Քո ձայնը

Ե՞րբ է գալու երկրի ու քաղաքի հարցերի լուծումը ոչ թե անձանցով, այլ ինստիտուտներով պայմանավորելու ժամանակը

Վերջին օրերին կրքերի շիկացման առիթ է դարձել Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունը, որի համաձայն օպերայի տարածքում գործող մի քանի սրճարանների փոխարեն կանաչ տարածքներ են հիմնվելու: Հասարակության մի մասը ողջունեց քաղաքապետարանի մտադրությունը, մյուս մասն էլ տրամագծորեն հակառակ կարծիքին է: Դրանց շարքում, ինչպես և սպասվում էր, առավել սուր արձագանքեցին սրճարանատերերը: Նրանք վկայակոչում են այն փաստարկը, որ իրենք ներդրումներ են կատարել, վարկեր են վերցրել, ուստի՝ տարածքներն ազատելուց հետո կկանգնեն փաստի առաջ: Տարածքի սրճարանատերերից մեկն ասել էր, որ իրենք անցյալ տարի քաղաքապետարանի տրամադրած շինթույլտվության համաձայն՝ շինարարական աշխատանք են կատարել, վարկային պայմանավորվածություններ ունենալու մասին էլ իրազեկել են քաղաքապետարանին: Քաղաքային իշխանությունն էլ հիշեցնում է, որ տնտեսվարողների հետ կնքած հողի վարձակալության պայմանագրերի համաձայն՝ Երևան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ցանկացած պահի 30 օր առաջ ծանուցելու պայմանով ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ: Որ սրճարանների գրաված տարածքները քաղաքի սեփականությունն են, տեղի տնտեսվարողներն էլ չեն վիճարկում: Ուրեմն՝ ո՞րն է խնդիրը. խնդիրը տնտեսվարող-քաղաքապետարան քաղաքակիրթ երկխոսության հարթության մեջ պետք է դիտարկել: Քաղաքապետարանը հայտարարում է, որ շարունակում են հավատարիմ մնալ քաղաքում ներդրումները խթանելու իրենց քաղաքականությանը: Քաղաքային իշխանությունն այսօր պատրաստ է ցանկացած գործարարի հետ քննարկել բիզնեսի ծավալման օրինական պայմանները։ Եվ ուրեմն՝ ի՞նչն է խանգարում քաղաքապետարանին նրանց այլ տարածքներ առաջարկել: Չէ՞ որ պայմանագրերը հենց քաղաքապետարանի հետ են կնքվել: Եվ այսօր կանգնել ու հայտարարել, թե քաղաքային իշխանություն է փոխվել, և կանաչը բետոնով փոխարինելու փաստաթղթերը ստորագրողն իրենք չեն, պատասխանատվությունն իրենց վրայից գցելու ձև է: Բա ո՞ւր մնաց ինստիտուցիոնալիզմը, ե՞րբ է գալու երկրի ու քաղաքի հարցերի լուծումը ոչ թե անձանցով, այլ ինստիտուտներով պայմանավորելու ժամանակը:

Ինչպես որ քաղաքապետարանը տնտեսվարողներին խորհուրդ է տալիս բիզնես անելիս հաշվարկել դրա ռիսկերը, նույն հաջողությամբ էլ ինքը թող հաշվարկի, որ կանաչ տարածքների իր գեղեցիկ ծրագիրն իրագործելու համար հնարավոր է տնտեսվարողներին այլ տարածքներ, առաջարկներ, որոշ դեպքերում էլ ֆինանսական հատուցում տրամադրելու անհրաժեշտություն առաջանա: Դա էլ ի՛ր գործունեության ռիսկն է, չէ՞ որ գործ ունենք առանձին պայմանագրերի հետ: Ընդ որում՝ ասվածը վերաբերում է ոչ միայն օպերայի տարածքին, այլև քաղաքի բոլոր այն հատվածներին, որոնց համար քաղաքապետարանը կանաչապատման նման ծրագրեր ունի:

Քաղաքում, այո՛, սրճարաններ ու զվարճանքի վայրեր պետք է լինեն, սակայն իրե՛նց տեղում: Տարիներ շարունակ երևանցիները բողոքում էին, որ օպերայի տարածքը համատարած բետոնապատվում է, զրկվում կանաչ տարածքից, և քաղաքապետարանից պահանջում էին իրենց չզրկել թթվածնից: Օպերային հարակից տարածքը պետք է լինի քաղաքի հաճելի, կանաչապա՛տ վայրը, իսկ սրճարաններն էլ եթե պետք է լինեն, ապա պիտի լինեն ժամանակավոր, վրանային տիպի և ոչ թե բետոնապատ: Մինչդեռ ժամանակին տնտեսվարողները, ինչ-ինչ համաձայնությունների գալով քաղաքային իշխանության հետ, իրենց բիզնեսը ծավալել են բետոնապատ, մեծ շինություններում՝ դրա համար մեծ ֆինանսական ներդրումներ կատարելով: Այսինքն՝ նրանց երաշխիք է տրվել, որ երբեք չի գալու բետոնը կանաչով փոխարինելու ժամանակը:

Ավելին ասեմ, ըստ իս, անընդունելի է նաև օպերայի շենքի ներսում ակումբի առկայությունը: Տարիներ առաջ, երբ Երևանում հյուրընկալել էի մի եվրոպացու, նա այստեղ ավելի շատ այդ փաստից էր զարմացել: Տարիներ առաջ նման զգացմունքային ոլորտից հայտարարություններ էին հնչում Արշակունյաց պողոտայում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կառուցման առիթով: Այնտեղ կային մի քանի ծերացած ծառեր, որոնց համար պայքարում էին բնապահպաններ ու որպես այդպիսիք ներկայացածներ: Բայց ժամանակն ամեն բան իր տեղը դրեց: Հիմա արդեն թանգարանի տարածքն ամենից խնամվածներից է ու կանաչապատ: Փոխարենը խայտառակ անմխիթար, վատ վիճակում է Կոմիտասի անվան պանթեոնի տարածքի մի մեծ հատվածը: Որտե՞ղ են սրտացավ երևանցիներն ու բնապահպանները, որտե՞ղ է քաղաքապետի գործունեության վրա վերահսկողություն իրականացնող Երևանի ավագանին: Ինչո՞ւ են այդ մասին լռում: Առաջիկայում նրանք հետևողական կլինե՞ն քաղաքապետարանի կողմից 5 տարում 500 ծառ տնկելու խոստման իրականացմանը: Հարցն ամենևին էլ հռետորական չէ:

Անահիտ Ավագյան

Ավելին
Back to top button