ՆորություններՍպորտ

Կասիլյասի կինը պայքարում է չարորակ քաղցկեղի դեմ

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասի կինը՝ սպորտային լրագրող Սառա Կառբոնեռոն հայտարարել է, որ պայքարում է քաղցկեղի դեմ։

Կառբոնեռոն գրառում է կատարել Instagram-ի իր պաշտոնական էջում․

«Մենք դեռ ուշքի չէինք եկել նախորդ վախից, երբ կյանքը մեզ կրկին զարմացրեց։ Այս անգամ պետք է խոսեմ իմ մասին։ Այդ բառը, որը ես դեռ չեմ կարողանում գրել․․․ Մի քանի օր առաջ բժշկական հետազոտության ժամանակ ինձ մոտ չարորակ քաղցկեղ հայտնաբերեցին, և ես ենթարկվեցի վիրահատության։ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ ընթացավ։ Մենք ժամանակին ենք արձագանքել հիվանդությանը, սակայն ես դեռ պետք է ամիսներ շարունակ պայքարեմ, քանի դեռ համապատասխան բուժում եմ ստանում։

Ես հանգիստ եմ և համոզված եմ՝ ամեն ինչ լավ է լինելու։ Գիտեմ՝ պայքարի ճանապարհը երկար է լինելու, սակայն այն ուրախ վերջաբան է ունենալու։ Ընտանիքս ու ընկերներս, ինչպես նաև հիանալի բժիշկներն աջակցում են ինձ։ Ես խնդրում եմ իմ գործընկեր լրագրողներին ցուցաբերել հարգանք և ըմբռնում հատկապես ինձ և ընտանիքիս համար այս բարդ շրջանում»,- գրել է Կառբոնեռոն։

Հիշեցնենք, որ Իկեր Կասիլյասն էլ մայիսի 1-ին մարզման ժամանակ սրտի կաթված էր ստացել։ Դարպասապահին անմիջապես հոսպիտալացրել են և կատարել սրտի ստենտավորում։ Նախնական լուրերի համաձայն՝ Կասիլյասը չի կարողանա շարունակել պրոֆեսիոնալ կարիերան։

armsport.am

Ավելին
Back to top button
Close