Այսօր տոն է. Մայիսյան հերոսամարտերից հետո ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը
Հայաստանն ու հայ ժողովուրդն այսօր նշում են Հանրապետության տոնը: 1918 թ.-ի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ ավելի քան 5 դար անց վերականգնել իր պետականությունը:
Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր իրադրությունում Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»:
Հայկական ազգային խորհրդի հիմքի վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: 1918թ.-ի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ խորհրդարանի պաշտոնական բացումը, իսկ շենքի ճակատին տեղադրվեց հայկական եռագույնը:
Հարյուրամյակների ընդմիջումից հետո կրկին վերականգնվեց հայոց անկախ պետականությունը: Հայաստանի անկախության հռչակումը շրջադարձ եղավ հայ ժողովրդի քաղաքական, հոգևոր, մշակութային կյանքում։ Դրանով սկսվեց նորագույն հայկական պետականությունների պատմության դարաշրջանը։
Հայոց անկախ պետականությունը գոյություն է ունեցել 2,5 տարի: Հայտնվելով միջազգային հակասությունների բարդ ու խառնակ հանգուցակետում, պարտվելով Թուրքիային, մշտապես ենթարկվելով Խորհրդային Ռուսաստանի ճնշմանը, լքված Արևմուտքի օգնությունից` Հայաստանի առաջին հանրապետությունը դադարել է գոյություն ունենալուց: Նրան հաջորդել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը: