Նորություններ

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասով ԱԱԾ-ն հայտարարություն կանի. Արթուր Վանեցյան

«Ինչ վերաբերվում է  Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների հետ կապված իմ հայտարարություններին, քրեական գործ կա հարուցված, իրականացվում է քննություն, եւ արդյունքների մասին առաջիկայում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից կլինի համապատասխան հաղորդագրություն»,-այսօր լրագրողերի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով  Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասին իր նախկինում արված հայտարարությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին հրավիրած մամուլի ասուլիսում, Արթուր Վանեցյանն ասել էր, որ իրենք փաստեր ունեն նախկին նախագահի ունեցվածքի վերաբերյալ, դրանք առաջիկայում կհրապարակվեն:

«Կհրապարակենք՝ ինչպես է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում, ու մնացած ունեցվածքը: Ունենք ցուցմունք, հիմնավոր ապացույցներ: Ունենք սխեմա, թե ինչպես է գալիս և հասնում, և Քոչարյանի ընտանիքը դառնում վերջնական սեփականատեր: Գիտենք՝ այդ գումարն ինչպես փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին: Ունեցվածքի գործով մեկ շաբաթ – տասը օր առաջ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման հոդվածով: Խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների մասին է»,- հայտարարել էր Արթուր Վանեցյանը:

Back to top button
Close