ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Նախորդ իշխանությունից վտանգ զգաց այս իշխանությունը և հանեց ամենակարևոր զենքերից մեկը՝ ապրիլյան պատերազմում հնարավոր դավաճանությունը». քաղաքագետ

«Ես կարծում եմ, որ շատ ամոթ է, որ Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարը, ով եղել է Սահմանադրական դատարանի ղեկավար և մշտապես դակել է ապօրինի որոշումներ, հրաժարական է տալիս մեկ տարի հետո միայն»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Անդրադառնալով դատարանների մուտքերը փակելու վերաբերյալ վարչապետի հայտարարությանը և դրան հաջորդած արձագանքներին՝ քաղաքագետը նշեց, որ հակասահմանադրական չէր վարչապետի կոչը:

Ինչ վերաբերում է դատական համակարգում վիրահատական միջամտություն կատարելու վարչապետի հայտարարությանը, քաղաքագետը նշեց.

«Վիրահատական միջամտության անհրաժեշտություն եղել է ամենասկզբից, անգամ մինչև հեղափոխությունը շանս տվեց դա անելու, բայց, ցավոք սրտի, որևէ վիրահատական միջամտություններ չեղան»,- նշեց նա՝ հավելելով՝ իշխանության պլանները հիմա էլ վիրահատության նման չեն, նման են հերձման գործընթացի:

Քաղաքագետն առաջարկում է հրավիրել հանրաքվե, որով բոլոր դատարանների դատավորներն իրենց լիազորությունները համարում են կասեցված.

«Հարց է տրվում ժողովրդին՝ համաձա՞յն եք, որպեսզի դատավորների լիազորությունները դադարեցվեն, և նրանք դառնան ժամանակավոր պաշտոնակատարներ, մինչև վերանշանակումներ կամ իրենց տեղում նշանակումներ, ժողովուրդը վստահաբար քվեարկելու է՝ այո, համաձայն ենք, որովհետև չկա որևէ վստահություն դատական համակարգի նկատմամբ, ընդհանրապես դրանից հետո վեթինգ է արվում, որը նախանշանակումային պրոցես է»:

ԳԱԼԱ-ի հարցին, թե առկա իրավիճակում վեթինգն արդյունավետ տարբերակ չի՞ համարում, քաղաքագետը արձագանքեց.

«Ես համարում եմ անմիտ տարբերակ, չկա վեթինգ նշանակումից հետո, դա կիսագրագետ մոտեցում է»:

Հայկ Մարտիրոսյանը, անդրադառնալով ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու վարչապետի հայտարարությանը, նշեց.

«Հիմա է հայտարարում, որովհետև դա քաղաքական սպառնալիք է նախորդ իշխանությանը, որից վտանգ զգաց իշխանությունը և հանեց ամենակարևոր զենքերից մեկը՝ ապրիլյան պատերազմում հնարավոր դավաճանությունը, և հստակ սպառնաց: Ես կարծում եմ, որ այդ հանձնաժողովը պարտավոր էր ստեղծել վաղուց, իշխանության գալու հաջորդ օրն անգամ»:

 

 

Ավելին
Back to top button
Close