Նորություններ

Ով ինչպես է «զտում» կառավարման համակարգը. ետդարձի կամուրջները կարող են այրվել վերջնականապես. armtimes.com

Իշխանությունների դեմ նախկինների սանձազերծած քարոզչական պատերազմն օր օրի ավելի ու ավելի դաժան բնույթ է ստանում, եւ եթե այսպես շարունակվի՝ ետդարձի կամուրջները կարող են այրվել վերջնականապես։ Ընդ որում՝ քարոզչական պատերազմը նաեւ ավելի համակարգված է դառնում ու ավելի բացահայտ, ինչի արդյունքում էլ ավելի բացահայտ է դառնում նաեւ առողջ տրամաբանության իսպառ բացակայությունը։ Այսպես, քարոզիչների մի խումբն աշխատում է «իրականում նախկին իշխանությունները շատ լավն էին» ծրագրի շրջանակներում, երկրորդ խումբը տարբեր օրինակներով «հիմնավորում է», թե ինչ վատն են ներկա իշխանությունները, իսկ երրորդ խումբը հասարակական գիտակցության մեջ արմատավորում է այն միտքը, թե ներկաների ու նախկինների միջեւ ոչ մի տարբերություն չկա՝ «սրանք էլ են նույն բանն անում»։ Հասկացա՞ք անհեթեթությունը։ Այսինքն՝ նախկինները շատ լավն էին, իսկ նորերը շատ վատն են, որովետեւ նախկիններից չեն տարբերվում։ Ահա այդպես։

«Նախկինները լավն էին, իսկ նորերը վատն են» թեզն, իհարկե, որեւէ քննության չի դիմանում, ու զվարճալի է, երբ, ասենք, գոյություն ունեցող կամ չունեցող 3 միլիոն դրամանոց կոստյումից խոսում են այն ուժի նվիրյալները, որի առաջնորդի եղբայրը «ինքնակամ» 30 միլիոն դոլար է վերադարձնում պետությանը։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Շատ ավելի կարեւոր է հաջորդ հարցը՝ իսկապե՞ս նորերն առանձնապես չեն տարբերվում նախկիններից ու գնում են նրանց ճանապարհով, եւ իսկապե՞ս նորերի «դիլետանտիզմն» ավելի վտանգավոր է, քան նախկինների «պրոֆեսիոնալիզմը»։

Իհարկե իշխանական համակարգում ընդգրկվածներն իդեալական չեն, եւ իհարկե՝ տարբեր տրամաչափի պաշտոնյաների մեջ դիլետանտներ էլ կգտնվեն, ցանկացած գաղափարի վրա թքած ունեցող կարիերիստներ էլ, նախկիններից մնացած ու թաքուն նախկինների վերադարձը փափագողներ էլ, ոչ այնքան ադեկվատներ էլ, փողի գայթակղությանը չդիմացողներ էլ։ Բայց ակնհայտ է, որ ցանկացած հեղափոխության դեպքում անխուսափելիորեն պղտորված ջրերը պարզվելու են, եւ իշխանական համակարգն աստիճանաբար ինքնամաքրվելու է։ Ներկա եւ նախկին իշխանությունների հիմնական տարբերություններից մեկը հենց այն է, թե ինչպես է տեղի ունենալու այդ «զտման պրոցեսը», որովհետեւ կառավարման համակարգի «ինքնամաքրումը» նորություն չէ․ դա տեղի է ունեցել ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի օրոք, ե՛ւ Սերժ Սարգսյանի։ Պարզապես գործընթացի տրամաբանությունն է այլ եղել։

Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո, օրինակ, բոլոր նրանք, ովքեր նախկինում ներգրավված էին ինչ-որ կոռուպցիոն սխեմաներում, հեշտությամբ իրենց տեղը գտան նոր համակարգում․ Քոչարյանը նրանց գրկաբաց ընդունեց։ Եվ հակառակը՝ համակարգից «ինքնամաքրվեցին» բոլոր նրանք, ովքեր «փողի վրա նստած՝ փող էին ուզում»։ Քոչարյանի պատկերացրած համակարգում այդպիսի մարդիկ «դիլետանտներ» էին։ Մոտավորապես նույնն էլ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի օրոք։ Համակարգից «ինքնամաքրվում էին» ոչ թե նրանք, ովքեր բյուջեի հաշվին հարստանում էին, այլ նրանք, ովքեր հարստանում էին առանց իր գիտության ու նույնիսկ համարձակվում էին քաղաքական հավակնություններ ունենալ՝ «շրջանցելով Մելիք-Ադամյանը»։

Հիմա քաղաքական համակարգի ինքնամաքրումը տեղի է ունենում բոլորովին այլ տրամաբանությամբ։ Միտումն ակնհայտ է՝ համակարգում տեղ չեն ունենալու միայն նրանք, ովքեր չեն համապատասխանում հեղափոխության հռչակած սկզբունքներին (եւ իհարկե՝ մասնագիտական չափանիշներին)։ Ու քանի որ հեղափոխության հռչակած հիմնական սկզբունքն օրինականության հաստատումն է, ստացվում է, որ համակարգից առաջին հերթին դուրս են մղվելու նրանք, ովքեր օրենքի եւ օրինականության հետ խնդիրներ ունեն։

Ու ծիծաղելի է, երբ այս սկզբունքի գործնական կիրառումը ներկայացվում է որպես նոր իշխանությունների կոռումպացվածության «գործընթացի մեկնարկի» ապացույց։ Հատկապես՝ եթե հաշվի առնենք, թե ովքեր են ներկայացնում, եւ ինչ եղանակներով կուտակված միլիոնների հաշվին։

armtimes.com

Ավելին
Back to top button
Close