ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Նոր իշխանությունները համակարգը փոխելու ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկել, նրանք համակարգի մեջ տեղավորվել են այլ կադրերով

«Այս գործով գոնե վերջին օրերին տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ դատարանն ակնհայտ սաբոտաժով է զբաղված, լուծում է ոչ թե արդարադատության հետ կապված խնդիր, այլ մասնավոր»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Մարտի 1-ի գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը, որով կասեցվել է գործի վարույթը և այն ուղարկվել է Սահմանադրական դատարան, նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

«Ինչպես մեր արդարադատության համակարգը արդարադատության համակարգ չէ, այնպես էլ մեր Սահմանադրական դատարանը դատարան չէ: Դա նույնն է, որ ուղարկեին այդ գործը որևէ համատիրություն և ասեին՝ վճիռ կայացրեք: Համատիրությունն էլ, նայած ում նշանակած մարդն է, այդ վճիռն էլ կկայացնի: Հիմա հույս ունենալ, որ Սահմանադրական դատարանը կգտնվի իր բարձրության վրա, ծիծաղելի է»:

Իրավապաշտպանն ընդգծում է, որ բազմիզս է նշվել՝ Հայաստանում արդարադատության համակարգը, դատարանները, դատավորները չեն համապատասխանում նոր իրականությանը, և հավելում՝ նոր իշխանություններն այս մեկ տարվա ընթացքում կամ մեկ տարի առաջ պետք է ձեռնամուխ եղած լինեին էական, վիրահատական փոփոխություններ մտցնելուն այս համակարգում, որը չեն արել, մենք այսօր քաղում ենք դրա պտուղները:

«Կոնկրետ այդ դատարանն այդ դատավորով հանդերձ առանձին մարդու հետ կապված խնդիր է լուծում և թե ինչու, ինչ պատճառով, ինչ նպատակով՝ արդեն երկրորդական է: Այն, որ վճիռն էլ սպասելի չէ, ակնհայտ է… առանց հաշվի առնելու ընդհանրապես մյուս կողմի կարծիքը՝ միակողմանի վճիռ է կայացվել: Կարծում եմ՝ կգտնվեն իրավական ճանապարհներ սրա դեմն առնելու, բայց պետք է իշխանությունները վերջնականապես հասկանան, որ այստեղ հապաղելու ժամանակ չունենք»:

Անդրադառնալով նաև վեթթինգի ինստիտուտը ներդնելուն՝ Հարությունյանը նշեց, որ դատավորը պետք է լինի մարդ, ով չի կարող լինել փակ, կոռուպցիոներ, չի գործի պատվերով, չի ենթարկվի ազդեցությունների, ճնշումների, քանի որ ուրիշների ճակատագիրը որոշելու իրավունքով է օժտված:

«Մեր դատավորներն օժտված չեն եղել այդ հատկանիշներով, տարիներ շարունակ հակառակն է եղել: Մեր դատարանները և դատավորները վճիռներ են կայացրել քաղաքական պատվերներով, արդարադատության դեմ… նրանք ընդամենը գրասենյակներ են եղել, որտեղ կայացվել են ապօրինի վճիռներ»:

Ըստ բանախոսի՝ նոր իշխանությունները համակարգը փոխելու ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկել, նրանք համակարգի մեջ տեղավորվել են այլ կադրերով:

Ավելին
Back to top button
Close