Նորություններ

«Հանրությունն ավելի շատ վստահում է լրատվամիջոցներին, քան իրավապահ մարմիններին». Խաչիկ Հարությունյան

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչները այսօր հրավիրված քննարկմանը ներկայացրին իրենց առաջարկները ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալելու և հաջողություններ ամրագրելու նպատակով:

ԹԻՀԿ հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Խաչիկ Հարությունյանի դիտարկմամբ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է իրականացվի առաջին հերթին մշակված հստակ քաղաքականությամբ: Մասնագետն առաջարկում է հետևյալ մեխանիզմը.

«Օրինակ 2000-2018 թվականների ընթացքում ինչ գործարք տեղի է ունեցել, որը ինչ-որ մի պայմանական թիվ է գերազանցել (օրինակ՝ 100 մլն դոլար), պետք է քաղաքացիները ներկայացնեն ապացույցներ դրանց օրինականացման մասին, եթե օրինականությունը չեն կարողանում ապացուցել, ապա այդ հիմքով գլխավոր դատախազությունը մտնում է դատարան և հետ է պահանջում այդ ակտիվները»,- նշեց փորձագետը:

Հարությունյանը կարևորում է բացառապես կոռուպցիոն գործերը քննող ծառայության անհրաժեշտությունը և կոռուպցիոն կենտրոնի առաջարկն է ներկայացնում, ըստ որի՝ այդ գործառույթը կարող է իրականացնել հատուկ քննչական ծառայությունը: Իսկ վերջինի մեջ պետք է համախմբված լինի երեք գործառույթ՝ հետաքննություն, նախաքննություն, օպերատիվ հետախուզական գործունեություն.

«Ունենք քննչական ծառայություն, ունենք ԱԱԾ, ունենք քննչական կոմիտե, ունենք դատախազություն: Ունենք նաև դրան գումարած քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածը, որը ենթադրում է, որ գլխավոր դատախազը կարող է իրավասությունների հարցն ինքնուրույն լուծել, իհարկե՝ հօգուտ հատուկ քննչական ծառայության: Բայց էստեղ խնդիր է գալիս, թե ինչու են մեզ այդքան մարմիններ պետք, և այդ բոլորի մեջ ինչո՞ւ մեկը չկա, որ բացառապես քննում է կոռուպցիոն գործերը».

«Լրատվամիջոցներով ազդարարումը պաշտպանված չէ»,- կարծում է փորձագետը՝ խոսելով կոռուպցիոն բնույթի հանցագործության ազդարարման խնդրի մասին: Նշում է, որ հանրությունն ավելի շատ վստահում է լրատվամիջոցներին, քան իրավապահ մարմիններին: Եվ շատ հաճախ ԶԼՄ-ների միջոցով են փորձում ազդարարել վեր հանած խնդիրը:

 

Back to top button