Նորություններ
Ինչ հարցեր են քննարկվել Նախագահ Սահակյանի հետ. պատմում են համանախագահները
Հանդիպմանը Բակո Սահակյանը ներկայացրեց տարածաշրջանում և Ղարաբաղում առկա իրավիճակի վերաբերյալ իր տեսակետը:
ԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն):

Ըստ Ի. Պոպովի՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ միասին իրենք հանդիպել են Հայաստանի վարչապետին: Կայացած հանգամանալից զրույցը վերաբերում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վիեննայում կայացած առաջին պաշտոնական հանդիպման արդյունքներին, ինչպես նաև այն որոշումներին, որոնք այդ արդյունքներով ընդունվել են Մոսկվայում՝ արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում:
«Մենք անում ենք հայտարարություններ, որոնք կողմերին զսպվածության են կոչում։ Այստեղ գլխավորը՝ առավելագույն ջանքեր գործադրելն է՝ կողմերին հակամարտության կարգավորման դաշտ բերելու համար։ Դրան զուգահեռ՝ կնվազի նաև նմանատիպ հռետորաբանությունը»,-կարծիք է հայտնել Իգոր Պոպովը՝ ընդգծելով, որ իրենք Արցախում լսել ենք դրական պատասխաններ:
Ըստ Ի. Պոպովի՝ իրենք վաղը կմեկնեն Երևան։ Այնուհետև կլինեն նաև Բաքվում, կհանդիպեն Ադրբեջանի ղեկավարության հետ:


Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ Ստեփանակերտն ու Շուշին գրավելու հերթական ռազմատենչ հայտարարությունը անպատասխան թողնելուն՝ համանախագահ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) նշել է, որ բոլոր հանդիպումների ժամանակ իրենք կողմերին հորդորում են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել և շարունակելու են նույն սկզբունքով առաջնորդվել։