ՆորություններՔո ձայնը

Վիտալի Բալասանյանը հայտարարել է նոր շարժում սկսելու մասին

Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի ղեկավար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է տարածել՝ տեղեկացնելով իր նոր նախաձեռնության մասին. նա հայտարարել է «Հանուն Արցախի» համազգային շարժման մեկնարկի մասին: Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Այսօր աշխարհասփյուռ հայության համար ժամանակի հրամայական է դարձել ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ – ՍՓՅՈՒՌՔ եռամիասնության ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր դիմակայել մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին, հետամուտ լինել Միացյալ և հզոր Հայաստանի ստեղծմանը:

Հազարամյակների ընթացքում մեր ժողովուրդը հաճախ է պարտադրված եղել ցուցադրել ապրելու, հարատևելու իր իրավունքն ու կենսունակությունը, արժանապատվությամբ անցնել անկանխատեսելի փորձությունների քուրայով, որպեսզի այսօր աշխարհին կարողանանք ներկայանալ ավելի թրծված ու բյուրեղացած: Միջազգային հանրության աչալուրջ հայացքի ներքո, 2016 թվականի ապրիլին, երբ նորից հայտնվեցինք փորձության շեմին, ՀԱՅԱՍՏԱՆ- ԱՐՑԱԽ — ՍՓՅՈՒՌՔ եռամիասնությունը հերթական անգամ աշխարհին ապացուցեց իր ամրակայությունն ու հաստատակամությունը: Այսօր ես ներքին անհանգստությամբ եմ արձանագրում, որ ոչ բոլոր հասարակական-քաղաքական ուժերը, հեղինակություն վայելող անհատներն են գիտակցում հայկական պետականության շուրջ ստեղծված իրավիճակի լրջությունն ու դրանից բխող վտանգավոր հետևանքները:

Որոշ խմբեր և քաղաքական ուժեր, շահարկելով մարդկանց հայրենասիրական զգացմունքները, առաջ են քաշում ժամանակավրեպ լոզունգներ՝ քողարկելով շահադիտական իրենց նպատակները, ինչը ես որակում եմ որպես անհանդուրժելի, հայության նպատակների տառին ու ոգուն անհարիր, ապազգային վտանգավոր երևույթ: Համոզված եմ, որ օրվա հրամայականն է ուղիներ որոնել մեր ազգի հնարավորությունները լիարժեք և նպատակային օգտագործելու համար: Նկատի ունենալով այս ամենը, ես որոշում եմ կայացրել հանդես գալ նախաձեռնությամբ և հայտարարում եմ «ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ» համազգային շարժման մեկնարկի մասին, որի նպատակն է Միացյալ և Հզոր Հայաստանի ստեղծումը՝ հետևյալ խնդիրների լուծմամբ. -Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում. -Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդում. -Սփյուռքի հետ համագործակցության սերտացում և ազգային արժեքների պահպանություն:

Շարժմանը կարող են միանալ հասարակական, քաղաքական, մարդասիրական և այլ կազմակերպություններ ու անհատներ: Սիրելի հայրենակիցներ, միանալով «ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ» համազգային շարժմանը, Ձեր ազգանվեր գաղափարներով ու առաջարկներով Դուք գործուն մասնակցություն կունենաք մեր գերնպատակի իրագործմանը:

 

Ավելին
Back to top button