Թավշյա բռնապետություն

Խորհրդարանի աշխատանքի սկիզբը ենթադրում է արդեն բոլոր լծակներին տիրացած ամբողջական նոր իշխանությունների աշխատանքի սկիզբ։ Դատավորներն են դեռ, որ «հին» են, բայց դա էլ այլևս «հարց» չէ, որովհետև նրանք ևս ընտրվում են Ազգային ժողովի կողմից և աստիճանաբար կընտրվեն-կնշանակվեն նորերը, կամ նորովի կվերանշանակվեն հները։
Հիմա մենք ունիկալ «ժողովրդավարության» մեջ ենք, որովհետև ապրում ենք Փաշինյանի օրոք, բայց Սերժի համար ձևված-չափված-կարված սահմանադրությամբ, ըստ որի երեք հակակշիռ թևերի փոխարեն երկրում իշխանական միայն մեկ ընտրովի թև գոյություն ունի՝ խորհրդարանը, որից արդեն ածանցվող են և նախագահը, և վարչապետը, և իրավականը։ Իսկ եթե հաշվի առնենք նաև «ցուցակային» ընտրությունների փաստը, ապա սա ժողովրդավարություն կոչելու համար հզոր երևակայություն է պետք ունենալ։ Բայց մարդիկ այդպես կարծում են, ես էլ նրանց հետ կկարծեմ։
Անցնենք հաջորդ հարցին, թե ինչպես է գործելու այս «ժողովրդավար» իշխանությունը։ Իմ իմացածով, ցանկացած իշխանություն նախ կերտում է նպատակային մանրամասն «ուրվականը», թե ինչ երկիր է ուզում կառուցել, ապա պատկերացնում է դրան հասնելու մանրամասն մեթոդականը և անցնում գործի։
Ավանդական, բաժանված թևերով, արևմտյան ոճի ժողովրդավարական երկրներում այս հարցը դրված է հենց իշխանության առաջնային կառուցման հիմքում։ Նախագահացուն ներկայացնում է իր նպատակները և ըստ դրանց, ստանալով մարդկանց հավանությունը, ընտրվում-ունենում է առաջնային մանդատ՝ իր տեսլականները կյանքի կոչելու համար։
Նույնը նաև պառլամենտականները. ամեն թեկնածուն ներկայացնում է իր նպատակայինը, մրցակցային պայմաններում ընտրվում՝ ստանալով առաջնային մանդատ։ Եվ ընտրվելուց հետո մարդիկ այլևս չեն հարցնում, թե ինչ է անելու մանդատավորը։ Այլ հարցնում են, թե հարգելիս, դու սա էիր խոստացել, ե՞րբ ես անելու կամ ինչո՞ւ չես անում։
Մեր դեպքում չես կարող նման հարց բարձրացնել, քանի որ ոչ մեկը ոչ մի բան չի խոստացել, չի ներկայացրել, թե ինչ ու ինչպես է անելու։ Ցուցակներ էին ներկայացվել, ցուցակներն էլ ընտրվեցին ըստ երեք մարդու՝ Փաշինյանի, Ծառուկյանի ու Մարուքյանի ռեյտինգների։ Հետևաբար ի՞նչ իրավունքով, ո՞ւմ և ի՞նչ հարցնես։
Իհարկե այս «ծուռ» մտքերը շատերին դուր չեն գա, բայց դրանից հարցերի էությունը չի փոխվում. մենք կերտել ենք իշխանություն, որը ոչ հակակշիռներ ունի, ոչ նպատակներ ու ոչ էլ որևէ պատասխանատվություն։
Նման պայմաններում մնում է բարի կամքը, կամ ավելի ճիշտ՝ բարի թագավորի վարկածով լավատեսությունը, որին ապավինելով էլ կշարունակեմ շարադրանքը՝ ուղղված ընթերցողին։
Փորձենք պատասխանել հարցին, թե այս միաթև իշխանության մեջ ո՞վ է նպատակադրելու, ո՞վ է նպատակադրվածը քննարկելու, ո՞վ է գծելու նպատակներին հասնելու մեթոդականն ու ո՞վ է կատարելու գործը։
Խորհրդարանն օրենքներ ընդունողն է, և այն, ըստ իր էության սահմանման, չի կարող ապագա նպատակադրել։ Ենթադրվում է, թե խորհրդարանը կարող է պառլամենտականների անձնական հայրենասիրական մղումներից դրդված՝ արդար, մարդկանց ազատությանն ու երկրի զարգացմանն ուղղված օրենքներ ընդունել։ Բայց ինչպե՞ս գեներացնել այդ օրենքները։ Այս օրենսդիրն ինքը երբեք չի կազմել երկրի ապագայի իր տեսլականը, չի մտածել, թե ինչ օրենսդրական քաղաքականություն պատկերացնի, ինչ օրենքներ առաջարկի, որ դրանցով իրեն ու երկիրն առաջ տանի։ Ինքն ընդամենը ցուցակի անդամ է եղել, ինչպես ցուցակը «կասի», էնպես էլ ինքը կքվեարկի։
Հետևաբար, պառլամենտականից մենք սպասելիք չպետք է ունենանք։ Իհարկե, պառլամենտականը կարող էր ընտրվելիք վարչապետացուին հարցնել, թե ինչ նպատակային, ինչ մեթոդական ու ինչ կոնցեպտուալ տեսլականներ ունի, որ հետո հաշիվ պահանջի։ Բայց սթափ ուղեղակիրը չի կարող նման հարցեր տալ իրեն ցուցակ մտցնողին։ Եվ նման հարցեր, ըստ էության, չեղան էլ։
Հետևաբար, ստացվում է, որ երկիրը, ազգն ու պետությունը մնում են «բարի թագավոր» Փաշինյանի հույսին, ով նույնպես իր տեսլականները չի ներկայացրել։
Թվում է, թե փակուղի է։ Բայց ոչ, մենք Սերժից ենք փրկվել և նման արհավիրքից փրկվելուց հետո դեռ երկար ժամանակ ուշքի գալու կարիքն ունենք։ Դե ընթացքում էլ Փաշինյանը մի բան կմտածի։
Իսկ եթե լուրջ, ապա մեզ ու երկիրը համակած կառավարման ճգնաժամային այս խնդիրը շատ ավելի խորը լուծումներ ունի, որոնք այլ հարթություններում են։
Գամ հեռվից։ Ներկա աշխարհում տարբեր երկրների զարգացման տենդենցների համեմատությունները ցույց են տալիս, որ արևմտյան ժողովրդավարությունն իր էֆեկտիվությամբ սկսել է զիջել տեխնոկրատականությանը, որն ըստ էության ինտելեկտուալ-կոնստրուկտիվ-կամային «բռնապետություն» է։
Ի տարբերություն պատմականորեն մեզ հայտնի արյունարբու բռնապետերի, տեխնոկրատ բռնապետը ոչ թե մարդկանց ազատությունների ու իրավունքների վրա է բռնանում, այլ նրանց ենթարկեցնում է պետության բարգավաճման իր աշխարհայացքային տեսլականներին ու կիսահոժարակամ նրանց մղում, պարտադրում է համընդհանուր ստեղծագործ, էֆեկտիվ աշխատանքի։
Տեխնոկրատական կառավարումն առաջին հերթին ենթադրում է պետության առջև ծառացած խնդիրների կուռ պատկերացում, դրանց տեղադրում աշխարհաքաղաքական կոնկրետ իրադրության մեջ և այնպիսի լուծումների բացահայտում ու հետապնդում, որոնք երկրի դիրքին համապատասխան, արտաքին շուկաներին մասնակցությամբ, լավագույն արդյունքների կհանգեցնեն։
Ի հակառակ, ժողովրդավարությունը ենթադրում է տնտեսական լիբերալիզմ և բոլոր տնտեսվարողների ներքին ազատ մրցակցության հաշվին օպտիմալ լուծումներ։ Նման մոտեցումն իրոք էֆեկտիվ էր ավանդական կապիտալիզմի ժամանակներում, մինչինֆորմացիոն դարում, և ամենակարևորը՝ մեծաթիվ բնակչությամբ, ազատ սահմաններով, բարեկամ հարևանությամբ, չպատերազմող երկրների դեպքում։
Բայց և, մյուս կողմից էլ, տեխնոկրատական կառավարումն առավել ձեռնտու է փոքր ու «ծանր» աշխարհաքաղաքական շրջապատով երկրներում, ուր շուկան է փոքր, արտահանում ու ներկրումն է դժվար և առհասարակ ամեն ինչն է դժվար՝ ներառյալ ներքին կարգ ու կանոնը։
Փոքր երկրում ներքին իրական շուկա չկա, առողջ, բազմազան մրցակցություն չկա։ Արտաքին շուկայի համար էլ նման երկիրը ոչ հետաքրքիր է, եթե այն ներկայացնում են մանր տնտեսվարողների՝ այծի պանիր-ծիծակ ծավալները։ Դրա համար ես բազմաթիվ հոդվածներով միշտ առաջ եմ տարել Հայաստանի տեխնոկրատացման գաղափարը։
Իհարկե, ես հասկանում եմ, որ ոչ տեխնոկրատական միջավայրում տեխնոկրատականությունն անհնար է։ Հասկանում եմ, որ Փաշինյանն ինքը տեխնոկրատ չէ ու չի էլ պատկերացնում դրա այբ-բեն-գիմը։
Բայց մյուս կողմից էլ, ինքն է ընտրել այս վիճակը։ Ինքն է համառորեն գնացել Սերժի սահմանադրությամբ, ինքն է կազմել պառլամենտի ցուցակն ու իր համար են մարդիկ ընտրել։ Ինքն է կերտել այս իշխանությունը ծայրից ծայր և բոլոր մանրամասնություններով՝ կառավարությամբ ու պառլամենտով, պաշտոնյաներով ու պադավատներով ու շուտով նաև ողջ իրավականով։
Փաշինյանն արդեն իսկ միապետի, չհայտարարված, թավշյա բռնապետի կարգավիճակում է։ Կարող է իրեն աստիճանաբար հայոց թագավոր էլ հռչակել, կարող է գնալ տեխնոկրատական ինտելեկտուալ բռնապետության և կարող է շարունակել ժողովրդավարություն բեմադրել, որի ոչ մի իրական տարրն արդեն չկա։
Անձամբ ես կողմ եմ թե թագավորին և թե բռնապետին։ Բայց խորապես դեմ եմ դեմագոգիկ ժողովրդավարությանը, որը ծամծմվում-տարփողվում է ու աշխարհի առջև մեզ ներկայացնում է որպես քաղաքականապես կեղծ ու դեմագոգ տհասների։
Հարցն այն է, որ թե իշխանությունը, թե կառավարումը և թե ցանկացած պետական պաշտոնի իրացումը կոնցեպտուալ սկզբունքայնություն են պահանջում։ Հետանկախական մեր պետական անկման հիմնապատճառը հենց այդ կոնցեպտուալիզմի ու սկզբունքայնության բացակայությունից էր՝ «յոլա»-ից ու «ով էշ՝ ես փալան»-ից էր։
Սերժից հետո, առաջին հերթին, հենց այդ կործանարար դրվածքներին էր պետք վերջ դնել։ Բայց որևէ նշան չկա, թե Փաշինյանի կողմից այս կարևորագույն ռեֆորմացիայի անհրաժեշտությունն է գիտակցված։ Մարդն ինքնավստահ է և առանց կողմնակի որևէ կարծիք հաշվի առնելու՝ անում է իր ուզածը։
Կան լսելու քիչ ընդունակ մարդիկ։ Եվ եթե նրանք միայնակ հասնում են երկրի կառավարմանը, ապա կամ պատուհաս են դառնում բոլորի համար, կամ եթե իրոք փայլուն են՝ առաջ տանող մեծ պետական գործիչ-լուսավորիչ։
Մինչև վերջերս Փաշինյանը «մեծի» պատմուճանի մեջ էր։ Բայց եթե շարունակեց իր «կոնցեպտուալ» դեմագոգիան, որն արդեն ահագնացող մասշտաբների է հասել այս խորհրդարանի ձևավորումից հետո, ապա ես դրական ելքերի շանսը որպես բացարձակ զրո եմ տեսնում։ Որովհետև ժողովրդավարության տեսությունն է ասում, որ միաթև ժողովրդավարություն գոյություն չունի և նման կառավարման ձախողման հավանականությունը մեկ է և ոչ նույնիսկ 0,99։
Ինչպես միշտ, որևէ ակնկալիք չունեմ առաջ քաշված հարցերին կառավարական որևէ պատասխանատուի՝ ըստ էության ու սկզբունքային վերաբերվելու առումով։ Բայց և, ինչպես հայտնի է, կաթիլը քար է ծակում։ Ես շարունակելու եմ կաթեցնելը։
Արա Հարությունյան