Նորություններ

«Քոչարյանը Հայաստանի պատմության ամենաազդեցիկ ամբաստանյալներից մեկն է, և նրա գործողությունները պետք է դիտարկել պաշտպանական ռազմավարության համատեքստում»

ԳԱԼԱ-ն զրուցել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանի հետ վերջին օրերին Հայաստանում կատարված ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ:

— Օրեր առաջ Ռ. Քոչարյանը հանդիպեց իր աջակիցների հետ՝ հայտարարելով պայքարի մեկնարկի ու հաղթանակի մասին, պատմեց, որ մեկ տարի առաջ նույնիսկ չէր պատկերացնում, որ կարևոր անելիք ունի: Ըստ էության, ակնարկեց ընդդիմադիր բևեռ ձևավորելու մասին: Ի՞նչ վտանգներ կարող է այն պարունակել իր մեջ:

— Քոչարյանին, ես կարծում եմ, ավելի մեծ ուշադրություն է դարձվում, քան ինքը վաստակել է, ընդ որում վաստակել է թե որպես քաղաքական գործիչ իր անցյալով, թե հիմա այն ամեն ինչով հանդերձ, ինչ իր շուրջ կատարվում է: Քոչարյանը Հայաստանի պատմության ամենաազդեցիկ ամբաստանյալներից մեկն է, և նրա գործողությունները, ես կարծում եմ, պետք է դիտարկել պաշտպանական ռազմավարության համատեքստում: Ես ողջունում եմ, որ Հայաստանում յուրաքանչյուր ամբաստանյալ տեսականորեն կարող է հնարավորություն ունենալ արդյունավետ պաշտպանություն կազմակերպելու, ուստի այդ գործընթացում իրեն մաղթում եմ հաջողություն, որովհետև պաշտպանական կողմի արդյունավետ պաշտպանության արդյունքում Հայաստանում իրավունքի և արդարադատության ինստիտուտների կայացման հնարավորություն կլինի:

— Իսկ քաղաքական ի՞նչ ուժերի հետ կարող է միավորվել:

— Որպես քաղաքական գործիչ, որպես կուսակցական չունեմ այնպիսի հավաստի տեղեկատվություն, որ Ձեզ հետ կարողանամ կիսվել, թե ովքեր կմիանան, սակայն ունեմ հավաստի տեղեկատվություն այն բանի հետ կապված, որ դա մենք չենք լինի (ծիծաղում է):

— ՀՅԴ-ն նույնպես հանրահավաք կազմակերպեց, որի ժամանակ դեղին քարտեր ցույց տվեց իշխանություններին և հայտարարեց, որ կարմիր քարտի տեղն էլ գիտեն։ Ինչպե՞ս եք գնահատում ՀՅԴ-ի քայլերը, ըստ Ձեզ՝ որքանո՞վ է սա պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման հետ:

— Համահարթեցման առումով ես ևս համաձայն եմ, որ դա այն չէ, ինչ մենք պատկերացրել ենք և գլխով համաձայնության նշան ենք տվել տնտեսական հեղափոխության թեզին: Այսպիսի չիրականացված բաների մի շարք էլ ես կարող եմ ասել, ի թիվս, օրինակ, ընտրական օրենսգրքի, որը պետք է լիներ մինչև արտահերթ ընտրություններ, բայց չեղավ: Դրա համար համաձայն եմ, որ գործող կառավարությունն իր քաղաքականության իրականացման ընթացքում ունեցել է ինչպես բացթողումներ, այնպես էլ սխալներ, որոնց մի մասը գիտակցված սխալներ են եղել: Իրենք հստակ ընտրել են քաղաքական այդ ճանապարհը, որն իրենց խնդիրն է: Այդ խնդիրներն իրենք կտեսնեն այն ժամանակ, երբ որ ընտրողները կգան քվեարկության, կամ երբ որ մարդիկ որևէ սոցիալական կամ քաղաքական խնդրի բերումով հարկ կհամարեն բողոքի գործողություններ իրականացնել: Այս մասով, այո, ես համաձայն եմ, որ կան խնդիրներ գործող կառավարության քաղաքականության մեջ:

— Ի՞նչ գիտակցված սխալների մասին է խոսքը:

— Մարդիկ գիտակցված, երբեմն չհիմնավորված գնում են հարկային քաղաքականության փոփոխության: Մենք բազմաթիվ հիմնավորումներ ենք նշել՝ ինչու չի կարելի դա անել, ինչպիսի հետևանքներ կունենա: Փորձել ենք հարցերով հասկանալ՝ գուցե իրենք ֆանտաստիկ հիմնավորումներ ունեն, որը կխոսի իրենց օգտին, սակայն այսպիսի հիմնավորումներ չկան, կան միայն ինչ-որ հիպոթետիկ պնդումներ, հուսադրող խոսքեր, լավ ցանկություններ, և կա խուսափողականություն լուրջ հարցերի պատասխանելու համար:

Երբ ես խնդրում եմ, որ մեր կառավարության գործընկերները հրապարակային պատասխանեն՝ եկամտային հարկի համահարթեցման և դրա բերումով անուղղակի հարկերի բարձրացման համատեքստում մինչև 150 հազար դրամ ստացող աշխատողները՝ մոտ 400 հազար մարդ և նրանց ընտանիքների անդամները, հարաբերականորեն ավելի՞ մեծ բեռ են վերցնում իրենց վրա, թե՞ հարաբերականորեն այդ բեռը թեթևանում է. այս հարցին կառավարությունը չի ցանկանում պատասխանել, որովհետև, ըստ էության, պատասխանն անցանկալի է, որովհետև դժվար է նայել մարդկանց աչքերին ու ասել, որ մենք եկանք 400 հազար մարդու վրա հարկային բեռը մեծացնում ենք, և դրանք հենց այն 400 հազարն են, ովքեր ամենախոցելի սոցիալական խավին են պատկանում: Դա գիտակցված քաղաքական ընտրություն է, սա նեոլիբերալ տնտեսական մոդելից բխող քաղաքականություն է, որը և հենց գիտակցված քաղաքական սխալ է, որի համար իրենք պատասխանատվություն կկրեն 5 տարի հետո իրենց ստացած քվեներով մինչև այդ հանրության մոտ սոցիալական անարդարության զգացմամբ:

— Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հեղափոխության երկրորդ փուլի մասին, մասնավորապես դատական իշխանության մեջ ևս հեղափոխություն իրականացնելու մասին: Ինչպե՞ս եք գնահատում, ինչո՞ւ այս քայլերն ավելի վաղ չէին արվում, և կարծում եք՝ այս քայլերով իշխանությանը կհաջողվի՞ դատական իշխանության մեջ հեղափոխություն իրականացնել։

— Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե ովքեր չպետք է լինեն դատավոր և ինչպես պիտի նրանք հեռանան, բայց պարոն Փաշինյանը չի պատասխանել այն հարցին, թե ովքեր պետք է լինեն դատավոր, և երբ որ այս երկրորդ բաղադրիչի պատասխանը կլինի, ես կդիտարկեմ, որ դատական ռեֆորմների մասին տեսլական մեզ ներկայացվել է: Այս պահին, այո, ես ողջունում եմ վեթինգի գաղափարը, այն լավ քաղաքականություն է, եթե ճիշտ համակարգվի, բայց, այնուամենայնիվ, վեթինգը պատասխանում է հարցին, թե ով չի կարող լինել դատավոր, բայց չի պատասխանում հարցին, թե ով կարող է լինել: Այս հարցի պատասխանը պետք է ունենալ մինչև դատական համակարգի նման զգայուն համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելը: Սրա արդիականությունը եղել է մինչև հեղափոխությունը, հեղափոխությունից հետո մինչև վեթինգի մասին հայտարարելը և կա հիմա, այսինքն միշտ դրա ճիշտ ժամանակն է, մի բան էլ ուշացած է, եթե նույնիսկ դա Սերժ Սարգսյանը սկսած լիներ, դա ուշացած էր լինելու: Հույս ունեմ, որ այս ռեֆորմները կլինեն ներառական և կլինեն իրավունքից բխող և ճիշտ հաշվարկված, որովհետև ներպետական կառավարման համակարգում ամենակարևոր օղակներից մեկն եմ համարում դատարանները:

 

Հարցազրույցը՝ Ալինա Սիմոնյանի

 

Ավելին
Back to top button