ՆորություններՔո ձայնը

«Հարկավոր է հականեխել բոլոր գործիքները, չմաքրվողներին հեռացնել վիրահատարանից իսկ մաքուրներին՝ թողնել». Լեւոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Դատավորների վեթինգը, կամ քննազտումը լավ կլինի, համարենք դատական համակարգի հականեխում: Քննազտում բառը ավելի լավ է արտահայտում գործի բուն էությունը: Այդ հականեխումը ես պատկերացնում եմ որպես անցումային արդարադատության բաղադրիչ, երեւի 8-10 բաղադրիչներից մեկը, եւ ոչ թե անցումային արդարադատությունը հենց միայն դա է:

Այդ քննազտման դեմ արտահայտվող իմ ծանոթներին, բարեկամներին եւ անծանոթներին ասեմ կարծիքս: Արդարադատության համակարգի հականեխումը չի կարող պատճենում լինել այլ երկրների համանման փորձից, ամեն երկիր ինքը պիտի մշակի եւ իրականացնի իր երկրի կարիքներին համապատասխան: Մեր դեպքում բոլոր դատավորները պետք է անցնեն այդ հականեխման համակարգով, ընտրովի չպետք է լինի եւ ռեժիմները խտրական չպիտի կիրառվեն: Դա պիտի սահմանվի օրենսդրությամբ, այսինքն լինի օրինական: Հականեխող հանձնախումբը պետք է լինի բացարձակ վստահելի, այսինքն՝ մաքուր, մասնագիտացած եւ անկողմնակալ: Սա էլ պետք է լինի օրենսդրությամբ սահմանված:

Բացարձակ դիտավոր չափազանցություն է, թե արդարադատության հականեխումը վրեժխնդրություն է լինելու, հալածանք անցանկալի դատավորների հանդեպ եւ այլն: Եթե հականեխման արդյունքում դատավորների մի մասն անգործ կմնա, դա պիտի համարել հատուցում անցյալում եւ այժմ իրենց գործած ապօրինությունների անարդարությունների, կոռուպցիայի հետ կապացությունների եւ այլն:

Դժգոհություն է լսվում, թե արդար, օրինական գործած դատավորներին չարժե այդ քննազտման մեխանիզմին ենթարկել: Իսկ ով է որոշել, որ այս կամ այն դատավորն արդար է, իսկ մյուսը անարդար ու միմիայն երկրորդին է հարկավոր քննազտման ենթարկել: Այդ մեխանիզմը հենց քննազտումն է: ՈՒ ոչ մի սարսափելի կամ նվաստացուցիչ բան չի լինի, եթե բոլորն անցնեն այդ մեխանիզմով, եթե, կրկնեմ, այդ մեխանիզմը լինի օրինական, անխտիր եւ մաքուր ու մասնագիտական հանձնախմբի գործադրմամբ: Երբ բժշկի վիրահատական գործիքները ակնհայտորեն ընդհանուր առմամբ կեղտոտ ու ժանգոտ են ու դրանք մշտական շփումների մեջ են եղել մյուս գործիքների հետ, հարկավոր է հականեխել բոլոր գործիքները, չմաքրվողներին հեռացնել վիրահատարանից իսկ մաքուրներին՝ թողնել: Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա:

Կարո՞ղ են արդյոք միջազգային փորձագետներ մասնակցել այդ գործընթացի մշակմանը: Կարծում եմ, որ եւ տեղական, եւ օտարերկրյա մասնագետներ պիտի մշակեն մեխանիզմը, մենք այս գործով բավարար փորձով մասնագետներ չունենք երկրի ներսում: Նույնիսկ քննազտման հանձնախմբում կարող են լինել օտարերկրացիներ, բայց՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

Համոզված եմ, որ քննազտման միայն մեխանիզմի հաստատման դեպքում մի շարք դատավորներ առանց որեւէ բանի սպասելու ուղղակի հրաժարական կտան ու գնան իրենց ճամփով:

Եւ վերջինը: Համարում եմ, որ այս մեխանիզմը՝ քննազտումը, պետք է ընդարձակել եւ կիրառել իրավապահ ամբողջ համակարգի վրա, սկսելով բարձր պաշտոնյաներից. Ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ, մաքսայինի եւ հարկայինի քննչական կաբինետներ եւ այլն: Իհարկե, սա շատ ծանր աշխատանքային ծավալ է, բայց վստահ եմ, որ առանց անցումային արդարադատության այդ բաղադրիչի ուղղակի ձախողվելու ենք ցեխուճահիճների մեջ: Ինչքան ուշ, այնքան վատ: Վատը արդեն շատ լավ տեսնում են բոլորը»:

Ավելին
Back to top button
Close