Նորություններ

Ռոբերտ Քոչարյանն ընդդիմադիր բևեռ կարող է ձևավորել իր օֆիսի ներսում, իր տանը, բայց ՀՀ-ում սոցիալական նման պատվեր չկա

«Ռոբերտ Քոչարյանի ցանկացած քաղաքական քայլ, ցանկացած քաղաքական հայտարարություն տեղավորվում է իր նկատմամբ քրեական հետապնդումից պաշտպանվելու ձգտումների մեջ»: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ մեկնաբանելով մայիսի 28-ին Ռ. Քոչարյանի հայտարարությունն իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ:

Ռ. Քոչարյանը երեկ հայտարարեց պայքարի մեկնարկի ու հաղթանակի մասին՝ պատմելով, որ մեկ տարի առաջ նույնիսկ չէր պատկերացնում, որ կարևոր անելիք ունի: Նա նաև հայտարարեց, որ ազատազրկման ժամանակ ազատությունից ֆիզիկապես է զրկված եղել, բայց մտածելու և պլանավորելու հնարավորություն է ունեցել:

Ըստ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի՝ Քոչարյանը պարզապես քաղաքականացնում է հարցը և փորձում այնտեղ որոնել իր պաշտպանության կռվանները:

«Եվ երկրորդ՝ սա հայտարարություն էր՝ ուղղված այն փոքրաթիվ կողմնակիցներին կամ իբրև թե կողմնակիցները, որոնք խմբվել են»:

Քոչարյանն, այնուամենայնիվ, ակնարկում է ընդդիմադիր բևեռ ձևավորելու մասին: Մինչդեռ Մեհրաբյանը գրեթե բացառում է նման բևեռի ձևավորումը Քոչարյանի անձի շուրջ:

«Քոչարյանն ընդդիմադիր բևեռ կարող է ձևավորել իր օֆիսի ներսում, իր տանը, իր դահլիճում, բայց ՀՀ-ում նա չունի սոցիալական բազա, չկա սոցիալական պատվեր: Ճիշտ հակառակը՝ նման քայլերը կարող են ավելի բարձրացնել ՀՀ-ում առկա բացասական տրամադրությունները: Բոլոր հույսերը հասարակության կարճ հիշողության մասին իզուր են»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե կա՞ արդյոք հեռակա համագործակցություն Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի միջև, քաղաքագետը քիչ հավանական համարեց.

«Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը տարբեր պատմություններ են, և բացառում եմ, որ այդ իրողությունը Սարգսյանը չի պատկերացնում: Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն ու կողմնակիցները կուզենային թաթախվել այն ամենի մեջ, ինչի մեջ Քոչարյանն է:

Քոչարյանը, բնականաբար, կփորձի ներքաշել բոլորին, ով ուղղակի կամ անուղղակի կապեր է ունեցել իր հետ, բայց դա բավարար չէ համագործակցության համար»:

Հաջորդ հարցին, թե Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունն արդյո՞ք արտաքին միջամտությամբ եղավ, թե՞ եղավ այնպես, ինչպես մատուցվեց հասարակությանը, Մեհրաբյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ՝ սա ներքին գործընթաց է, չմոռանանք, որ դատավորական մի ստվար բանակ՝ կարիերայով, իրենց հայտարարագրերի գումարներով, պարտական են մի մարդու, որի անունը Քոչարյան է: Ի վերջո, դատավոր Ազարյանի հրապարակային գրառումները, երազները, ամեն ինչ ցույց են դնում եղելությունը: Բայց մյուս կողմից արտահայտիչ է այն, որ

Ռուսաստանի համակրանքը Քոչարյանի կողմն է, ռուսական պրոպագանդան Քոչարյանին հայ ժողովրդի փոխարեն համարում է հայ ժողովրդի հերոս: Ի վերջո, հոգեկերտվածքի առումով հարազատությունը մեկ դույլ ջուր չէ, որ թափես»:

Քրիստինա Մկրտչյան

Ավելին
Back to top button