Նորություններ

Մեղադրանք է առաջադրվել Լեւոն Երանոսյանի տղային ու փեսային

ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի։ Այս մասին Փաստինֆո-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։

Նրա խոսքով` մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ-ի 118-րդ հոդվածի` ծեծի հատկանիշներով։

Փաստինֆո-ի տեղեկություններով` մեղադրյալները Լևոն Երանոսյանի տղան ու փեսան են։

Ավելի վաղ հայտնել ենք, որ այս գործը հարուցվել է ապրիլի 30-ին, և Լեւոն Երանոսյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևան քաղաքում, որի ենթադրյալ մասնակիցները ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի տղան և փեսան են: Տուժողը ոստիկաններին հայտնել էր, որ վերջիններս իրեն ծեծել են գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի հրահանգով, ով այդ ամենին ականատես է եղել:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

Նշենք, որ գեներալ-մայոր Երանոսյանը ներկայումս մեկ այլ քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի. Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ըստ նախաքննական մարմնի` 2018 թ. ապրիլինհատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ նա կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Երեկ` մայիսի 21-ին, մեկնարկել էր այդ գործով դատավարությունը։

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button