Նորություններ

«Մինչև 2023 թվականը ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ». Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադարձավ մի շարք հարցերի:

Նախարարը տեղեկացրեց, որ եկեղեցու պատմությունը դասաժամերից հանելու հարց չի քննարկվել, այդ հարցը շահարկող հոգևոր հովիվը ստում է:

«Ես կարևորում եմ բոլոր հայագիտական առարկաները, պարզապես բոլոր հայագիտական և մնացած առարկաները վերանայվելու են, և մինչև 2023 թվականն ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ»,- ասաց նա:

Նախարարը մանրամասներ ներկայացրեց Արարատի մարզի դպրոցներից մեկում հոգևոր հովվի հետ տեղի ունեցած միջադեպից:

«Այդ քահանան ընդհանրապես այնտեղ չի եղել: Այդ գյուղում կա տեր Դավիթ, և երբ ես այցելել եմ այդ դպրոց, այդ ընթացքում հոգևորականն է այնտեղ եկել: Ես տնօրենին հարցրել եմ՝ հոգևորականը դպրոցում ի՞նչ գործառույթ ունի: Տնօրենն ասել է՝ դասղեկական ժամերին նրան սովորաբար հրավիրել են: Խոսակցությունը եղել է դասղեկական ժամերին նրա ներկայության հետ կապված, ինչը մեծ խնդիր է: Դասղեկական ժամերը նախատեսված են կազմակերպչական ծրագիր իրականացնելու համար, ոչ թե հոգևոր քարոզի»,- նշեց նախարարը:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ինչ նկատի ուներ՝ ասելով, որ բոլոր կեղծ լուրեր տարածողները պատասխանատվության են ենթարկվելու, և առհասարակ ինչով էր պայմանավորված այս աղմուկը, նախարարը պատասխանեց, որ իրավաբաններին խնդրել է ուսումնասիրել թեմայի շուրջ բոլոր հրապարակումները, և եթե դրանց մեջ զրպարտություն կա, իսկ դրանց մեջ կա զրպարտություն, պնդեց նախարարը, ապա կդիմեն համապատասխան ատյաններ:

 

Back to top button
Close