Ի՞նչ է սպասվում «Հյուսիս-հարավ» ճանապարհը փակած շինարարներին. փոխնախարարի պարզաբանումը

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանն անդրադարձավ «Հյուսիս-հարավ» ճանապարհը փակած շինարարների բողոքին:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին կառուցապատող ընկերությունը գտնվում է սնանկության փուլում, ինչը սկսվել է 2 տարի առաջ:
Նրա խոսքերով՝ այս պահի դրությամբ մի քանի կետով անհամաձայնություն կա:
Բադալյանի փոխանցմամբ՝ հիմնական կապալառուն «Կորսան Կորվելան» իսպանական ընկերությունն է, որն իրականացնում է Աշտարակից Թալին ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։
«Կա անհամաձայնություն ընկերության և կազմակերպության միջև, բոլոր վճարումները «Կորսան» ընկերությանն իրականացվել են, նախարարությունն իր պարտականությունը կատարել է, սակայն «Կորսանը» չի վճարել իր ենթակապալներին: Մենք գրեթե ամեն շաբաթ հանդիպում ենք ենթակապալների հետ և փորձում լուծում տալ»,- նշեց փոխնախարարը:
Բագրատ Բադալյանը հայտնեց, որ այս պահին ընկերությունը գտնվում է սնանկացման եզրին: