Նորություններ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտային խորհրդի նախագահին

Մայիսի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Բուշ-դյու-Ռոնի Դեպարտամենտային խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Բուշ-դյու-Ռոնի Դեպարտամենտային խորհրդի առաջին փոխնախագահ Պատրիկ Բորը և Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը:

Կողմերը բարձր գնահատեցին տարբեր ոլորտի ներկայացուցիչներից կազմված քառասուն հոգանոց պատվիրակության այցելությունը Հայաստան և  այցի շրջանակներում անցկացվող տարբեր հանդիպումները, ինչը լավ հնարավորություն է տեղում քննարկելու հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի տարբեր ոլորտներին առնչվող համագործակցության հեռանկարները: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ներկայացուցչական պատվիրակության այս այցն արտացոլում է հայ-ֆրանսիական հարաբերությունների բազմաբովանդակ էությունը, որը մշտապես աչքի է ընկել առավել խորը փոխգործակցությամբ և երկու երկրների ժողովուրդների միջև ավանդական սերտ կապերով:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական օրակարգի մի շարք հարցերի՝ զրուցակիցները որպես համագործակցության կարևոր ուղղություն առանձնահատուկ ընդգծեցին բիզնես շրջանակների միջև կապերի խրախուսումը, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստարտափերի, նորարարական և ստեղծագործ կրթության ոլորտում համատեղ նախագծերի նախաձեռնումը:

Երկուստեք կարևորվեց հայ համայնքի կարևոր դերակատարությունը Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքում, որը նաև ամուր կապող օղակ է երկու բարեկամ երկրների միջև։

Զրուցակիցներն առանձնահատուկ կարևորեցին ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումն ու զարգացումը՝ որպես երկկողմ օրակարգի առավել հարստացմանն ուղղված քայլ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գործընկերներին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ այդ համատեքստում կարևորելով միջազգային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը:

Զրուցակցի խնդրանքով՝ նախարար Մնացականյանը հակիրճ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին՝ ընդգծելով Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:

Ավելին
Back to top button