Նորություններ

Ինչու՞ են «Շշի Մելոյի» զարմիկները իրենց սեփական վուլկանացման կետերը թողած ուրիշ վուլկանացման կետ գնացել

Դանիել Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Օրերս Աբովյան քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի շրջանակներում, իրավապահներն ու հատկապես քննչական կոմիտեն, գործն ուսումնասիրելիս մի շատ կարևոր հանգամանք պետք է հաշվի առնեն, որը կարծում եմ այս դեպքում հանդիսանում է այդ գլուխկոտրուկ իրավիճակի հանգուցալուծման բանալին: Արդեն պարզ է, որ «Շշի Մելոյի» եղբոր որդիներն ու քրոջ որդին իրենց վիճաբանությունը սկսել են վուլականացման կետից, որտեղ աշխատակիցների հետ լեզու չգտնելու, կոպիտ ու անհարգալից խոսելու պատճառով էլ ծագել էր այդ անհամաձայնությունն ու վեճը:

Բայց, յուրաքանչյուր աբովյանցի էլ գիտի, որ նույն Մելոյի ողբոր որդին՝ Հայկը և նրա քրոջ որդի Ռոմանը, ևս ունեն վուլկանացման կետ և իրենց նոր մեքենայի անիվների հետ կապված խնդիրը, հանգիստ կարող էին սեփական վուլականիզացման կետում լուծել: Իսկ այն, որ նրանք ընտրել են այլ վուլկանացման կետ և իրենց ամենաթող վիճաներում պատկերացնելով, այսպես ասած «գռուզիտ» են արել և հրահրել են աշխատակիցներին, որպեսզի վեճ ծագի, վստահ եմ, որ կանխամտածված է եղել: Տրամաբանությունն էլ է հուշում դա, ինչի՞ գնալ ուրիշի վուլկանացման կետ, եթե ունես սեփականդ: Այստեղ ամեն ինչ ակնհայտ է, երիտասարդները, որոնց բնորոշ է նմանօրինակ էքսցենտրիկ վարքագիծն ու տաքարյուն բնավորությունը, կոնկրետ նպատակ են ունեցել «նայեզդի» ենթարկել տվյալ վուլկանիզացիայի աշխատակիցներին, իսկ ավտոմեքենայի անիվների հետ կապված խնդիրն ուղղակի պատրվակ էր իրենց սև գործն իրականացնելու համար: Միգուցե այստեղ հին թշնամանք կա կամ մրցակցություն՝ նույն բիզնես դաշտում, սակայն փաստ է, որ նրանք դա հատուկ են արել:

Կարծում եմ սա կարելի է կցել գործին, որպես դրդապատճառ, մոտիվացիա և այդ դեպքում ի հայտ կգան հանցագործություն կատարած անձանց իրական նպատակները և պարզ կդառնա, որ այս «կաշ-կալամաշի» կազմակերպողն ու հրահրողը հենց Մելիք Մանուկյանի եղբոր որդիներն ու քրոջ որդին են, ովքեր էլ պետք է և պատասխան տան այս դեպքի առնչությամբ ցանկացած անօրինության համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի որոշմամբ Կոտայքի մարզում հունվարի 29-ին տեղի ունեցած աղմկահարույց սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում քննչական խումբը հսկայածավալ աշխատանքներ էր կատարել և, համագործակցելով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Աբովյանի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի իրենց գործընկերների հետ, քննչական վարչություն էին հրավիրել մեծ թվով քաղաքացիների: Ոստիկանություն և քննչական բաժիններ էին հրավիրվել նաև այն անձինք, ովքեր դեպքի օրը առնչություն էին ունեցել այդ թվում՝ հեռախոսային, գործով անցնող բոլոր վիրավորների, մահացածի, կասկածյալների հետ, և բացատրություններ էին տվել թե՛ ոստիկաններին, թե՛ քննիչներին, թե այդ օրը, ինչպես նաև միջադեպի ժամանակ որտեղ են եղել: 2 տասնյակից ավելի հրավիրվածների մեջ էր եղել նաև Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը: Արդեն հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում Ն. Ծառուկյանը հայտնել էր, թե միջադեպի օրը և միջադեպի ժամանակ որտեղ է եղել: Ն. Ծառուկյանը եղել էր Ծաղկաձորում՝ իրեն պատկանող ավտոմեքենայով: Իրավապահները Ն. Ծառուկյանի հայտնած տեղեկությունը պարզելու նպատակով այցելել էին Ծաղկաձոր և նրա մատնանշած վայրի հասցեում ստուգել էին տեսախցիկները, որտեղ արձանագրվել էր, որ նրա հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:

Տեսախցիկները ֆիքսել էին նրա մուտքը և ելքը նշված վայրում, ինչից հետո հերքվել են այն տեղեկությունները, որ Ն. Ծառուկյանը միջադեպի օրը և միջադեպի ժամանակ եղել է «Շշի Մելոյին» պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում: Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք էին տեղափոխվել մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ BMW X5 մակնիշի 08 XՏ 080 համարանիշի, BMW X5 մակնիշի 08 NN 008 համարանիշի, Opel մակնիշի 35 MM 919 համարանիշի և Ford մակնիշի 18 VO 808 համարանիշի ավտոմեքենաները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Back to top button
Close