Նորություններ

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարագրել է 3 բնակարան, 2 տուն, 3 հողամաս, ավտոտնակ, շուրջ 65 միլիոն դրամ ու 60 հազար դոլար փոխառություն

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական համակարգում աշխատանք է սկսել դեռևս 1996 թվականից, երբ Սահմանադրական դատարանի աշխատակազմում աշխատում էր որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ: Շուրջ 22 տարի անց՝ 2018 թվականին նա վերադարձել է ՍԴ՝ արդեն նախագահի պաշտոնում. Իրավաբան.net-ն արդեն հրապարակել է, որ նա այս պաշտոնում է նշանակվել Սահմանադրության խախտմամբ:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա գույքի և եկամուտների հայտարարագիրը: 

Հրայր Թովմասյանը 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը եղել է Արդարադատության նախարար: Այս պաշտոնում 2011 թվականին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նշել է,

  • 2 բնակարան, որից մեկը ձեռք է բերվել  60 միլիոն 532 հազար դրամով, իսկ մյուսն օտարվել՝ 37 միլիոն դրամով:
  • 6.750 եվրո,
  • 70.000 դոլար:

Նրա եկամուտները կազմել են 7.491.866 դրամ: Սա ստացվել է 4 աղբյուրից՝ աշխատավարձերից, այլ եկամուտից ու ստացված փոխառությունից:

2012 թվականին Հրայր Թովմասյանի դրամական միջոցներն աճել են՝ կազմելով 16.780.000 դրամ, 70.000 դոլար, 6.750 եվրո:

Եկամուտները կազմել են 7.501.898 դրամ, որը ստացվել է 4 աղբյուրից՝ աշխատավարձերից և այլ եկամուտներից:

2013 թվականին նրա դրամական միջոները փոքր ինչ նվազել են և կազմել՝ 15.400.000 դրամ, 65 հազար դոլար, 5.000 եվրո:

Եկամուտները կազմել են 4.731.083 դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձերից և փոխառությունից ստացված տոկոսագումարից:

Հրայր Թովմասյանը 2014 թվականի մայիսի 26-ից մինչև 2017 թվականի մայիսի 18-ը եղել էԱզգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։

2014 թ-ին նա 60.175.000 դրամով վաճառել է բնակարանը: Նա հարկային նույն տարում տվել ու հետ է ստացել 50.000 դոլար արժողությամբ փոխառությունը: Նրա դրամական միջոցները կազմել են 100.000.000 դրամ, 58.000 դոլար: Եկամուտները կազմել են 66,013,000, որը ստացվել է բնակարանի վաճառքից, փոխառությունից ստացված տոկոսագումարից և 3 աշխատավարձերից:

2015 թվականին Հրայր Թովմասյանի դրամական միջոցները կազմել են  90.000.000 դրամ և 55.000 դոլար: Եկամուտները կազմել են 6.918.080 դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձից:

2016 թվականին  նրա դրամական միջոցները նվազել են և կազմել  85.000.000 դրամ, 50.000 դոլար, իսկ եկամուտները կազմել են 6.918.000 դրամ, որը կրկին ստացվել է 2 աշխատավարձից:

2017թ. ապրիլի 2-ին Հրայր Թովմասյանը ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:

Արդեն պատգամավոր դարձած Հրայր Թովմասյանի գույքը կտրուկ ավելացել է: Նա հայտարարագրել է.

  • 3 բնակարան,
  • 2 անհատական բնակելի տուն,
  • ավտոտնակ:

Նրա դրամական միջոցները կազմել են 80.000.000 դրամ և 47.000 դոլար: Եկամուտները կազմել է 4.235.000 դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձից:

2017 թվականի արդեն տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ նա ձեռք է բերել 3 հողամաս:Նրա դրամական միջոցները կազմել են 70.000.000 դրամ և 45.000 դոլար: Եկամուտները կազմել է  7.075.000 դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձից:

2018 թվականին նա ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը: Նա հարկային տարվա վերջում 60.000 դոլար փոխառություն է հայտարարագրել: Նրա դրամականմիջոցները կազմել են 25.000.000դրամ և 65.000 դոլար: Եկամուտները կազմել են 8.809.867 դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձերից և փոխառությունից ստացված տոկոսագումարից:

Հրայր Թովմասյանի կինը՝ Լամարա Խուդավերդյանը

  • 2011 թ-ին հայտարարագրել է 32.000 դոլար:
  • 2012 թվականին դա հանձնել է որպես փոխառություն և որպես տոկոսագումար ստացել 1500 դոլար եկամուտ:
  • 2013 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 33.500 դոլար, իսկ եկամուտները՝ 1500 դոլար:
  • 2014 թվականին նա 30 հազար դոլար է հանձնել փոխառության, որի տոկոսագումարից ստացել է 700 դոլար եկամուտ:
  • 2015-ին Լամարա Խուդավերդյանի դրամական միջոցները նվազել են և կազմել 25.000 դոլար:
  • 2016 թվականին նրա դրամական միջոցներն էլի են նվազել ու կազմել 20.000 դոլար:
  • 2017 թ-ին նա հայտարարագրել է 8.500.000 դրամ:
  • 2018 թ-ին դրամական միջոցները կազմել են 7.100.000 դրամ:

Հրայր Թովմասյանի դուստրը՝ Մերի Թովմասյանը 2012, 2013, 2014 թվականների հայտարարագրերում ոչինչ չի նշել:

2017 թ-ին նա հայտարարագրել է 815,671 դրամ, որը ստացվել է երկու աշխատավարձերից:

Նրա մյուս դուստրը՝ Գոհար Թովմասյանը 2014, 2017, 2018 թվականների հայտարարագրերն է ներկայացրել, որոնցում ևս ոչինչ նշված չէ:

Հրայր Թովմասյանի որդու՝ Վարդան Թովմասյանի 2017 և 2018 թվականների հայտարարագրերում ևս ոչինչ նշված չէ:

Ձեզ ենք ներկայացնում նաև նրա կենսագրությունը.

Հրայր Թովմասյանը ծնվել է 1970թ. հուլիսի 8-ին Արարատի մարզի Դարակերտ գյուղում:

  • 1977-1987թթ. սովորել է Դարակերտի միջնակարգ դպրոցում:
  • 1988-1990թթ. ծառայել է խորհրդային բանակում: Պահեստազորի մայոր է:
  • 1990-1995թթ. սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում: Իրավաբան:
  • 1996-1998 թթ. սովորել է ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում:
  • 1996-1998թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ:
  • 1998-1999թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ:
  • 1999-2001թթ. աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ:
  • 2001թ. ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է բնապահպանության փոխնախարար։
  • 1998 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում:
  • 2006 թվականից դասախոսություններ է կարդում Եվրոպայի խորհրդի Երևանի քաղաքական դասընթացների դպրոցում, նաև նույն դպրոցի շրջանավարտ է։
  • 2001-2010թթ. եղել է Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության (GTZ) «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան:
  • 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին եղել է նույն ընկերության «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի իրավախորհրդատու:
  • 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը եղել է Արդարադատության նախարար:
  • 2013-2015 թթ. եղել է Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ:
  • 2014 թվականի մայիսի 26-ից մինչև 2017 թվականի մայիսի 18-ը եղել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։
  • 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:
  • 2017 թվականի մայիսի 20-ից մինչև 2018 թվականի փետրվարի 16-ը եղել է Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
  • Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» (2013 թ.) եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2016 թ.) մեդալներով:
  • 2000 թվականին Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հիմնահարցերը» թեմայով` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
  • 2017 թվականին Պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Կառավարման կիսանախագահական ձևը Հայաստանի Հանրապետությունում (սահմանադրական մոդել և իրականություն)» թեմայով` ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
  • 40-ից ավելի գիտական հոդվածների և ձեռնարկների հեղինակ է:
  • Ամուսնացած է, ունի երկու աղջիկ և մեկ տղա զավակներ։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net
Ավելին
Back to top button