Նորություններ

Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Great Wall Hover մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորակում. վարորդի դին հայտնաբերվել է դրսում

Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Great Wall Hover մակնիշի 35 ZT 335 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 208-րդ կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, տեղում մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտին հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Մահացածին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները և սահմանազատել են տարածքը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչ Արթուր Գյոզալյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Մինչ ոստիկաններն ու քննիչները վթարի վայրում տեղազննություն էին կատարում, նշված վայրով անցավ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, ով երևի վթարը տեսնելուց հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին կհորդորի, որպեսզի նշված հատվածում վերջապես տեղադրեն երկաթբետոնե արգելապատնեշներ, ինչի բացակայությունը կա նշված ճանապարհահատվածում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Ավելին
Back to top button