ՄեկնաբանությունՆորություններ

Գաղափար չկա, փող չկա. իսկ թիմին կերակրել է պետք

ՀՀ վարչապետը ժողովուրդ և «ինքնապարգևատրված չինովնիկներ» բանավեճի մեջ ստանձնեց վերջինների պաշտպանությունը:

Նա ֆեյսբուքյան լայվում «քաղաքացու հետ զրույցի» ժամանակ արդարացրեց մարզպետների՝ իրենք իրենց ու թիմակիցներին պարգևատրելու ավանդույթը, ավելին, ասաց, որ եռամսյակը մեկ նրանք այդ իրավունքով օժտված են: «Եթե այդ պարգևատրումը բաժանենք ամիսների վրա, ընդամենը 50 հազար դրամ հավելավճար կկազմի»,- հայտարարեց վարչապետը: Սա այն դեպքում, երբ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 56 հազար դրամ է։ 

Փաշինյան-թիմ-հասարակություն հարաբերություններում ակնհայտորեն իրավիճակ է փոխվում

Փաշինյանի այսօրվա ոճն ու շեշտադրումներն առաջին անգամ սառը ցնցուղ էին հասարակության առնվազն մի մասի համար, որ միշտ սովոր էր նրանից լսել քննադատություն չինովնիկների նկատմամբ և ականջահաճո հայտարարություններ, թե «որոշողը ժողովուրդն է»:

Սակայն այլևս պետք է հաշվի նստել այն փաստի հետ, որ նա, ով միշտ քննադատում էր պաշտոնյաներին, առնվազն նման հռետորաբանությամբ շարունակել այլևս չի կարող: Որովհետև այս պարագայում քննադատելու է սեփական թիմակիցներին:

 Վարչապետն այսօր, իհարկե, կարող էր շարունակել հոխորտալ, սակայն դա կնմանվեր «բարի թագավոր և չար բոյարներ» խաղի, ինչը մի կողմից ազնիվ չէ, որովհետև առնվազն փաստ է, որ թիմը Փաշինյանի ցուցումով է գործում անգամ նման մանր թվացող հարցերում, մյուս կողմից էլ համոզիչ չէր լինի:

Ուստի մեկընդմիշտ պետք է հաշվի նստել արդեն այն իրողության հետ, որ Փաշինյանն առնվազն քիչ է քննադատելու չինովնիկներին, և նրան ավելի շատ են նյարդայնացնելու հանրության բարձրացրած տնտեսական խնդիրները, որոնց լուծում տալը կարճաժամկետում գրեթե անհնար է, որքան էլ որ հայտարարի, որ 2019թ.-ին ինքը տնտեսական հեղափոխություն է իրականացնելու:

Էյֆորիայի նվազմանը զուգընթաց նա ամրացնում է թիմը

Փաշինյանից չի կարող աննկատ մնալ այն, որ հեղափոխական էյֆորիան գնալով իջնում է: Եվ նա ստիպված է այս դեպքում հենարան գտնել հանձինս սեփական թիմի:

Ի վերջո, Փաշինյանի ղեկավարած ուժը ժողովրդից արդեն իսկ ստացել է վստահության բավարար մանդատ և իրենց իսկ հաշվարկներով գոնե առաջիկա մի քանի տարիներին այլևս հասարակությունից ստանալիք չունի:

Իսկ փոխարենն ունի թիմ, որը ոչ այնքան գաղափարական պայքարի արդյունքում է եկել իշխանության, որքան Փաշինյանի հետ քայլելու:

Այդ թիմը գաղափարական ծրագիր չի առաջարկել ոչ հեղափոխությունից առաջ, ոչ հեղափոխությունից հետո: Նրանք միայն հայտարարել են, որ մերժելու են Ս. Սարգսյանի ռեժիմին և մերժել են: Հիմա ի՞նչ են անելու, այդ հարցի պատասխանը ոչ մեկը չունի, և բոլորն էլ համոզված են, որ այդ հարցի պատասխանը գիտի Նիկոլ Փաշինյանը:

Սա մոտավորապես դեժավյու է հիշեցնում: Նախկինների պարագայում «ինտելեկտուալ ՀՀԿ-ականները» պարբերաբար ազգային քրիստոնեական կեղծ գաղափարներ էին փորձում ներարկել, սակայն իրականում ապագաղափարական ուժի ներկայացուցիչներից յուրաքանչյուրին սեփական շահն էր հետաքրքրողը: Արդյունքում ստեղծվել էր խոշոր կոռուպցիոն իշխանական բուրգ, որտեղ յուրաքանչյուր անհատ իր անձնական շահերն էր տեսնում, և յուրաքանչյուրի շահից կախված էր բուրգի երկարակեցությունն ու ամրությունը:

Բայց նույնիսկ այս դեպքում ոչինչ չփրկեց բուրգի կործանումը: Ս. Սարգսյանը, որը ժողովրդից ոչ մի ակնկալիք չուներ և խորհրդարանի կոճակների հույսին էր, ստիպված եղավ լքել վարչապետական աթոռը այն ստանձնելուց օրեր անց:

Վերադառնալով նորերին՝ ասենք, որ Փաշինյանը ուզի թե չուզի հենվելու է հենց իր թիմի վրա: Իսկ թիմի ամրության համար երկուսից՝ գաղափար և փող, ոչ մեկը չկա:

Մյուս կողմից, եթե Փաշինյանի թիմը չլինի ամուր և վստահելի, կարող է կրկնվել նախադեպը:

Եվ այս դեպքում հեծանիվ հայտնագործել պետք չէ, պարզապես թիմին կերակրել է պետք:

Քանի որ նրանցից յուրաքանչյուրից է այս դեպքում կախված թիմի ամրությունն ու իշխանության հարատևությունը:

Իհարկե թիմին լավագույն միավորողը փողն է: Եվ այս պարգևատրումները հենց այդ համատեքստում են:

Իներցիան

Այս ամենը, իհարկե, այնքան էլ վտանգավոր չէր լինի, եթե չլիներ իներցիան: Ինչ խոսք, էյֆորիան երկար ժամանակ պահպանվել չի կարող, փոփոխություններն էլ կարճաժամկետում հնարավոր չէ իրականացնել օբյեկտիվորեն: Եվ ուժեղ թիմով խաղալու համար կուշտ լինելը կարևոր է:

Փաշինյանը հայտարարել է կաշառք վերցնողի ձեռք կտրելու, հրապարակային խաչելու մասին, նա պիտի կարողանա կերակրել թիմին այնպես, որ չունենան կորուստներ: Համակարգում աշխատողին պետք է վարձատրել համարժեք, բայց դրա հնարավորությունը չկա՝ մի կողմից, իսկ մյուս կողմից բարձրացնել միայն հասարակության որոշակի շերտի աշխատավարձ՝ նա չի կարող: Ուրեմն պետք է որոնել եղանակներ: Սակայն այս ամենի մեջ մի արատավոր բան կա, դա իներցիան է, որով գործում են իշխանություններն այսօր և բոլոր ոլորտներում:

Փաշինյանը ևս խոստովանեց այդ մասին, կա ավանդույթ, ավանդույթը պահպանվել է, և ավանդույթով գործելու են:

Վտանգը հենց այստեղ է, հաստատված ավանդույթը պահելու մեջ է: Իներցիան հզոր վտանգներ պարունակող ուժ է, հատկապես եթե ոչինչ չի խանգարում շարժվել դրանով:

Եվ վտանգն այն է, որ այդ իներցիոն ուժով ոչ միայն պարգևատրում են, այլ, ասենք, կրթություն զարգացնում, այլ երկրների հետ հարաբերություններ զարգացնում, բանակցում, հաստատում սուպերվարչապետություն:

Հիմա հարց է ծագում. հեղափոխությունն այդ ավանդույթների՞ դեմ էր, թե՞ այդ ավանդույթները կիրառողների կամ պահպանողների: Եթե անձերի դեմ էր, ուրեմն տեղի ունեցածն ամենևին էլ հեղափոխություն չէր: Իսկ եթե ավանդույթի դեմ էր, ուրեմն պիտի մերժած լինեինք ավանդույթները:

Նիկոլ Փաշինյանն իր «Երկրի հակառակ կողմը» գրքում առանցքային մի այսպիսի միտք է արտահայտում. «Հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը»:

Հիմա հեղափոխությունն ինքն է պահանջում Փաշինյանից չգործել այդ իներցիայով և չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարել է: Փաշինյան վարչապետը պիտի զգաստանա հեղափոխական Նիկոլի այս բանաձևից, այլապես հեղափոխությունը նորից անսպասելի կարող է այցելել: «Երկրի հակառակ կողմը» լավագույնս ուսուցանում է հեղափոխություն անելու գաղտնիքները: 

Քրիստինա Մկրտչյան

Լուսանկարը՝ sputnik.am-ի

 

Ավելին
Back to top button
Close