Նորություններ

Արյունաբանական կենտրոնի բակում կանցկացվեն տոնական միջոցառումներ քաղցկեղը հաղթահարած երեխաների մասնակցությամբ

Հարգելի գործընկերներ,

«Սիթի օֆ Սմայլ – Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, «Առողջության կամուրջ» բարեգործական հիմնադրամի և պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի նախաձեռնությամբ Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ մայիսի 31-ին Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում և Արյունաբանական կենտրոնի բակում կանցկացվեն մի շարք տոնական միջոցառումներ քաղցկեղը հաղթահարած երեխաների գործուն մասնակցությամբ։

Ժամը 13։00-ից սկսած Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում ներկայումս բուժում ստացող երեխաների համար մեր գործընկերների աջակցությամբ կկազմակերպվի զվարճալի ծրագիր՝ օճառի պղպջակներ, աճպարար, տիկնիկային թատրոն և ճաշկերույթ, իսկ տոնական երեկոյի շրջանակներում ժամը 18։00-ից նախատեսվում է հագուստների ցուցադրություն և ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք:

Հագուստների ցուցադրության ընթացքում պրոֆեսիոնալ մոդելների հետ միասին հանդես կգան նաև քաղցկեղից բուժված երեխաները, որոնք կկրեն ներկայումս բուժում ստացող երեխաների նկարած նկարների հիման վրա ստեղծված շապիկներ, իսկ ցուցահանդես-վաճառքին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները և դասախոսները կներկայանան իրենց ստեղծագործություններով՝ քանդակներ, կտավներ, կերամիկական աշխատանքներ, գրաֆիկական աշխատանքներ, կարպետներ, հագուստներ, որոնց վաճառքի հասույթի մի մասը կտրամադրվի Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին:

«Առողջության կամուրջ» բարեգործական հիմնադրամն էլ, ավանդույթի համաձայն, Հունիսի 1-ին ընդառաջ նվերներ կհանձնի երեխաներին, իսկ քիմիոթերապիան ավարտած երեխաները կպարգևատրվեն շքանշաններով և պատվոգրերով՝ կյանքի պայքարում հաղթող ճանաչվելու առթիվ։ Բուժված երեխաներն, իրենց հերթին, դեռևս բուժման մեջ գտնվող բալիկներին շատ յուրահատուկ ձևով կհղեն իրենց բարեմաղթանքները։

Միջոցառման մուտքն ազատ է։ Հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք 077 117 793 հեռախոսահամարով:

Back to top button
Close