Նորություններ

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել Գեղամ Գևորգյանը

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների
խորհրդի նիստը՝ օրակարգային 2 հարցով: «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 11 նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց, որոնցից երկրորդը վերաբերում էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից առաջադրվեց երկու թեկնածու՝ ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով նախկին պրոռեկտոր, ԵՊՀ մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը և ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը:

Հոգաբարձուների խորհրդի անդամները հանդես եկան ելույթներով՝ արտահայտելով իրենց դիրքորոշումները:Ելույթով հանդես եկան նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուները:

Գեղամ Գևորգյանն իր ելույթում ասաց, որ ցավալի է, որ իր անունը վերջին  շրջանում կապվել է քաղաքական իրադարձությունների, հեղափոխության կամ  հակահեղափոխության հետ. «Ես տարիներ շարունակ աշխատել և ծառայել եմ գիտությանն ու կրթությանը: Ես չեմ ամաչում այն կադրերից, որ հիմա շրջանառվում են համացանցում, որտեղ երևում է, թե ինչպես եմ համալսարանում դիմավորել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Արայիկ Հարությունյանին:  Ինձ համար ցավալի է, որ դրանց մասին դատողություն են անում այն մարդիկ,
որոնք, այդ երկու դռների հետևում նստած, դողում էին և չգիտեին՝ ինչ անեին»: Գեղամ Գևորգյանը փաստեց, որ այս պահին անտրամաբանական է խոսել ծրագրային  դրույթների մասին այն պարագայում, երբ երեք ամսվա ընթացքում լինելու են քննաշրջան և արձակուրդ, ապա համալսարանի 100-ամյակին նվիրված  միջոցառումներ. «Թե ինչպիսի վարչական աշխատող եմ եղել ես,  համալսարանականները գիտեն, ովքեր էլ չգիտեն, այս ընթացքում կարող էին
հետաքրքրվել:

Այս նույն ամբիոնից ես դեռ երկու տարի առաջ խոսել եմ համալսարանում բարեփոխումների անհրաժեշտության մասին, որն անհետևանք մնաց:

Երբ լինեն ԵՊՀ ռեկտորի ընտրությունները, ես հանդես կգամ ծրագրային ելույթով, որը կքննարկվի և կամ կհաստատվի, կամ չի հաստատվի»: Վահե Հովհաննիսյանն ասաց, որ հեռանկարային ծրագրերի մասին խոսելը դեռ շատ  վաղ է, իսկ կարճաժամկետ ծրագրերի մասին խոսելով՝ փաստեց, որ առաջին հերթին  ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է կայունություն ապահովի բուհում:

«Պետք է գործուն քայլեր ձեռնարկենք՝ առողջ մթնոլորտ ձևավորելու համար: Բացի  դրանից՝ կարծում եմ, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է  բավարար պայմաններ ապահովի՝ առաջիկայում ԵՊՀ ռեկտորի ընտրությունը  կազմակերպելու համար: Իհարկե, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն իրավական  տեսանկյունից անմիջական կազմակերպման պատասխանատվություն չի կարող կրել,
բայց մթնոլորտի ընդհանուր տեսանկյունից դա կարևոր է»,- ասաց Վահե
Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ հարցը չպետք է քաղաքականացվի, պետք է առաջնորդվել համալսարանի  շահերով, պետք է լինի իրավիճակի վերահսկում: Քվեարկության արդյունքում Գեղամ Գևորգյանը ստացավ 21, իսկ Վահե  Հովհաննիսյանը՝ 11 ձայն:

Գեղամ Գևորգյանը 1975-1980 թթ. սովորել է ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական  ֆակուլտետում: 1982 թ. պաշտպանել է «Չափելի ֆունկցիաների օրթոգոնալ  շարքերով և մարտինգալներով ներկայացումը և միակությունը» թեմայով թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով ֆիզմաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1992 թ. պաշտպանել է «Եռանկյունաչափական և Ֆրանկլինի  շարքերի զուգամիտության և միակության խնդիրներ» թեմայով դոկտորական ատենախոսությունը՝ ստանալով ֆիզմաթ. գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Գեղամ Գևորգյանը 1980-1984 թթ. եղել է ԵՊՀ ուսումնական լաբորատորիայի  վարիչ, 1984-1992 թթ.՝ ԵՊՀ դոցենտ, իսկ 1992-1997 թթ.՝ ԵՊՀ պրոֆեսոր:  1997-2004 թթ. եղել է ԵՊՀ մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչը, իսկ 2004-2008 թթ.՝ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանը: 2008-2019 թթ. եղել է ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորը: 2010 թ.-ից ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է: Գեղամ Գևորգյանն աշխատել է նաև Հունգարիայի Էտվոշի համալսարանում, Մոսկվայի Սպեկլովի ինստիտուտում և Լեհաստանի ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտում: Նրա  գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է իրական անալիզը, հարմոնիկ անալիզը և օրթոգոնալ շարքերը: Գեղամ Գևորգյանը ԵՊՀ 050 մասնագիտական խորհրդի նախագահ է, «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր։ Մաթեմատիկա» ամսագրի խմբագրության անդամ, «Proceedings of YSU»
հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ, ԳԱՏԱՀ խորհրդի անդամ և «Հետազոտական
մաթեմատիկա» հիմնադրամի խորհրդի անդամ:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն արժանացել է «Անանիա Շիրակացի»  մեդալին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակին:

Ավելին
Back to top button