Նորություններ

«Փորձում են օգտագործել մեր ազգասիրությունն ու խաբել». Սերժ Սարգսյանի խորհրդականը «գցել» է կանադահայ գործարարին. armtimes.com

«Հայկական ժամանակ» օրաթերթին է դիմել կանադահայ ձեռնարկատեր ու ոսկերչական բիզնեսի ներկայացուցիչ Պիեռ Աքելյանը:

Աքելյանը մոտ 20 տարի առաջ զբաղեցնում էր Կանադայի ոսկերիչների միության նախագահի պաշտոնը. «Կանադայի ոսկերիչների միության 90 տարվա պատմության մեջ առաջին հայազգի նախագահն եմ եղել»: 1997 թվականին գործարարը հայ ոսկերիչներին համախմբել է Հայաստանում: Նա հանդիպել է գործարար Գագիկ Աբրահամյանի հետ, որից հետո Հայաստանում ստեղծել են հայ ոսկերիչների միությունը:

Աքելյանի խոսքով՝ դրանից հետո Գագիկ Աբրահամյանը նրան ծանոթացրել է Գագիկ Գեւորգյան անունով մի մարդու հետ, ում հետ էլ Աքելյանը սկսել է աշխատել: «Ժամանակի ընթացքում Գեւորգյանի հետ գործ դրեցինք Մոսկվայում: Միառժամանակ նա ուզում էր մեզնից ապրանք գնել, մենք մասնագիտացված էինք մարգարիտի արտադրության մեջ: Հյուսիսային Ամերիկայի 5 ամենախոշոր վաճառողներն էինք եւ համաշխարհային համբավ ունեինք: Մեր ընտանիքը երկար տարիներ է՝ մարգարիտի բիզնեսով է զբաղվում, արդեն 40 տարի է՝ սրա մեջ ենք»:

Աքելյանը նշեց, որ Գագիկ Գեւորգյանը իրեն հրավիրել է Մոսկվա եւ համոզել է, որպեսզի միասին այնտեղ գործ դնեն՝ 50/50 տոկոս հարաբերակցությամբ: «Գեւորգյանի գործերը բավականին լավ էին, մոտ 1000 աշխատող ուներ Մոսկվայում, լավ կապեր ուներ ռուսական շուկայի մեջ եւ իսկապես հպարտանալու բան էր, որ հայը նմանատիպ հաջողությունների է հասել»:

Աքելյանը պատմեց, որ Գեւորգյանի հետ ընկերություն են բացել եւ սկսել են մարգարիտները վաճառել Ռուսաստանում՝ օգտագործելով իրենց ծանութությունը եւ շուկան: Բայց հետո Գեւորգյանի գործերը սկսել են վատանալ:

«Մենք համաձայնվել էինք յուրաքանչյուրս 1 մլն դոլար ներդնել այս գործում, բայց նա դրամական նեղության պատճառով սկսեց որոշակի պատճառներ փնտրել, կամաց-կամաց հետ քաշվել: Մինչեւ արդեն այնպես եղավ, որ մենք 750 հազար դոլարի չափով ավելի շատ էինք դրել, քան ինքը: Հետո նա ասաց, որ այլեւս չի կարող եւ ցանկացավ փակել սկսած գործը: Ասացի՝ լավ եւ մտածեցի, որ բարեկամական ձեւով պիտի լուծենք այս հարցը: Դժբախտաբար, Գեւորգյանը սկսեց խարդախություններ անել: Ընկերության հաշիվներից մեկում 85 հազար դոլար կար, որը ապօրինի անհետացավ մեր հաշվից, առանց իմ իմացության»,- պատմում է կանադահայ գործարարը:

Այդ ժամանակ Աքելյանը Գեւորգյանին ասել է, որ այդ գումարը վերադարձնի իրեն, քանի որ իրեն է պատկանում: Գեւորգյանն էլ խոստացել է վերադարձնել գումարը: «Վերջում նա յուրացրեց դա, խարդախությամբ ընկերության նոր տնօրեն նշանակեց եւ ինչ մնացել էր, դա էլ յուրացրին: Այստեղից թշնամություն սկսվեց: Մենք փորձեցինք ամեն ձեւով լուծել խնդիրը, գնացի դատարան, ինչից հետո Գեւորգյանը ջղայնացավ: Ի դեպ, նա եղել է հայ ոսկերիչների միության նախագահը եւ հայ ոսկերիչների միության կապերն օգտագործելով՝ փորձեց իմ դեմ քայլեր անել, ինձ խայտառակ անել»:

Աքելյանի խոսքով՝ 2016 թվականին հայ ոսկերիչների միությունը Հայաստանում մեծ ժողով գումարեց եւ իրեն վտարեցին միությունից, այն միությունից, որը ինքն էր:

«Ամբողջ աշխարհով տեղեկություններ տարածեցին, որ ես հայրենիքի եւ հայ ոսկերիչների միության դեմ եմ խոսել: Դրանից հետո ես Գեւորգյանի եւ Սարգիս Նուրյանի դեմ դատական գործ բացեցի: Նուրյանը ոճրագործ է, Գեւորգյանի հետ միասին են փորձել իմ անունը ցեխի մեջ նետել: Դատի արդյունքն այն եղավ, որ անցյալ շաբաթ արդեն վերջնական որոշվեց, որ նրանք ինձ անարգել են եւ ապօրինի ձեւով իմ անունը փորձել են պախարակել: Ես դատը շահեցի: Ի դեպ, դատը ոչ միայն Գեւորգյանի եւ Նուրյանի դեմ էր, այլեւ հայ ոսկերիչների միության: Քանի որ դրա ազդեցությունն օգտագործվել է եւ իմ դեմ սուտ տեղեկություններ են տարածվել: Դատը շահելով՝ ես 1 մլն դոլար պետք է ստանամ: Հիմա նրանք կարող են այդ որոշման դեմ բողոքարկել, սակայն ոչինչ էլ չեն կարողանալու անել, քանի որ իրականությունը ցույց տվեց, որ նրանք ինձ զրպարտել եւ խաբել են: Այդ ժողովը, որ Հայաստանում եղել է, օրինական չէր, երբ տարեկան ժողով է որոշվում, օրը չի կարելի փոխել, բայց նրանք վերջին օրը փոխել են: Հայ ոսկերիչների միությունից ինձ վտարելը նրանք փորձեցին օգտագործել դատարանում, բայց անշուշտ Ամերիկայի դատավորը լավ է հասկանում, թե որն է խարդախությունը եւ վճիռն իրենց դեմ եղավ»:

Կանադահայ գործարարը նշում է, թե պարզապես ցանկանում է, որ մարդիկ ճշմարտությունն իմանան. «Պետք է նշվի, որ այս տեսակի խարդախություններ կան: Գալիս են այս տեսակի մարդիկ, ովքեր փորձում են օգտագործել մեր ազգասիրությունն ու խաբել: Օգտագործելով կազմակերպության ազդեցությունը՝ նա հարաբերություններ ստեղծեց նաեւ Սերժ Սարգսյանի հետ եւ այդպես կարողացավ իրենով անել «Մերիդյան» շենքը: Այս ազգանվեր գործը, որ ստեղծեցինք, նրանք օգտագործեցին իրենց անձնական շահերի համար: Սա է սրտի ցավ պատճառում բոլորիս»:

armtimes.com

Ավելին
Back to top button