Վրաստան. նոր ժամանակների սպասումով ապրող երկիր

Ռուսաստան, թե՞ Եվրոպա. Վրաստանն ընտրել է իր ուղին

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը  ողջունել է Վրաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, ինչպես նաև կողմերի համաձայնությունը` խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու հաստատման վերաբերյալ:  Միաժամանակ, Վրաստանի նոր կառավարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր շրջափուլ է նախանշում: Վրացական իշխանությունների քաղաքական նոր ուղեգիծը ենթադրում է նաեւ հարեւանների հետ հարաբերությունների սրբագրման անհրաժեշտություն:

Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման մասին Վրաստանում խոսում են բոլորը. Այլ հարց է` դրական, թե բացասական առումով:  Վարչապետի`սեփական խոստումները կատարելու եւ պետական բյուջեի ճեղքերը փակելու ջանքերն ազդարարեցին  վրաց-ռուսական հարաբերությունների ձնհալի սկիզբը: Անշուշտ առանց հաշվարկների չի լինի…Եվրոպական եւ ամերիկյան պետական գանձարաններից ակնկալվող գումարները, թե՞  քաղաքական կողմնորոշման փոփոխության արդյունքում որոշակի տնտեսական ակտիվացման հեռանկարները, որոնք աղոտ են նույնքան, որքան Աբխազիան եւ Հրվ. Օսիան հետ վերադարձնելու հույսերը: Վրացական իշխանությունները ստիպված են հաշվել, հաշվարկել, ծանր ու թեթեւ անել:

Վրաստանն այն 4 երկրներից մեկն է, որը ՆԱՏՕ-ի անդամության հայտ է ներկայացրել: Միեւնույն ժամանակ, Եվրամիության բանագնաց Շտեֆան Ֆյուլեն արտաքին լսարանի համար հայտարարում է, որ  Ռուսաստանի հետ հարաբերությունները համատեղելի են եվրաինտեգրման հետ: Շատերն, այդ թվում, անկախ փորձագետ Իրակլի Բերուլավան, կասկածանքով են վերաբերվում այդ համատեղությանը, իսկ վարչապետի թիմակիցները` ինչպես կառավարության տարածաշրջանային և ինքնակառավարման մարմինների հարաբերությունների դեպարտամենտի նախագահ Իրակլի Մելաշվիլին, տեսնում են այդ հնարավորությունը, թեեւ չեն մոռանում մշտապես մեջբերել օկուպացված տարածքների հարցը:

Թբիլիսիի և Մոսկվայի հարաբերություններում որոշակի դրական տեղաշարժն անհանգստացնում է ոչ միայն Սաակաշվիլիին, այլեւ Վրաստանի հարևաններին: Վրաց-ռուսական լարված հարաբերությունները շահավետ էին Բաքվի համար՝ հատկապես էներգետիկայի եւ տարանցիկ ուղիներ վերահսկման առումով: Սակայն, ռուսների հետ հարաբերությունների ջերմացումն  առայժմ վրաց-ադրբեջանական բարեկամության վրա ազդեցություն չի գործել:

Եվս մեկ երկիր, որն անհանգստացած է Վրաստանի դիրքորոշմամբ` Թուրքիան է,որին մտահոգում է նաեւ Ռուսաստանի ներկայության հնարավորությունը այս երկրում` եւ աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերի տեսանկյունից. Չմոռանանք, որ վրացական շուկան, Ռուսաստանի հետ ապահարզանից հետո, հագեցրել են հենց թուրքերը, որոնք ակտիվ են հատկապես Աջարիայում: Փաստը Վրաստանում` որոշ շրջանակների, անշուշտ մտահոգում է, սակայն հանուն թուրքական, ադրբեջանական կամ իրանական  կապիտալի ներհոսքի, շատ հարցեր եւ վտանգներ անտեսվում են:

Ի դեպ օրեր առաջ Բաթումիում դաժան սպանության դեպք էր արձանագրվել. Իրանի քաղաքացի երիտասարդը դաժանաբար սպանել էր 16-ամյա վրացուհուն, որին հայտնաբերել են կոկորդը կտրված վիճակում: Միջադեպը լուրջ դժգոհության ալիք էր առաջացրել հանրության շրջանում, սակայն պետական եւ իրավապահ մարմիններից հայտարարեցին, որ նման դեպքեր միշտ էլ արձանագրվել են: Ինչեւէ, դա վրացիների ներքին խնդիրն է, թեեւ անցանկալի գործոնների առկայության փաստից որոշակի անհանգստություններ ունեն նաեւ տեղաբնակ հայերը: Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերությունների մակարդակին, ապա այստեղ սիրում են համեմատություններ մեջբերել ֆուտբոլից` որտեղ մրցակցություն կա, բայց թշնամություն` ոչ:

Վրաստանում կտրուկ փոփոխությունների սպասում են հոկտեմբերից հետո, երբ կանցկացվեն նախագահական ընտրությունները: Բոլորի համար կանխատեսելի է ընտրական այդ գործընթացի ելքը, սակայն Իվանիշվիլին, թեկուզ առանց լուրջ մրցակիցների դիմակայության, դեռ պետք է ամրապնդի իր քաղաքական իշխանությունը երկրում` առաջին հերթին ժողովրդի շրջանում, քանի որ արտաքին դերակատարների միջև սկզբունքային հակասությունների խորացումն ուղեկցվում է նաև նախկին ռազմաքաղաքական դաշինքների վերաիմաստավորմամբ։ Իսկ մեծ խաղերին դիմակայելու համար մեծ աջակցություն է պետք` գլխավորապես սեփական ժողովրդից:

Back to top button