Քո ձայնը

«Չի եղել առանձին վերցված «Մարտի 1» գործ, այլ կա մեկ գործ, որն ունեցել է 12 տարվա ընդմիջում՝ 1996-ի ու 2008-ի»

«Մարտի 1»-ի գործն ունի իրավական ու քաղաքական կողմ։ Իրավական կողմի մասին կարող են արտահայտվել իրավաբանները, սահմանադրության մասնագետները և վերջապես՝ դատարանը։ Մեր տեսակետները չպետք է այդ գործընթացին խանգարեն։ Սակայն «Մարտի 1»-ն ունի նաև քաղաքական կողմ, այսինքն՝ կարիք ունի քաղաքական գնահատականի, ինչը կարևոր է մեր պետության հետագա ընթացքի համար։ Հանրային քննարկումների միջոցով մենք պետք է գնահատենք այդ դեպքը, որպեսզի հետագայում այն չկրկնվի։

Ստեփան Դանիելյան
Ստեփան Դանիելյան

Քաղաքական գնահատական

Որպեսզի մենք՝ հանրությունը, կարողանանք հանգել քաղաքական գնահատականի, պետք է կարողանանք մի շարք հարցադրումների պատասխանը գտնել։

1. Արդյոք «Մարտի 1»-ը լոկալ, մի առանձին վերցված դեպք է, թե՞, այնուամենայնիվ, այն մի ողջ «դեպքերի» շղթայի ընդամենը մի օղակ է։ Կարող ենք արդյոք այն համարել 1996 թվականի նախագահական ընտրությունների քաղաքական շարունակությունը, թե ոչ։ Երկու դեպքում էլ եղել են զանգվածային ցույցեր, երկու դեպքում էլ քաղաքում տանկեր են հայտնվել, և հատուկ դրություն է հայտարարվել, հարյուրավոր ձերբակալվածներ են եղել, որոնց մի մասը խոշտանգումների է ենթարկվել, և, ի վերջո, հանրությունը չի ընդունել ընտրությունների արդյունքները։

Հայտնի է, որ ցանկացած հանցագործություն ծնում է նոր հանցագործություններ։ Վանո Սիրադեղյանն էր վկայել տեսախցիկի առջև, որ 1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանն է որոշել («պատրաստ չի եղել երկրորդ փուլ ընտրություններին գնալու»), որ երկրորդ փուլ չի լինելու, այլ ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Դա ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում է եղել։

2․ Արդյոք 2008-ի ընտրություններն Արցախի հարցի լուծման տրամաբանության մեջ չեն դիտարկվել՝ հաշվի առնելով Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, ինչը նա երբեք չի թաքցրել։

Բարոյական կողմ

Ցանկացած դիրքորոշում, որն ունի քաղաքական ու հանրային հնչողություն, պետք է ունենա նաև բարոյական կողմ։

1․ Արդյոք «Մարտի 1»-ի դեպքերի համակարտ կողմերը «սև ու սպիտակի» հարթության մեջ է պետք դիտարկել, թե՞, այնուամենայնիվ, երկու «սևերի» պայքար, որին ներգրավվել է հանրությունը՝ չունենալով երրորդ՝ «սպիտակ» կողմի ընտրության հնարավորություն, կամ՝ քաղաքական կամք ու գիտակցություն։ Ըստ էության, հանրությունն «ուրիշի» խաղի մեջ է մտել՝ չունենալով այլընտրանք։ 
2008-ի ընտրություններն, ինչպիսի արդյունք ունենային էլ, ակնհայտ է, շարունակելու էին հանրությանը բաժանել երկու հակամարտ կողմերի, 1996-ի բաժանարար ճեղքվածը ընդամենը շարունակություն էր ունենալու, այլ ոչ թե հանգուցալուծում։

Սրանք այն հարցադրումներն են, որոնցից խուսափել չի լինի, դրանք պետք է պատասխան ստանան, առանց որի 1996-ի ու 2008-ի էջերը շրջել չի ստացվի։

Բաց թողնված հնարավորություն

Այդ էջը հնարավոր կլիներ շրջել, եթե միաժամանակ բացվեին այդ երկու «գործերը» և դատական ու քաղաքական գնահատականները միասնական կերպով տրվեին։

Իշխանափոխությունն այդ հնարավորությունը ստեղծել էր, նոր՝ «երրորդ» կողմն այդ հնարավորությունն ուներ, սակայն մենք նորից հայտնվեցինք նույն շրջապտույտի մեջ, 1996-ին «հաղթած» և 2008-ին «պարտված» կողմը կարծես թե ռևանշ է վերցնում մյուս կողմի վրա։ Պարզվում է, որ «երրորդ կողմը», որը կարող է հանգուցալուծել այս իրավիճակը, չկա։

Այս տարվա իշխանափոխության արդյունքում ձևավորված նոր իշխանությունը հանրության կողմից ընկալվում էր որպես երրորդ կողմ, որը վերջ կտար հին թշնամանքին, և մենք կկարողանայինք հանդուրժողականության մթնոլորտում նոր հարաբերություններ ձևավորել, իսկ բոլոր «նախկիններն» իրենց արածների համար պատասխանատվության կենթարկվեին։ Սակայն դեպքերի զարգացումները կասկածի տակ են դնում «երրորդ կողմի» առկայությունը։ Այսինքն, հանրությունը չի կարող համերաշխության հասնել, սա ընդամենը հին հաշիվների մաքրման հերթական փուլն է։

Հետգրություն
Քաղաքագետների շրջանում կա տեսակետ, որ չի եղել երկու աշխարհամարտ, այլ եղել է ընդամենը մեկ Համաշխարհային պատերազմ, ընդամենը 20 տարվա ընդմիջումով։

Կարելի է պնդել, որ չի եղել առանձին վերցված «Մարտի 1» գործ, այլ կա մեկ գործ, որն ունեցել է 12 տարվա ընդմիջում՝ 1996-ի ու 2008-ի, սակայն մեր դեպքում կարծես թե այն ունի նաև երրորդ արարը, ինչի պատճառով մենք չենք կարողանում շրջել այդ էջերը։

Ստեփան Դանիելյան

 

Back to top button
Close