ՆորություններՏնտեսական

«Համահարթեցումը սպասարկում է երկրի էլիտար փոքրամասնության շահերը՝ աղքատ, սոցիալապես անապահով մեծամասնություն կազմող քաղաքացիների հաշվին»

«Ոչ համահարթ հարկմանը» նախաձեռնության անդամները եւ մի խումբ անձինք բաց նամակ են հղել ՀՀ ԱԺ պատգամավորներին եկամտային հարկի համահարթեցման վերաբերյալ, որում նշվում է.

«Հարգելի՛ պատգամավորներ, շուտով հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը կմտնի խորհրդարանական նիստերի օրակարգ։ Փոփոխությունների փաթեթի շրջանակներում մեզ համար առավել արդի են հարկերի համահարթեցմանը վերաբերող դրույթները, որոնց վերաբերյալ արդեն բազմիցս արտահայտվել են մտահոգություններ, որոնք հիմնավորվել են միջազգային փորձով և մասնագետների եզրակացություններով, անդրադարձ է արվել օրինագծի ոչ բավարար հիմնավորվածությանն ու փաստարկվածությանը, սոցիալական ազդեցության գնահատման բացակայությանը և ընդհանուր գործընթացի ոչ մասնակցային բնույթին։

Հարկերի համահարթեցմամբ նվազելու են միջին ու հատկապես բարձր աշխատավարձ ստացող փոքրամասնության եկամտահարկի դրույքաչափերը և հավասարեցվելու ցածր աշխատավարձ ստացող մեծամասնության եկամտահարկի դրույքաչափին։ Նվազելու է նաև բիզնեսի շահութահարկ + դիվիդենտի հարկի դրույքաչափը և հավասարեցվելու եկամտահարկի դրույքաչափին։

Համահարթեցումը սպասարկում է հատկապես խոշոր գործարարների և բարձր աշխատավարձ ստացողների, այսինքն` երկրի էլիտար փոքրամասնության շահերը՝ աղքատ, սոցիալապես անապահով մեծամասնություն կազմող քաղաքացիների հաշվին: Այդ փոքրամասնության հարկերի նվազման պատճառով բյուջետային կորուստները հատուցվելու են ակցիզային հարկերի բարձրացմամբ, ինչը իր հերթին կբերի շուկայում մի շարք ապրանքատեսակների թանկացման։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Հայաստանը սոցիալական պետություն է, իսկ երկրի տնտեսական քաղաքականության նպատակ է սոցիալական արդարության ապահովումը։ Առաջին հերթին սահմանադրության այս դրույթների երաշխավորումն է ԱԺ պատգամավորների պարտավորությունը։ Ավելին՝ սոցիալական արդարության հաստատումը և ստեղծված անհավասարության վերացումն այն առանցքային նպատակներից էին, որոնց հասնելու համար Հայաստանի քաղաքացիները, այդ թվում՝ աղքատ մեծամասնությունը, մերժեցին նախկին ռեժիմի ներկայացուցիչներին և ձեզ հանձնեցին խորհրդարանում պատգամավոր լինելու մանդատ։

Հարկերի համահարթեցումն իր էությամբ հակասում է վերոնշյալ բոլոր՝ սահմանադրական և քաղաքական նպատակներին։ Իսկ գործընթացը, որով ընթանում է օրենքի նախագծի առաջխաղացումն ու քննարկումը, բացարձակ հակասում է հեղափոխական օրակարգի տրամաբանությունից բխող մասնակցային, ժողովրդավար, իրավունքահենք և հետազոտահեն պետական քաղաքականությունների ձևավորման և ընդունման պահանջներին։ Կողմ քվեարկել տվյալ նախագծին նշանակում է կողմ քվեարկել սոցիալական անարդարությանն ու սոցիալական բևեռացման խորացմանը մի երկրում, որտեղ աղքատությունը սոցիալական, քաղաքական, տնտեսական առաջնային մարտահրավերներից մեկն է, մարդու իրավունքները և արժանապատվությունը ոտնահարող հիմնական գործոնն ու խթանը։ Նման քայլն անթույլատրելի է և դիտվելու է իբրև լուրջ հարված ժողովրդական հեղափոխության պահանջներին։

ՀՀ ԱԺ պատգամավորները տնտեսվարողների շահերով առաջնորդվող բյուրոկրատներ չեն կարող լինել։ Պատգամավորները կոչված են ձևավորել քաղաքական օրակարգ, խորամուխ լինել հարցերի ոչ միայն մասնագիտական, այլ նաև քաղաքական ազդեցության մեջ, առաջնորդվել բոլոր խավերի շահերի արդար հավասարակշռման սկզբունքով, ինչպես նաև սեփական խղճով։ Եթե աշխատավորները դուրս չեն գալիս փողոց, դա դեռ չի նշանակում, որ համերաշխության ճեղքումը մի օր ցունամի չի առաջացնի։
Իբրև այդ հեղափոխության մաս կազմող ՀՀ քաղաքացիներ, ակտիվիստներ և իրավապաշտպաններ՝ մեկ անգամ ևս հորդորում ենք ձեզ չգնալ նման քայլի, «ո՛չ» ասել եկամտահարկի համահարթեցման կոմպոնենտին և անցնել այլընտրանքային տարբերակների բովանդակային քննարկմանը, որը հաշվի կառնի փոփոխության համապարփակ գնահատականները, այդ թվում նաև սոցիալական ազդեցության գնահատականը՝ այսպիսով, հավատարիմ մնալ պատգամավորական մանդատով ձեզ տրված հիմնական առաքելությանը՝ այն է ապահովել երկրում արդարության, համերաշխության, անհատների իրավունքների և արժանապատվության երաշխիքները»։

Ավելին
Back to top button