Պարտադիր է կատարել ռեֆորմ, որ նոր եկածները չդառնան կրող նախկին համակարգի արժեքների. իրավապաշտպան

Դատական համակարգի բարեփոխումների, հրաժարականների ու վեթթինգի մասին ԳԱԼԱ-ն զրուցել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ:
– Վարչապետը հայտարարեց, որ դատական համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտություն կա, արդյոք այս փուլում այդ միջամտությունն իսկապես հրատապ էր:
– Քաղաքացիական հասարակությունը մշտապես բարձրաձայնել է դատական համակարգի խնդիրների մասին, և չկա մի հաշվետվություն, չկա մի մշտադիտարկում, որն իրավական համակարգը վերլուծության ենթարկելիս չշեշտադրի և չբարձրաձայնի դատական համակարգի խնդիրների մասին և կարևորություն չզգա անհրաժեշտ փոփոխությունների:
Հեղափոխությունից հետո բարձրաձայնել ենք, որ անհրաժեշտ է դատաիրավական ռեֆորմ կատարել Հայաստանում, որպեսզի ժողովրդավարությունն իսկապես կայանա և հեղափոխության արժեքներն ինստիտուցիոնալացվեն: Կարծում եմ՝ մի փոքր էլ ուշացանք, որովհետև կար մտայնություն, որ բավարար է գործադիր և օրենսդիր մարմինները վերափոխել, և մնացած այլ մարմինները հնարավոր է որ ինքնուրույնաբար փորձեն վերարժևորել իրավիճակը և փոփոխության ենթարկվեն: Որևէ երկրում նմանատիպ փորձ չկա, որ դատական համակարգը, որը ամենադժվարին համակարգն է և կոչված է մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնելու երկրի ներսում, ինքնուրույնաբար փոխվի և քայլ կատարի վերակազմակերպման, այսինքն անհրաժեշտ էր հենց ազդակը հնչի Ազգային ժողովի և կառավարության կողմից: Ուշանալուց հետո առիթը հանդիսացավ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, որի հետևանքով մենք տեսանք դարձյալ ապօրինություններ, երբ կասեցվեց գործը, ուղարկվեց ՍԴ, կամ հաշվի չառնվեց տուժող կողմի իրավահաջորդների կարծիքը, և այդ ամենը մի ամբողջ փունջ էր դատական համակարգի խեղաթյուրումների, որին մենք ականատես եղանք հենց այդ դատավարության հատվածում:
– Հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Այս օրերին հետևելով հասարակական արձագանքին՝ կարծես թե հանրային պահանջ կա նաև Հրայր Թովմասյանի հրաժարականի: Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացները, և արդյոք այս հրաժարականներով մենք էական փոփոխություններ կարձանագրենք դատական համակարգում:
– Շատ հաճախ անձերն են կազմակերպում իրենց շուրջ ապօրինություններ: Նույնը՝ երբ Սերժ Սարգսյանը գնաց, անձն էր կազմակերպում իր շուրջ որոշակի քրեական էլեմենտների կոնսոլիդացիա, բայց դատական համակարգի հետ կապված պարտադիր է կատարել ռեֆորմ, որպեսզի նոր եկած անձինք չդառնան կրող նախկին համակարգի արժեքների: Նաև պետք է վերահսկելիությունը հստակ լինի, որովհետև ինքն անկախ համակարգ է, երկրորդ՝ այն անձինք, ովքեր քրեական կապերով կապված են եղել նախկին համակարգերի հետ, կատարել են նրանց պատվերները և մարդկանց կարողացել են գցել այդ հանցավոր շղթայի մեջ, նրանք պետք է ուղղակի զրկվեն հնարավորությունից՝ շարունակելու իրենց գործունեությունը: Եթե մենք այդ երեք էլեմենտը չենք ապահովում, ուղղակի անձերի գալ կամ չգալուց որևէ բան չի փոխվի: Տարոն Մարգարյանն էլ հրաժարական տվեց գնաց, բայց այնքան հանցագործություններ, որ ինքն արել է, մինչ այժմ որևէ ընթացք չի տրվել, որպեսզի ինքը անհատական պատասխանատվության ենթարկվի, իսկ դա անպատժելիության մթնոլորտ է ստեղծում: Ցանկացած պաշտոնյա մտածում է, որ ինքն էլ նույն բանը կանի և հրաժարական կտա կգնա և պատասխանատվության չի ենթարկվի:
– Այսինքն կարծում եք՝ հրաժարականներից հետո դատավորները պետք է օրենքի առաջ կանգնե՞ն:
– Պարտադիր, նրանք գործ են ունեցել մարդկային կյանքերի հետ, նրանք կայացրել են ապօրինի որոշումներ, որոնք անմիջականորեն կապված են մարդու իրավունքների խախտումների հետ: Նախ ուղղակի խեղաթյուրել են դատական համակարգի ողջ նշանակությունն ու պատկերը: Այսինքն, եթե նրանք անհատական պատասխանատվություն չեն կրում իրենց արածների համար, ցանկացած մեկը կգա և կարող է ենթադրել, որ կարող է կաշառքներով և տարբեր մեխանիզմներով կապվածություն ունենալ քրեական աշխարհի հետ և հետագայում հրաժարական տալով՝ ազատվել պատասխանատվությունից:
– Եթե դատավորներ լինեն, որոնք հրաժարվեն վեթինգից, հրաժարական տան, քանի որ այդ մեխանիզմը համարում են ստորացուցիչ և այլն, հնարավո՞ր է համակարգը պարալիզացվի:
– Վեթինգի համակարգը պատժիչ մեխանիզմներ չի ենթադրում, առողջացման մեխանիզմներ է ենթադրում, և դրանից ելնելով՝ մարդկանց դուրս չեն մղում համակարգից, այլ փորձում են վերաինտեգրել, վերահասկանալ, թե որտեղից է գալիս խնդիրը, և ակնառու հանցագործությունների պարագայում է, որ մարդը դուրս է մնում համակարգից: Քաղաքակիրթ երկրներում վեթինգն իրականացվում է ամենօրյա ռեժիմով, ուղղակի միջամտություն չէ:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք դա կպարալիզացնի համակարգը, թե ոչ, ես կարծում եմ, որ ոչ, որովհետև մենք հեղափոխությունից հետո մի նեղ մասնագիտացված խմբով ծանոթացանք Վրաստանում տեղի ունեցած դատաիրավական ռեֆորմին, և այնտեղ ուղղակի մեկ գիշերում են կարողացել քննություններ ընդունել իրավաբաններից, ովքեր ցանկություն ունեն դառնալու դատավոր, և դրանք եղել են նորավարտ կամ ավարտական կուրսերում գտնվող ուսանողներ:
Իրավաբանական ֆակուլտետները Հայաստանում ավարտում են ավելի շատ, քան ցածկացած մասնագիտությամբ, այսինքն լավագույն մասնագետներ ցանկության դեպքում կարելի է մշտապես գտնել:
Հերմինե Ղարիբյան