Նորություններ

Պաշտպաններն ակնկալում են Ռոբերտ Քոչարյանի ելույթը դատական նիստին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ընթացող նիստում պաշտպանական խումբը դեռևս ամբողջությամբ բողոքը չի ներկայացրել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Դեռևս շարունակում ենք բողոքը ներկայացնել: Ռոբերտ Քոչարյանը ներկա է նիստին և նա դեռևս որևէ հայտարարություն չի արել»,- ասաց նա:

Հարցին` ինչու է որոշել ՀՀ երկրորդ նախագահը մասնակցել հենց այս  նիստին, Ալումյանը պատասխանեց՝ քանի որ առաջին ատյանի դատարանի կալանավորման որոշումը կանխատեսելի էր, նպատակահարմար չգտան դրան մասնակցել:

«Հուսով ենք, որ այսօր կհասցնենք մեր բողոքն ամբողջությամբ ներկայացնել: Եթե այսօր մեր բողոքը կարողանանք ներկայացնել, հնարավոր է, որ Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունենա»,- եզրափակեց նա:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում էր կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:

pastinfo.am

Back to top button
Close