Նորություններ

ՍԴ դատավորի պաշտոնին համապատասխանող հավանական թեկնածուները, բացի մեկից, հրաժարվել են, որ իրենց թեկնածությունը ներկայացվի ԱԺ․ նախագահականը՝ Վահե Գրիգորյանին առաջադրելու մասին

Մեկ տարվա ընթացքում, չնայած մի քանի անգամ հայտարարվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների հայտերի ընդունման մասին, այդուհանդերձ, հավանական թեկնածուների թիվը եղել է շատ սահմանափակ՝ ընդգրկելով մի քանի անհատ իրավաբանների:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից` պատասխանելով հարցին, թե ինչու է նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ի՞նչ վերաբերմունք ունեն այն քննարկումների վերաբերյալ, ըստ որոնց, գործադիր մարմինը կարողացավ  ճնշում գործադրել նախագահի վրա՝ իր ցանկալի թեկնածուին առաջադրելու հարցում:

«Հանրապետության նախագահն անհատական զրույցներ է ունեցել այդ հավակնորդների հետ: ՍԴ դատավորի պաշտոնին համապատասխանող հավանական թեկնածուները, բացի մեկից, տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են, որ իրենց թեկնածությունը ներկայացվի Ազգային ժողով»,- նշված է պատասխանում:

Հիշեցնենք, որ 5 անգամ Ազգային ժողովը չի ընտրել ՍԴ դատավոր։ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված վերջին թեկնածուն Արթուր Վաղարշյանն էր, սակայն նրա թեկնածության օգտին քվեարկեց 30, դեմ՝ 53 պատգամավոր: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել:

Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովն ապրիլի 16-ին կայացած նիստում 24 կողմ, 47 դեմ հարաբերակցությամբ չէր ընտրել ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանին։

Նշենք նաև, որ նախագահ Արմեն Սարգսյանը նախկինում չէր առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը Ազգային ժողովին, բացի այդ՝ Ազգային ժողովը Վահե Գրիգորյանին չի ընտրել Սահմանադրական դատարանի դատավոր:

tert.am

Ավելին
Back to top button