ՆորություններՔո ձայնը

Հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմին ավելացել է ևս մեկը՝ ներհայկականը՝ ավելի դաժան ու ավելի լկտի

Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ղարաբաղյան կարգավորման, արտաքին քաղաքական և ներքաղաքական կյանքին առնչվող հարցերը ներկայումս ուղղակի ստիպված ենք դիտարկել միանգամայն նոր իրողության լույսի ներքո։ Իսկ այդ իրողությունը շատ տխուր է՝ մենք ապրում ենք տեղեկատվական երկու պատերազմների պայմաններում։ Այո, երկու։ Հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմին ավելացել է ևս մեկը՝ ներհայկականը, որն ավելի հետևողական, ավելի ինտենսիվ, ավելի դաժան ու ավելի լկտի է։

ՀՀ նախկին իշխանության կողմից պարտադրված այս երկրորդ պատերազմին երբեմն՝ որոշակի մոտիվացված ժամանակահատվածներում, ավելանում է նաև ռուսաստանյան տեղեկատվական ագրեսիան։ Դժվարանում եմ սա երրորդ տեղեկատվական պատերազմ որակել, քանի որ այն հիմնականում ներհայկական տեղեկատվական պատերազմում նախորդ իշխանության մարտավարության տրամաբանության շրջանակներում է առայժմ։ Այս շրջանակներում մերթընդմերթ դիրքավորվում են նաև արցախյան քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչներ։

Չամիչ չեն բաժանում ցանկացած պատերազմում, այդ թվում՝ տեղեկատվականում, ուստիև հակահարվածներ լինում են պարբերաբար։

Մարդկանց համար դժվար է կողմնորոշվել այս նոր իրավիճակի պատճառահետևանքային կապերում։ Մի չափանիշ, այնուամենայնիվ, կարող է ընկալելի լինել շատերի համար։ Այն, թե ում է պետք երկրորդ տեղեկատվականը, իմա՝ ովքեր են շահառուները։ Հայաստանի նոր իշխանությանը, Հայաստանի ու Արցախի հանրություններին հաստատ պետք չէ։ Բացարձակապես»:

Back to top button
Close