Նորություններ

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պետք է սկսի Սերժ Սարգսյանից. իրավապաշտպան

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին ԳԱԼԱ-ն զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ:

– Տիկի՛ն Ալեքսանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամանակն է, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծվի: Ի՞նչ հարցեր պետք է ուսումնասիրի այս հանձնաժողովը, ի՞նչ բացեր կան:

Ես կարծում եմ, որ շատ հարցեր կան քննելու, եթե մենք հիշենք Ապրիլյան պատերազմի օրերը, թե ինչեր էին մենք լսում այնտեղից, ինչքան կասկածներ կային, և ինչ պարզվեց, ընդհանրապես բանակում ինչ կա, ինչ չկա, բաներ, որ մենք չգիտեինք, տեղյակ չէինք, և դրանք հանրային քննարկման առարկա չէին:

Այդ օրերին տեսանք և լսեցինք վառելիքի պակասի մասին, փամփուշտների, զենքի պակասի մասին, նաև, որ չեն օգնել զինվորներին, ի՞նչն էր դրա պատճառը, և ընդհանրապես օրհասական պատերազմը երբ սկսվեց, ինչո՞ւ պատրաստ չէր բանակն այդ պատերազմին:

Բազմաթիվ զինվորների դիակների վրայով կասեցվեց կամ չկասեցվեց այդ ամենը: Մի խոսքով՝ հարցերը բազմաթիվ են, որոնք կարիք ունեն պատասխան ստանալու:

Ես գնահատում եմ վարչապետի անդրադարձը թեմային և այդ հանձնաժողովի ստեղծումը:

– Ըստ Ձեզ՝ ովքե՞ր պետք է հրավիրվեն հանձնաժողով Ձեր նշած հարցերին պատասխանելու, բացատրություններ տալու համար:

Ես կարծում եմ, որ պետք է այդ ժամանակվա զինված ուժերի հրամանատարական կազմը կանչվի՝ առաջինը սկսելով Սերժ Սարգսյանից, ով այդ ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարն էր, և ապա զինվորական բարձրագույն հրամկազմից: Ի վերջո նրանք էին պատասխանատուները և նրանք պետք է պատասխան տան՝ ինչու էր այդ վիճակը, ինչու էր զոհերի թիվն այդքան մեծ, ինչու էին մեր զինվորներն անպաշտպան մնացել ադրբեջանական բանակի դեմ-հանդիման:

– Տիկին Ալեքսանյան, հեղափոխությունից մեկ տարի է անցել, ինչո՞ւ հենց հիմա անհրաժեշտություն առաջացավ այս խնդիրը բարձրաձայնելու, հանձնաժողով ստեղծելու:

Շատ բաներ է վարչապետը ուշացնում, որ պետք է ավելի շուտ աներ, օրինակ դատական համակարգի հետ կապված խնդիրներն առաջ բերեցին: Չէ՞ որ բոլորն ասում էին, որ պետք էր ավելի վաղուց անել, և իրոք կար դրա անհրաժեշտությունը:

– Արդյուք սա կարող ենք կապել այն հնարավոր դավադրությունների առկայության հետ, որոնց մասին խոսեց վարչապետ Փաշինյանն իր ելույթում և ոչ առաջին անգամ:

Շատ դժվար է պատասխանել այդ հարցին, չունեմ այդպիսի տեղեկատվություն, կապող տեղեկատվություն: Դժվար է ասել, թե ինչու որոշվեց հանձնաժողովը հիմա ստեղծել, դա կապված է արդյոք վարչապետի հայտարարած դավադրությունների հետ, չեմ կարող մեկնաբանել, քանի որ ենթատեքստին, թե ինչ նկատի ուներ վարչապետը դավադրություն ասելով, ծանոթ չեմ:

Ավելին
Back to top button