Նորություններ

Մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել իրենց ուժերին հավատացող մարդկանց երկիր. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաթևում մասնակցել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, օտարերկրացի գործարարներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և այլք:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սյունիքի մեծարգո մարզպետ, կառավարության հարգելի անդամներ, Ազգային ժողովի  հարգելի պատգամավորներ, մարզպետներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, լրագրողներ, հյուրեր,

Իրականում ճանապարհին մտածում էի, թե որ տարբերակով սկսեմ իմ ելույթը, որովհետև մի քանի տարբերակ էի մտածել, բայց դուք ձեր խոսքով կանխորոշեցիք` խոսելով խենթ գաղափարների մասին: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում` հենց մեծ բանավեճն է խենթության և իրատեսության միջև: Մեր քաղաքական խնդիրն է՝ Հայաստանի Հանրապետությունը դարձնել մի այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին, ովքեր գիտեն, որ այդ գաղափարները կարելի է իրագործել Հայաստանի Հանրապետությունում:

Այս ամենն ընդամենը հայտարարություն չէ, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում և այն ինչ շարունակում է տեղի ունենալ, ըստ էության այս գաղափարի իրագործումն է: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա՝ կապ չունի, թե ինչ մակարդակի ջանք է դա, որովհետև այն, ինչ մենք ունենք իրականում, նախ ունենում ենք որպես գաղափար: «Տաթևեր»-ը, որը Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է, մի խումբ մարդկանց գաղափար է: Եվ մեր մեծագույն խնդիրը Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս շատ մարդու ստեղծագործելու, մտածելու, երազելու և այն իրագործելու համարձակությամբ օժտելն է:

Այս մարզային ֆորումները հենց այդ նպատակին են ծառայում, որպեսզի այդ ուղերձը հղենք բոլոր մարզերի բնակիչներին, որովհետև տնտեսական զարգացումը հենվում է առաջին հերթին անհատների վրա: Իհարկե, շատ կարևոր է խոշոր ներդրողների մուտքը Հայաստանի Հանրապետություն, բայց իմ համոզմամբ նրանք առաջին հերթին գնում են տաղանդավոր մարդկանց հետևից: Մեր խնդիրն է ցույց տալ, որ Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, ովքեր կարողանում են միջավայր ստեղծել ուրիշների երազանքների իրականացման համար: Ողջունում եմ այսօրվա համաժողովը և հաջողություն եմ մաղթում բոլորիս մեր այս կարևոր առաքելությունն ի կատար ածելու գործում: Հայաստանի Հանրապետությունում ապրում են տաղանդավոր մարդիկ, մեր խնդիրն է այնպես անել, որ նրանք հավատան և հաղթեն»:

Ներդրումային համաժողովի նպատակն է՝ Սյունիքի մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում ու արտերկրում ձեռնարկատիրություն իրականացնող և բիզնես շահեր հետապնդող գործարարների: Այն ուղղված է ներդրումային միջավայրի ակտիվացմանը, բիզնես ոլորտում նորանոր, փոխշահավետ գործակցային կապերի հաստատմանը:

Համաժողովի շրջանակում ներկայացվում են Սյունիքի մարզի ներդրումային գրավչությունը և ներուժը, արդեն հաջողություն գրանցած ու ընթացքի մեջ գտնվող բիզնեսի օրինակներ, գրավիչ ներդրումային ծրագրեր, որոնց թիվը հասնում է 20-ի։

Բացվել է նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Վարչապետ Փաշինյանը շրջելու է ցուցահանդեսով` ծանոթանալու մարզի տեղական արտադրությանը:

Ավելին
Back to top button