Նորություններ

Խոշոր ավտովթար Երևանում. Եռաբլուր զինվորական պանթեոնի մոտ 28-ամյա վարորդը Nissan-ով բախվել է եզրաքարերին և գլխիվայր շրջվել. նա վթարի մեղավոր է համարում ոստիկանական УАЗ-ին

Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:15-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Մարտիրոսյանը իր վարած Nissan Teana մակնիշի 13 VR 113 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուր զինվորական պանթեոնի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության խումբը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել այն:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում վարորդը ոստիկանության ծառայողներին ասում էր, որ վթարի մեղավորը եղել է ոստիկանական համարանիշներով УАЗ մակնիշի ավտոմեքենա, ով վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով տեղի է ունեցել վթարը, իսկ УАЗ-ը նաև բախվել է իր ավտոմեքենային և դեպքի վայրից դիմել փախուստի:

Ոստիկանությունը պարզում է նաև վարորդի հայտնածը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


shamshyan.com

Ավելին
Back to top button