Նորություններ

«Դատավորներին տարիներ շարունակ ասում էին՝ մաքրվեք, հետո առանձին կանչում ասում էին՝ փողերը բերեք». Կարեն Անդրեասյան

Դատական համակարգի շուրջ ընթացող վերջին իրադարձությունների, վարչապետի հայտարարությունների, վեթինգի, անցումային արդարադատության մասին ԳԱԼԱ-ն զրուցել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ, ով դեռ 2013 թվականին ներկայացրել էր արտահերթ զեկույց դատական համակարգում տիրող իրավիճակի մասին:

-Պարոն Անդրեասյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դատական համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտություն կա, և դատավորների նկատմամբ պետք է վեթինգ կիրառվի։ Ինչպե՞ս եք սա գնահատում, ի՞նչ կերպ պետք է իրականացնել:

-Դա լավագույն լուծումն էր, որ կարող էր առաջարկվել մեր երկրի համար, դատական համակարգի համար, իսկ ձևը, բնականաբար, դեռ քննարկման ենթակա է, կարող է ստեղծվել առանձին մարմին, կարող է արվել եղած դատական համակարգի ներսում, կարող է արվել առանձին ինստիտուտների ներգրավումով, մեխանիզմները շատ են, կարևորը գործընթացը սկսվել է և թափով իրականացվի:

-Կարծիքներ կան, որ այս գործիքը նվաստացուցիչ է դատավորների համար: Եթե լինեն դատավորներ, ովքեր սրան չհամաձայնեն և հրաժարական տան, այս պարագայում ի՞նչ է սպասվում դատական համակարգում:

-Հոյակապ կլինի, կշնորհավորեմ և՛ հասարակությանը, և՛ դատական համակարգին, որովհետև որ դատավորը չուզի այդ վեթինգի ծրագիրը, նշանակում է՝ ինքը չի ուզում դատական համակարգի առողջացումը, ու այդ դատավորը պետք չէ համակարգում:

-Խոսվում է դատարանների մասին, բայց ընդհանուր առմամբ դատաիրավական համակարգում փոփոխությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

-Բոլոր մյուս համակարգերը կբուժվեն, երբ որ լուծվի դատարանների հարցը: Դատարանը հենց առողջացավ, առողջանալու են բոլոր իրավապահ համակարգերը: Քննչական մարմիններից մինչև պետական մարմիններ շտկվելու են, հենց լուծվեց դատարանների հարցը, որովհետև բոլորի խնդիրը գալիս հասնում է դատարան, և եթե դատարանները լավ գործեին, մնացած բոլոր պետական կառույցները կսկսեին լավ աշխատել, այդ թվում՝ գործադիրն ավելի լավ կաշխատի:

Հեղափոխությունից հետո փոխվեցին օրենսդիր և գործադիր մարմինները, և այսօր կա հանրային պահանջ՝ փոխելու նաև դատական համակարգը: Ըստ Ձեզ՝ այս համակարգն անցնող մեկ տարում ինչո՞ւ ինքնամաքրվելու փորձեր չարեց և շարունակեց գործել հին սկզբունքներով, մանավանդ որ պարբերաբար բարձրաձայնվում էր խնդիրների մասին:

-Որովհետև իրենց տարիներ շարունակ ասում էին՝ մաքրվեք, կամ՝ պետք է մաքրվեք, բայց հետո առանձին կանչում ասում էին՝ փողերը բերեք կամ մեր քաղաքական հարցերը լուծեք: Դատավորներին թվաց, թե հերթական անգամ իրենց ուղղակի ասում էին՝ մաքրվեք, ու լուրջ չէին ընդունել մեսիջը: Իսկ հիմա հասկանում են, որ շատ լուրջ է, և նոր իշխանությունը չի պատրաստվում իրենց հետ կատակ անել: Ժողովուրդն արդեն նույնիսկ մի օր չի պատրաստվում հանդուրժել իրենց նախկին գործելաոճը:

-Անցումային արդարադատությունն ի՞նչ կերպ պետք է կիրառվի մեր երկրում Ձեր դիտարկմամբ:

-Պետք է աստիճանաբար բոլոր ուղղություններով նայել՝ և՛ ապօրինի գույքերը վերադարձնելու տեսանկյունից, և՛ նախկին մեծ գործերով, որոնք փակված են, վերաբացել, և նաև այս դատական զտման պրոցեսով: Այսինքն անցումային արդարադատության բոլոր էլեմենտներն էլ մեր հասարակությանն օգտակար կլինեն, այստեղ հարց է այն, որ իշխանությունն, ընդդիմությունը, քաղհասարակությունը միասին տեսնեն՝ որը որից հետո անեն և ինչ չափերով և ինչ տեմպերով:

-2013 թվականին ներկայացրած Ձեր արտահերթ զեկույցում խոսել էիք դատական կաշառքների սակագների մասին, արդյոք հեղափոխությունից հետո դատավորները շարունակե՞լ են նույն գործելակերպով, նույն սակագներով, թե՞, այնուամենայնիվ, զգուշավորություն եղել է:

-Չեմ կարծում, որ նույն կերպ, ըստ իմ պատկերացումների, որոշակի չափով սանձվել էին կաշառակեր դատավորները, բայց միայն որոշակի չափով, իրենք դա փորձում էին անել ավելի ծպտված, քողարկված, շատ ավելի զգույշ, բայց, ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ կոռուպցիան վերացավ վերջին մեկ տարվա ընթացքում:

Ավելին
Back to top button