Նորություններ

ԵՊԲՀ գիտխորհրդի նիստին ներկայացվեցին բուհի զարգացման ուղղություննրը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում ԵՊԲՀ զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Արա Ղազարյանը ներկայացրեց կատարած աշխատանքների տարեկան հաշվետվությունը: Պրոռեկտորն անդրադառնալով կրթությանը, գիտությանն ու համալսարանական հիվանդանոցների կողմից ծառայությունների մատուցմանը՝ նշեց, որ անհարժեշտ է առկա հարցերի վերաբերյալ համատեղ քննարկում և արդյունավետ որոշումների ընդունում:

Արա Ղազարյանի խոսքով՝ ԵՊԲՀ-ն, լինելով հանրապետությունում միակ պետական հաստատությունը, որը տալիս է բարձրագույն կրթություն բժշկության ոլորտում, ձգտում է կատարելագործել մատուցած ծառայությունները՝ դուրս գալով միջազգային շուկա: Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտորն առաջարկում է պարբերաբար իրականացնել պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում արտերկրում, դասավանդման մեթոդաբանության փոփոխություն, համագործակցություն արտասահմանյան հիվանդանոցների հետ, այդ թվում սպասարկման որակի վերահսկման օղակի սահմանում: Անդարադառնալով գիտությանը՝ Արա Ղազարյանը նշեց, որ անհրաժեշտ է վերազինել առկա լաբորատորիաներն ու ստեղծել նորերը: «Համալսարանի զարգացման տեսլականի համաձայն՝ նախատեսում ենք առաջիկա երեք տարիների համար առնվազն եռապատկել օտարերկարցի ուսանողների թիվը, զարգացնել օտարալեզու կրթություն մատուցող դասախոսների հմտությունները, ինչպես նաև դասախոսների օտար լեզուների իմացությունը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ աշխատանքներ են տարվում միջազգային վարկանիշային ցուցակներում մի քանի տարվա ընթացքում լավագույն հազարի մեջ ընդգրկվելու ուղղությամբ:

Պրոռեկտորի կարծիքով՝ համալսարանական հիվանդանոցներում ամբիոնների գտնվելու պարագայում ինչպես կրթության, այնպես էլ բուժծառայության որակի սահմանումն ավելի հեշտ է: «Պացիենտները, տեղեկանալով որ հիվանդանոցը համալսարանական է, ավելի մեծ վստահություն են ունենում մատուցվող ծառայությունների նկատմամբ»,- ասաց նա:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շեշտեց, որ անհրաժեշտ է հստակ սահմանել կրթական, գիտական ու կլինիկական զարգացման ուղղությունները: «Այս ուղղություններին, անշուշտ, պետք է ավելացնել նաև համալսարանի թվայնացված կառավարումը՝ նոր մոտեցումներով»,- ասաց ռեկտորը՝ ընդգծելով, որ ԵՊԲՀ-ն միջազգային սուբյեկտ է և մարքեթինգային աշխատանքի արդյունքում պետք է լինել մրցունակ ու միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան:

Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտորը հավաստիացրեց, որ մեկ տարվա ընթացքում համալսարանական երեք հիվանդանոցներում կներդրվի ու կկիրառվի ընդհանուր էլեկտրոնային ծրագիր:

Օրակարգի համաձայն՝ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը ներկայացրեց «ԵՊԲՀ-ում ամբիոնի պատվավոր պրոֆեսորի աշխատանքային գործունեության կազմակերպման մասին», որը հաստատվեց գիտխորհրդի անդամների կողմից:

Գառնիկ Ավետիսյանի ներկայացմամբ՝ պատվավոր պրոֆեսորի կոչման կարող են հավակնել նրանք, ովքեր կբավարարեն ներակայացված 10-ը պահանջներից 8-ը:

Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ պատվավոր պրոֆեսորների աշխատանքային գործունեության կազմակերպումը բխում է ԵՊԲՀ-ի շահերից: «Բժշկական համալսարանի պատվավոր պրոֆեսորը ԵՊԲՀ-ի կողմից ստանալու է աշխատավարձ՝ ելնելով աշխատանքային պայմաններից»,- նշեց ռեկտորը:

Գիտական խորհրդի նիստին տեղի ունեցավ նաև ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պետի ընտրություն: Այդ պաշտոնում ընտրվեց Ռազմադաշտային վիրաբուժության ամբիոն ավագ դասախոս Կամո Շաբոյանը: Գիտխորհուրդը թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոն վարիչ, ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազարի Եսայանին տվեց պրոֆեսորի, իսկ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոն ավագ դասախոս Քրիստինա Վարդանյանին դոցենտի գիտական կոչումների շնորհման երաշխավորություն:

Back to top button
Close