ՄիջազգայինՆորություններ

Ավստրիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել կանցլեր Սեբաստիան Կուրցին

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին եւ նրա կառավարությանը երկրի խորհրդարանն անվստահություն է հայտնել, տեղեկացնում է BBC-ն: Դա ավստրիական կառավարության առաջին նման պարտությունն է 1945թ.-ից հետո:

Կուրցի դաշինքի նախկին անդամ «Ազատություն» կուսակցությունը նույնպես աջակցել է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատների կողմից արված այդ առաջարկին:

Այժմ Ավստրիայի նախագահը պետք է որոշի, թե ով պետք է ղեկավարի ժամանակավոր կառավարությունը՝ մինչ սեպտեմբերին սպասվող արտահերթ ընտրությունները:

Կուրցը 32 տարեկան է, եւ համարվում էր աշխարհում պետության ամենաերիտասարդ առաջնորդը:

Նախորդ շաբաթ մամուլում տեսանյութ էր հայտնվել, որում պատկերված էր «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հայնց Քրիստիան-Շտրախեի հանդիպումը մի կնոջ հետ, ով իրեն ռուսաստանցի օլիգարխի ազգական էր ներկայացնում: Շտրախեն սկանդալի պատճառով ստիպված էր իր կուսակցությունը դուրս բերել իշխող դաշինքի կազմից:

«Ազատություն» կուսակցությունը հայտնի է իր ռուսամետ դիրքորոշմամբ, եւ հանդես է գալիս ընդդեմ Ռուսաստանին ուղղված պատժամիջոցների:

 

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button
Close