ՆորություններՔո ձայնը

Սաբոտաժ այնպիսի մի տեղում, որտեղ չէի սպասում

Երեկ Գյումրիում, մարզպետարանում տեղի ունեցավ, Աղետի գոտու երեք մարզերում ժամանակավոր կացարաններում ապրող մարդկանց վերաբնակեցման եւ կացարանների ու կցակառույցների ապամոնտաժման աշխատանքների ծավալների ուսումնասիրման եւ ծախսերի նախահաշվարկման աշխատանքային պետական խմբի հերթական նիստը: Խմբում պետական պաշտոնյաներ են, համայնքների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ եւ այլն, մոտ 20 հոգի, ղեկավարում է քաղաքաշինական կոմիտիե նախագահ Վահագն Վերմիշյանը:

Նիստի ընթացում քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները մանրամասն տեղեկություններ ներկայացրին ժամանակավոր կացարանների վերջին հաշվառումների մասին՝ ըստ մարզերի եւ ըստ բնակավայրերի, ընտանիքների կարիքների դասակարգման եւ վերաբնակեցման մասին: Խոսքը Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերում հաշվառված մոտավորապես 7500 կացարաններում ապրող ընտանիքների մասին է:

Հաղորդվեց նաեւ, որ այդ տնակներում ապրող մարդկանց մասին, ինչպես եւ կարգն էր, տեղեկությյուններ պիտի տրամադրեն կադաստրը եւ ոստիկանությունը, որոնք, սակայն թերանում են այդ անել: Կադաստրը, օրինակ, պետք է ստուգեր եւ տեղեկացներ, թե այդ բոլոր կացարաններում ապրող մարդկանցից ովքեր ունեն անշարժ գույք, որ հաշվառված է իրենց անուններով, ովքեր՝ չունեն, ոստիկանությունն էլ հաշվառումների մասին պիտի տեղեկություններ ճշտեր եւ հաղորդեր աշխատանքային խմբին:

Պարզվեց Կադաստրը անցած հինգ ամսում (աշխատանքային խումբը ստեղծվել է դեկտեմբերի) այդ գործն արել է մոտավորապես 13 տոկոսով, իսկ ոստիկանությունը՝ դրանից էլ պակաս: Թե բա գերզբաղված ենք, կներեք:

Հավանաբար, իսկապես գերզբաղված են, եթե չհաշվենք որ ոստիկանությունը անհրաժեշտի փոխարեն մի շարք այլ եւ խառը տեղեկություններ է տրամադրել…:

Հիմա ամենաբարդը: Այս աշխատանքային խմբի պարտավորությունն է մինչեւ 2019 թ. հունիսի 30-ը ունենալ ժամանակավոր կացարանների եւ ոչ հիմնական կցակառույցների ամբողջական ցանկը, քարտեզագրումը, դրանցում ապրող մարդկանց մասին տեղեկությունները, ապա դասակարգել այդ մարդկանց եւ ժամանակավոր կացարանները, առաջարկել լուծումներ եւ նախահաշվել այդ լուծումների գինը եւ ժամկետները, տանել, դնել վարչապետի սեղանին, ասել.- սա է, կարժենա այսքան գումար, կտեւի այսքան, այդինչ ծրագիրն իրականացնելուց հետո երաշխավորում ենք, որ այս երեք մարզերում ժամանակավոր կացարաններ չեն լինելու, իսկ մարդիկ մարդկային պայմաններում վերաբնակեցված կլինեն (բնակարանների գնման վկայականով, կամ պետության կողմից գնված հատկացված բնակարան, կամ կառուցված, հատկացված բնակարան, կամ սոցիալական՝ բնակարան առանց սեփականության իրավունքի, կամ մարդուն կտան իր տնակի տարածքը կառուցապատելու, եթե կամենում է կառուցապատել, թե գլխավոր հատակագծի հետ անլուծելի կոնֆլիկտ չկա եւ այլն):

Այսինքն մնում է 34 օր: Ու ավելի քան լուրջ է, որ կադաստրն ու ոստիկանությունը չեն հասցնելու կատարել իրենց պարտականություններն այնպես, որ աշխատանքային խումբը կարողանա հասցնել առաջարկությունների փաթեթը պատշաճ կերպով կազմել եւ հանձնել կառավարությանը:

Ես էլ եմ այդ աշխատանքային խմբում: Ես չեմ եկել ասելու, որ ես մեղք չունեմ, ես իմն արել եմ, ձեռներս լվանում եմ: Չէ, ես եկել եմ ասելու, որ կատաղած եմ էս սաբոտաժով կամ տգիտությամբ: Կատաղած սխալ ասացի, բառը չեմ գտնում: Բացատրեմ: ՈՒրեմն, երբ 27 տարի շարունակ, ինչ լուսաբանել եմ երկրաշարժից անօթեւանության հարցերը սկսած 1992 թվականից, բոլոր իշխանություններին դիմել եմ այս հարցով, թե վերացրեք անօթեւանության գետտոները, մարդուց թանկ բան չկա: Բոլորն էլ ինչ-որ շինարարություն արել են, բայց հատկապես 2004-ից հետո, երբ ավարտվեց Լինսի հիմնադրամի միջոցներով շինարարությունը, իշխանությունները շատ չոր ասում էին, թե միայն երկրաշարժից բնակարան կորցրածների առաջ պարտավորություն ունեն, մնացածը իրենց պետք չեն: Թքած ունեին այն հանգամանքի վրա, որ ընտանիքներն աճել են, ու իրենց տված՝ կորցրածի հաշվով բնակարանները չեն հերիքել աճած ընտանիքներին ու ընտանիքները կիսվել մնացել են տնակներում, թքած ունեին, որ բազմաթիվ ընտանիքներ կարիքից դրդված վաճառել էին իրենց բնակարանները եւ տնակի մեջ խցկվել, նույնիսկ այնպիսիք, որոնք բնակարան չէին կորցրել երկրաշարժից: Ահա առաջին անգամ պետական մակարդակով պատրաստակամություն է հայտնվել վերացնել աղետի գոտու ԲՈԼՈՐ ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքների անօթեւանությունը եւ շատ հավանական եմ համարում, որ այդպես էլ կլինի, ու էս նեղ արանքը կադաստրն ու ոստիկանությունը որոշեցին … ստուգել իմ եւ բոլորի հումորի զգացումը: Սկսե՞մ, թե՞ մնա էգուցվան:

Ինչն է՞ր խանգարում ոստիկանությանն ու կադաստրին հայտնել կառավարույթյանը, որ բավարար կարողություններ չունեն այդ անելու, եթե իհարկե դիտավորություն չէ արածները, ի՞նչ էր խանգարում օգնության հրապարակային կոչ անել, մեծ թվով կամավորներ կգտնվեին, որոնք կգնային, կօգնեին թղթերի հետ աշխատել, գրավոր կստանձնեին անձնական տվյալները չտարածելու եւ չփոխանցելու պարտավորությունը, ինչն էր խանգարում արտակարգ ռեժիմով աշխատել, հասկանալ, որ մարդիկ անմարդկային պայմաններում են ապրում, շատերն արդեն 30 տարի: Երեւի լյուստրացիայի պակասն էր խանգարում:

Ես վստահ եմ, որ մենք մի օր չենք ունենա պահածոի տուփերում ապրող ՀՀ քաղաքացիներ, բայց հիշելու ենք այդ մարդկանց այդ օրը գցողներին՝ մեծից փոքր …

Լրացում.
Կադաստրի պետ Սարհատ Պետրոսյանը գրեց, որ սխալ եմ տեղեկացված, վաղը կպատասխանի: Եթե սխալմունք է, պատասխանատու կլինեմ. կամ սխալ տեղեկացնողը պիտի բացատրի, կամ լավ չեմ լսել 20 հոգու հետ մեկտեղ: «Սաբոտաժ» բառն իմն է, թունդ եմ գրել, էս ֆոնին էդ բառն եմ պատշաճ համարել:

Լեւոն Բարսեղյան

Ավելին
Back to top button
Close