Նորություններ

Ինչպես են գնահատվելու 9-րդ դասարանի հայոց լեզվի ավարտական քննության առաջադրանքները. ԳԹԿ

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով հաստատվել է, թե ինչ կերպ են գնահատվելու 9-րդ դասարանի հայոց լեզվի ավարտական քննության
ձևաթղթերի կարճ և ընդարձակ պատասխաններով առաջադրանքներ:

Արդեն իսկ հրապարակված այդ ցուցումները ներկայացնում ենք ստորեւ՝ ամբողջությամբ:

Կարճ պատասխանով առաջադրանքների (21-35) ճիշտ պատասխանները գնահատվում են 1-ական միավորով:
Ճիշտ է համարվում այն պատասխանը, որը համապատասխանում է տվյալ հարցադրմանը՝ անկախ գրանցման ձևից: Այսպես, առաջադրանքի ճիշտ պատասխանին միավոր է տրվումստորև շարադրված բոլոր դեպքերում.
• բառը գրված է ուղիղձևով կամ այն ձևով, ինչպեստեքստում է, եթե հարցադրումը չի վերաբերում հենց բառաձևին,
• գրված է մեծատառով կամ փոքրատառով, եթե չի ստուգվում հենց այդ գիտելիքը,
• գրված է ուղղագրական կամ կետադրական սխալով, եթե տրված հարցը դրանց չի վերաբերում,
• բաղադրյալ ստորոգյալը (կամ բաղադրյալ ժամանակաձևը) գրված է հանգույցով (օժանդակ բայով) կամ առանց դրա,
• բաղադրյալ հատուկ անունը, կապ-կապի խնդիր կապակցությունը գրված են ամբողջությամբ կամ կիսատ:

Շարադրանքի գնահատման չափանիշները

Շարադրանքը պետք է պարունակի շուրջ 50-70 բառ:
Շարադրանքի համար տրվելիք առավելագույն միավորը 5 է:Շարադրանքը գնահատվում է առավելագույնը 5 միավորով տրված հարցի պատասխանի (կարծիքի հայտնման, կերպարի բնութագրման, իրավիճակի վերլուծության և այլն) լիարժեք և գրագետ շարադրման դեպքում:

Շարադրանքը գնահատվում է երկու բաղադրիչներով՝ 1.բովանդակություն (ընթերցածի վերաբերյալ արտահայտվելու կարողություն և մտքերը որպես կապակցված խոսք ձևակերպելու հմտություն), 2. շարադրանքի որակ (լեզվական գրագիտության նորմերի պահպանում):
1-ին բաղադրիչի համար տրվում է 3 միավոր, 2-րդի համար՝ 2 միավոր:Յուրաքանչյուր բաղադրիչի համար տրվելիք առավելագույն միավորից միավորներ են հանվում՝ ըստ ստորև ներկայացված սկզբունքների:

Առանց 2-րդ բաղադրիչը հաշվի առնելու՝ շարադրանքը գնահատվում է 0՝
• տրված տեքստի բովանդակության հետ առնչություն չունենալու դեպքում,
• տրված տեքստի կամ նրա մի հատվածի սոսկական վերապատմման դեպքում,
• նախատեսված նվազագույն ծավալից զգալիորեն քիչ (բառերի քանակը՝ 30-ից պակաս) գրած լինելու դեպքում :

Նախատեսված նվազագույն ծավալից պակաս, սակայն գնահատման շեմի սահմաններում գտնվող աշխատանքը (30-45 բառ) գնահատվում է տրվելիք բազային միավորի մի մասով՝ առավելագույնը 3 միավորով: Սահմանված ծավալից պետք է բացառել տեքստի նախադասությունների նույնությամբ մեջբերումները:

Բովանդակություն (առավելագույնմիավորը՝3)

Շարադրանքի բովանդակության (կարծիքի հայտնման, կերպարի բնութագրման, իրավիճակի վերլուծության և այլն) առումով աշակերտը ազատ է: Այս բաղադրիչի գնահատումը չի ենթադրում աշակերտի շարադրած բովանդակության և ստուգողի աշխարհայացքի համընկնում: Սակայն արտահայտված մտքերը չեն կարող հակասել տրված տեքստի բովանդակությանը կամ չբխել նրանից:
Առավելագույն միավոր ստանալու համար աշակերտը պետք է ոչ միայն կարծիք հայտնի, այլև հիմնավորի այն: Հիմնավորումները նույնպես չեն կարող հակասել տրված տեքստի բովանդակությանը կամ չբխել նրանից:
Առանց հիմնավորումների, միայն կարծիքների հայտնումից բաղկացած շարադրանքի այս բաղադրիչը կարող է գնահատվել առավելագույնը 1 միավորով:

Տրվելիք միավորից միավորներ են հանվում հետևյալ դեպքերում՝
• միևնույն մտքի մեկից ավելի կրկնությունների համար 1 միավոր,
• հայտնած կարծիքի և դրա հիմնավորման անհամապատասխանության յուրաքանչյուր դեպքի համար 1-ական միավոր,
• հայտնած կարծիքի կամ դրա հիմնավորման՝ տեքստի հետ հակասության կամ տեքստից չբխելու յուրաքանչյուր դեպքի համար 1-ական միավոր,
• իրար հաջորդող նախադասությունների միջև տրամաբանական կապի յուրաքանչյուր խախտման համար` 1-ական միավոր:

Շարադրանքի որակ (առավելագույն միավորը՝ 2)

Այս բաղադրիչն իր հերթին բաղկացած է 4 բաղադրիչներից՝ 1.ուղղագրություն, 2.կետադրություն, 3.բառագործածություն, 4.քերականություն:
Սրանցից յուրաքանչյուրից թույլ տրված սխալների համար միավորներ են հանվում՝ ըստ ստորև տրված կարգի:

  1. Ուղղագրություն.
  • 1-2 սխալ – 1 միավոր
    • 3 և ավելի սխալ–2 միավոր
  1. Կետադրություն.
  • 1-3 սխալ –1 միավոր
    • 4 և ավելի սխալ –2 միավոր
  1. Բառագործածություն (բառագործածության սխալ պետք է համարել նաև կապերի և շաղկապների ոչ ճիշտ գործածությունը).
  • 1-3 սխալ –1 միավոր
    • 4 և ավելի սխալ –2 միավոր
  1. Քերականություն (խնդրառություն,համաձայնություն, շարադասություն).
  • 1-3 սխալ –1 միավոր
    • 4 և ավելի սխալ –2 միավոր

Ցուցումներ շարադրանքի գնահատման վերաբերյալ.

  • 2-րդ բաղադրիչից հանվող միավորների թիվը որոշ դեպքերում կարող է գերազանցել 2-ը, այսինքն՝ այս բաղադրիչի համար տրվելիք առավելագույն միավորը: Այդ դեպքում 2-րդ բաղադրիչը գնահատվում է 0, սակայն 1-ին բաղադրիչին տրվելիք միավորը մնում է անխախտ. 2-րդ բաղադրիչի սխալների համար 1-ին բաղադրիչին տրվելիք միավորներից միավոր չի հանվում:
    • 1-ին բաղադրիչը համարվում է գերակա: Այս բաղադրիչին տրվող միավորները գումարվում են թեստի այլ առաջադրանքներից հավաքած միավորներին անգամ այն դեպքում, եթե 2-րդ բաղադրիչից աշակերտը որևէ միավոր չի հավաքում:
    • Բացառիկ ինքնատիպ մտքի կամ պատկերավոր ձևակերպումների համար տրվելիք միավորներին կարող է ավելացվել ևս 1 միավոր, եթե տրվելիք միավորների թիվը չի գերազանցում 5-ը:
    • Շարադրանքում 3 ջնջում կամ ուղղում ունենալու դեպքում հանվում է 1 միավոր, 3-ից ավելի յուրաքանչյուր ուղղման կամ ջնջման համար հանվում է մեկական միավոր:

Պատասխանների ձևաթղթում
ստուգողի կողմից գրանցումներ կատարելու կարգը

Պատասխանների ձևաթղթի «Լրացնում էստուգողը» բաժնում կարճ պատասխանով առաջադրանքների (21-35) յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համարի դիմացի վանդակում սև գելային գրիչովդրվում է X նշանը: Սխալ պատասխանի դեպքում վանդակը թողնվում է դատարկ:
Շարադրանքը գնահատվում է 2 բաղադրիչով՝ համաձայն ուղեցույցի: Համապատասխան վանդակներում սև գելային գրիչով դրվում են միավորները՝
• բովանդակության համար՝ 1; 2 կամ 3,
• շարադրանքի որակի համար՝ 1 կամ 2,
այնուհետև տրված միավորները գումարվում են և «Ամբողջ միավորը» կոչվող վանդակում դրվում է գումարային միավորը՝ 1; 2; 3; 4 կամ 5: Եթե շարադրանքից աշակերտը ոչ մի միավոր չի վաստակել (գնահատականը 0 է), ապա տվյալ վանդակները թողնվում են դատարկ:
Աշակերտի ձևաթղթում՝ շարադրանքի վրա, ուղղագրական, կետադրական կամ այլ կարգի սխալների տակ ստուգողը պետք է կարմիր գրիչով անի նշումներ:

armtimes.com

Ավելին
Back to top button