Նորություններ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

Մայիսի 31-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Նիստի օրակարգում ներառված էր ԱՊՀ հետագա զարգացմանն ու արդիակականացմանը, ինչպես նաև կառույցի իրավապայմանագրային հենքի կատարելագործմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների ձևաչափով և ընդլանված կազմով կայացած քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ինովացիոն ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցությանը ու մտավոր սեփականության օբյեկտների ոլորտում իրավունքների պաշտպանության հարցերով մաքսային մարմինների փոխգործակցությանը։

Քննարկումների արդյունքներով ստորագրվել է մեկ տասնյակ փաստաթուղթ, մասնավորապես՝ գիտության հիմնարար ուսումնասիրությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման, թանգարանային գործում համագործակցության, ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների, ապրանքների մաքսային ձևակերպման ու վերահսկման կարգի կանոնարգման վերաբերյալ:

Փոխվարչապետ Գրիգորյանը, անդրադառնալով ԱՊՀ երկրներում առաջատար տեխնոլոգիաների զարգացման հարցերին և կարևորելով վերջիններիս կիրառումը տնտեսության տարբեր բնագավառներում, վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը կիսվել սեփական փորձով տնտեսական փոխգործակցության ընթացքում։ Միաժամանակ ընգծել է ԱՊՀ ձևաչափում էներգետիկայի, տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցման ոլորտներում հեռանկարային ուղղություններով փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետևողական ջանքերի կարևորությունը։

Ավելին
Back to top button