Նորություններ

Արցախի հարցում չլինել կառավարությանը զուտ «դուխ տվող կամ դուխից գցող» դիտորդ. Փաշինյանի կոչը

Այս ընթացքում ամեն քայլափոխի մեզ հետապնդում է թերահավատությունը։ Արցախի հարցում ոչ ոք չի առաջնորդվում լավատեսական կանխավարկածով, բոլորն առաջնորդվում են հոռետեսական կանխավարկածով։ Այս մասին այսօր՝ հունվարի 31–ին, Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ Հայաստանի արտգործնախարարը կամ վարչապետը գնում է բանակցությունների, դրան հետևում է հոռետեսության հսկայական ալիք. բա՞ որ ենթակվեն ճնշումների, բա՞ որ համաձայնության գան աննպաստ լուծման շուրջ։ Մենք այս հսկայական փոփոխություններնիրականացրել ենք, մենք մեր ժողովրդի հետ քայլել ենք, որ քայլենք դեպի անդո՞ւնդ։ Որտեղի՞ց այդ կանխավարկածը»,– ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ նման թերահավատությունը հասկանալի չէ՝ հաշվի առնելով, որ այսօր Հայաստանն ունի ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանություն, որը ծառայում է ժողովրդին։

«Խնդիրը պարզ է։ Մենք ունե՞նք արդյոք ունենք համազգային պատկերացում Արցախի հարցի լուծման համար։ Իհարկե, ունենք։ Այդ պատկերացումը մեր հավաքական մտքի մեջ է։ Բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է շատ պարզ գիտակցի, որ այդ պատկերացման իրականացումն անհատական պատասխանատվություն է դնում մեզանից յուրաքանչյուրի վրա։ Ի՞նչ կարգավիճակ ունենք մենք այդ հարցում. մենք լուռ դիտո՞րդ ենք, որը քննադատում կամ դուխ է տալիս կառավարությանը, կամ դուխից գցում, թե՞ մենք ասում ենք, որ պատրաստ ենք վերցնել այդ պատասխանատվությունը՝ ինչքան էլ մեծ կամ փոքր լինի այն։ Իհարկե, թիվ մեկ պատասխանատվությունը վարչապետինն է և կառավարությանը։ Այդ պատասխանատվությունը մենք կկրենք այնքան, ինչքան մեր ուժերը կներեն։ Բայց այդ պատասխանատվությունը մենք վստահաբար կկրենք այն ժամանակ, երբ հայ ժողովրդի յուրաքանչյուր զավակ չզլանա կրել իր փոքր պատասխանատվությունը»,– ասել է նա։

Back to top button
Close