանտին Կոսաչևը հայտարարություն են ստորագրել

Մայիսի 30-ին Մոսկվայում է գտնվել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի համատեղ նիստին:

Ինչպես հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում են եղել ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը («Իմ Քայլ» խմբակցություն), Սոս Ավետիսյանը («Իմ Քայլ» խմբակցություն), Արման Աբովյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն) եւ Արման Բաբաջանյանը («Լուսավոր Հայաստան» խմբակցություն): Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ: Ռուսաստանյան կողմից հանդիպմանը ներկա են եղել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարեւը, միջազգային հարցերով կոմիտեի ներկայացուցիչներ Վլադիմիր Ջաբարովը, Սերգեյ Կիսլյակը, Իգոր Ղահրամանյանը, Վլադիմիր Լուկինը, Օլգա Տիմոֆեեւան եւ այլոք: Յորի Վորոբյովը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունների շարունակականությունը:

Միջխորհրդարանական համագործակցության համատեքստում կարեւորվել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հետեւողական աշխատանքը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր խոսքում գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ ձեւավորված է ամուր քաղաքական երկխոսություն՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակցային եւ ռազմավարական գործընկերներ են:

Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ջանքերը եւ դերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման հարցում:

Ավելին
Back to top button