Նորություններ

ԲԴԽ-ն չի ապահովում դատավորների անկախությունը․ դատավորների ժողովի ավարտին ԲԴԽ-ին մեղադրեցին անգործության մեջ

Րոպեներ առաջ ավարտվեց դատավորների հրավիրած խորհրդաժողովը, որը տևեց ավելի քան վեց ժամ: Դատավորների հեռանալուց հետո Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը լրագրողներին ներս հրավիրեց՝ հայտարարություն անելու:

Նա ասաց, որ ժողովը հրավիրվել էր ՀՀ-ում դատավորներից վաթսուներկուսի պահանջով: Խուդկարյանը նաև հավելեց, որ այսօրվա ժողովին մասնակցել է 165 դատավոր։

Ընթերցելով դատավորների ժողովի տեքստը՝ վերջինս հայտարարեց, որ դատավորները ևս կողմ են փոփոխությունների, բայց հստակ հայեցակարգով․ «Դատաիրավական բարեփոխումները հնարավոր է իրականացնել բացառապես իրավական դաշտում»,-ասաց  նա՝ շեշտելով, որ դատավորների ընդհանուր ժողովը հայտարարել է, որ դեմ չէ, որ հասարակությանը ներկայացվեն դատավորների ունեցվածքը և դրանք ձեռք բերելու աղբյուրները:

Դատավորների ընդհանուր ժողովը նաև դատապարտեց դատավորների նկատամամբ անհարգալից վերաբերմունքը․ «Չի կարող բարեփոխում լինել դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող, դատական իշխանությունների հեղինակությունը նսեմացնող արտահայտություններով, ինչպես նաև դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտելով, որոնք խարխլում են դատական իշխանության հասարակական վստահությունը: Դատավորների ընդհանուր ժողովը դատապարտում է դատավորների նկատմամբ ցանկացած անհարգալից վերաբերմունք և կոչ է անում ձեռնպահ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող հայտարարություններից»,- ընթերցեց Խունդկարյանը:

Դատավորների ժողովը նաև ԲԴԽ-ին է անդրադարձավ՝ նշելով, որ ԲԴԽ-ի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը և այդ մարմինը գործնականում չի ապահովում դատավորների անկախությունը:

Լիլիթ Շաբոյան

factor.am

Ավելին
Back to top button
Close