Մեկնաբանություն

Ի՞նչն է ստիպում Փաշինյանին հետքայլ անել և խաղալ սերժսարգսյանական կանոններով

Առաջիկա մի քանի օրերին ՀՀ-ում բավականին ուշագրավ զարգացումներ են սպասվում, որոնք էլ կտան այն կարևոր հարցի պատասխանը, թե արդյոք մեր երկրում տեղի ունեցածն իսկապես համակարգային փոփոխությո՞ւն էր, որի հանգրվանը մեր երեխաների համար ազատ և երջանիկ Հայաստանի կառուցումն է, թե՞ թվացյալ հեղափոխություն, որը կես ճանապարհին վերածվեց անձերի փոփոխության:

Գործադիրը պատրաստվում է խորհրդարան ներկայացնել կառավարության կառուցվածի փոփոխությունների մասին ծրագիր: Հիմնական ինտրիգն այն է, թե ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊԵԿ-ը կշարունակե՞ն մնալ վարչապետին առընթեր մարմիններ, թե՞ կդառնան նախարարություններ, կմտնեն գործադիրի կազմ և մյուս նախարարությունների պես հավասարապես հաշվետու կլինեն խորհրդարանին, ինչը բխում է խորհրդարանական կառավարման երկիր կառուցելու անհրաժեշտությունից:

Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ուժային այդ կառույցները կշարունակեն մնալ վարչապետին առընթեր կառույցներ և չեն դառնա նախարարություններ՝ պատճառաբանությամբ, թե դրանք կքաղաքականացվեն:

Սա այն դեպքում, երբ 2018թ. մայիսի մեկին Նիկոլ Փաշինյանը, երբ առաջադրվել էր վարչապետի ժողովրդական թեկնածու, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին, թե վարչապետ ընտրվելու դեպքում ԱԱԾ-ի և ոստիկանության կարգավիճակն ինչպիսին կլինի, կշարունակե՞ն արդյոք ուժային կառույցները մնալ վարչապետին առընթեր մարմիններ, պատասխանել էր՝ դրանք դառնալու են նախարարություններ և հաշվետու են լինելու խորհրդարանին:

Վարչապետի՝ այս կարևոր հարցում դիրքորոշման տրանսֆորմացիայից հետո շատ հետաքրքիր կլինի իմանալ խորհրդարանի դիրքորոշումը՝ դակե՞լ գործադիրի ծրագիրը, թե՞ զսպել կառավարության ղեկավարի ախորժակը և հակակշռել՝ հետ ուղարկելով կամ մերժելով խորհրդարան բերած ծրագիրը:

Խորհրդարանը մերը չէ

Տեսականորեն խորհրդարանը պետք է շահագրգռված լինի, որ հիշյալ կառույցները ոչ թե վարչապետին հաշվետու լինեն, այլ ԱԺ-ին, և դրա համար նախ և առաջ պետք է առընթեր կառույցից վերածվեն նախարարությունների և հաշվետվություն ներկայացնեն խորհրդարանին՝ օրենքով սահմանված կարգով (ոչ թե վարչապետի հրահանգով, ինչպես օրեր առաջ Փաշինյանն էր հավաստիացնում):

Սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ խորհրդարանում կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների ծրագրի ընդունումը կախված է ԱԺ-ում մեծամասնություն ներկայացնող «Իմ քայլը» դաշինքի 88 հոգանոց խմբակցությունից, դժվար չէ ենթադրելը, որ կառավարության բերած փոփոխությունների ծրագիրը կհաղթի խորհրդարանական երկիր կառուցելու մասին պատրանքներին:

«Իմ քայլից» ընդամենը մի քանի հոգի դեմ կքվեարկի այդ փոփոխություններին, որը, սակայն, քվեարկության արդյունքների վրա էական ազդեցություն չի ունենա, և կառավարության նախագիծը կանցնի սահուն ընթացքով՝ սա լավագույն դեպքում: Իսկ ավելի քան հավանական է, որ «Իմ քայլի» պատգամավորները կպատմեն, որ իրենց խմբակցությունում էլ տարբեր կարծիքներ են եղել, իրենք իրենց նիստում բարձր տոներով բանավիճել են, ի վերջո որոշում են կայացրել կողմ քվեարկել կառավարության ներկայացրած փոփոխություններին, որ հիշյալ կառույցները մնան վարչապետին առընթեր կառույցներ, բայց գան ԱԺ և հաշվետվություն ներկայացնեն իրենց՝ կրկնելով Փաշինյանի թեզը, թե «դուք տեսե՞լ էիք, որ ԱԱԾ տնօրենը երբևէ գար խորհրդարան»:

Խորհրդարանն ինչ խոսք, լեգիտիմ է, ընտրությունների օրինականության վրա ոչ ոք չի կասկածում: Բայց խորհրդարանի մեծամասնությունը մեր կողմից չէ, որ ընտրված է, այլ վարչապետ Փաշինյանի կողմից: Հանրությունը խորհրդարանական ընտրություններին Փաշինյան է ընտրել, իսկ Փաշինյանը՝ իր խմբակցության պատգամավորներին:

Նրանք հաշվետու են իրենց ընտրողի առաջ, իսկ ընտրողը տվյալ դեպքում վարչապետն է:

Ժողովուրդը միայն մեկին է լիազորել

Հանրության առաջ պատասխանատու է մեկը, և այդ մեկը Նիկոլ Փաշինյանն է, ով իշխանության է եկել ժողովրդի ալիքի վրա՝ խոստումներով՝ կառուցել ազատ և երջանիկ ժողովրդավարական Հայաստան:

Կառուցել պետություն՝ անկախ ինստիտուտներով, հստակ տարանջատված իշխանություններով, որոնք իրար փոխզսպում են: Այս դեպքում նաև իշխանությունն ընտրություններով փոխելու մեխանիզմը կլինի գործուն: Սա է երկիր կառուցելու առողջ տրամաբանությունը:

Եվ Փաշինյանն իր ժամկետը լրանալուց հետո կամ նորից լեգիտիմ իշխանություն կստանա, կամ կհեռանա՝ որպես հաղթանակած վարչապետ, ով կարողացավ առողջ երկրի կառուցման հիմքեր դնել:

Իսկ երկրորդ տարբերակը մեկ անձի իշխանությունն է, ինչը մենք արդեն մեկ անգամ մերժել ենք՝ Փաշինյանի հետ միասին:

Փաշինյանի ինչի՞ն է պետք ԱԱԾ-ն ու ոստիկանությունը

Անձի իշխանության ժամանակ ԱԱԾ-ն ու ոստիկանությունն այն բանակն էին, որի թիկունքում թաքնվում էին քոչարյանասերժական ռեժիմի պարագլուխները: Չունենալով լեգիտիմ իշխանություն՝ նրանց ոստիկանությունը պաշտպանում էր ներքին թշնամիներից ներքին պատերազմների ժամանակ՝ որպես մահակ արյունոտելով այն անհնազանդ գլուխները, որոնք հանդգնում էին դառնալ սպառնալիք իշխանական բուրգի ամրության կամ երկարակեցության համար:

Ոստիկանությունն իշխանության վահանն էր, որ ամուր պատի պես իր վրա էր կրում բոլոր հարվածները՝ ապահովելով ապօրինի իշխանության մշտնջենականությունը: Ընդ որում, 2018թ.-ի ապրիլը ցույց տվեց, որ ապօրինի իշխանության համար ուժային կառույցները ևս լիակատար երաշխիք չեն կարող լինել:

Այստեղ երկու հարց է հետաքրքրում, նախ, թե Փաշինյանի ինչի՞ն են պետք դրանք, երբ նա ունի ամենակարևորը՝ հանրության վստահությունը, և ապա՝ նա արդյոք ժողովրդի վստահության մեծ պաշարը օգտագործելով՝ նպատակ ունի ամուր պետություն կառուցելու հիմքեր գցել, թե՞ մտադիր է ամրապնդել սեփական իշխանությունը: Եթե անձի իշխանություն է կառուցելու, ապա ոչ վաղ անցյալի փորձն է հուշում, որ ուժային կառույցներն անգամ վստահելի երաշխիք չեն:

«Ոստիկանը մերն ա»

2018-ի ապրիլին քաղաքացին հրապարակում վանկարկում էր՝ «ոստիկանը մերն ա»: Սկզբում շատերը չէին հավատում սրան, բայց աստիճանաբար պարզվեց, որ այն լոկ կարգախոս չէր: Ոստիկանը չպետք է և այլևս չի կարող լինել ո՛չ վարչապետինը, ո՛չ նախագահինը, ո՛չ էլ որևէ մեկինը: Եվ ի վերջո այլևս երբեք ոչինչ չի կարող լինել այնպես, ինչպես նախկինում էր, 2018թ.-ի ապրիլի ռուբիկոնը հաղթահարած քաղաքացին պարզապես ի վիճակի չէ ապրելու հին Հայաստանի օրենքներով, անգամ եթե հեղափոխական դեմքերն են դրանք թելադրողը:

ՀԳ. Կարևոր մեկ նկատառում ևս, հանրությունը տարիներ ի վեր դժգոհում էր հանցագործ իշխանություններից, սակայն աններելի առիթը Ս. Սարգսյանի կողմից տրվեց այն ժամանակ, երբ նա հրապարակավ ստեց՝ հայտարարելով, որ հեռանում է իշխանությունից, բայց որոշեց վերադառնալ նոր Սահմանադրության հետ:

 

Քրիստինա Մկրտչյան

Ավելին
Back to top button
Close