Տնտեսական

Երեք հոգու փոփոխությունը ո՞րն է, եթե Կառավարության գլուխն է նեխած

ԳԱԼԱ-ի լրագրողը քաղաքական վերջին զարգացումների, Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացների և Կառավարության կազմի վերջին փոփոխությունների մասին զրուցել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանի հետ:

-Պարո´ն Եղիազարյան, անցած տարի Հայաստանում տեղի ունեցավ խորհրդարանական, այս տարի` նախագահական և Երևանի ավագանու ընտրություններ և 3-ի ժամանակ էլ հաղթեցին իշխանական թեկնածուները: Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն անել հնարավոր չէ:

-Ասեմ, որ վտանգված է ազգային անվտանգությունը, այսօր մենք խոսում ենք արտագաղթի մասին, և եթե դուք ինքներդ էլ նայեք դեսպանատների առջև կուտակված հերթերին, նայեք այն ավտոբուսներին, որոնցում մարդիկ ոչ թե նստած, այլ կանգնած հեռանում են, որպեսզի ազատվեն այս իշխանություններից, ապա ինքներդ կստանաք ձեր հարցի պատասխանը:

-Այդ դեպքում, ըստ Ձեզ, ո՞րն է ընտրությունների դերը մեր քաղաքական կյանքում:

-Ոչ մի: Ընտրությունները՝ դա եվրոպական հորթերի համար զբաղմունք է, քանի հոգու ուղարկում` փող են աշխատում և ձև են ցույց տալիս, որ մենք ժողովրդավար երկիր ենք: Ես առաջարկելու եմ ընկերներիս՝ ոչ մի ընտրության չմասնակցել, թող սրանք իրենց իսկ եփած ճաշի մեջ բովեն, իսկ եթե գնում և մասնակցում ես, ապա օգնում ես սրանց: Բավական է, պետք է ամբողջ ընդդիմադիր դաշտը միավորվի. սա կլինի միակ փրկությունը, թե չէ` ինչ ընտրություն՝ գողականով, խուլիգաններով, մարդկանց բերել- տանելով, սա ընտրություն չէ, սա խուժանություն է:

-Կարո՞ղ ենք ասել, որ ետընտրական շրջանում տեղի ունեցող հանրահավաքներն այլևս սպառել են իրենց:

-Ո´չ, չենք կարող ասել, հանրահավաքները միշտ իրենց արդյունքը կտան, ուղղակի պետք է, որպեսզի իրական ընդդիմադիր ուժերը միավորվեն և միասին պայքարեն այս ռեժիմի դեմ:

-Ի՞նչ կասեք Կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխության վերաբերյալ:

-Երեք հոգու փոփոխությունը ո՞րն է, Կառավարության գլուխն է նեխած, նրան փոխեք: Այդ մարդը հինգը տարի շարունակ ապացուցել է, որ ինքն ամեն ինչի մասնագետ է, բացի տնտեսագիտությունից: Տնտեսական աճի մասին են խոսում, ի՞նչ աճ, աճպարարություն են անում, այդ թվերն ստանում են, միջազգային կազմակերպություններն ասում են` այո, բայց այդ թվերո՞վ է սնվելու հայ ժողովորդը: Ամեն օր սնունդը թանկանում է Հայաստանում, բայց մարդկանց եկամուտները չեն ավելանում:

Էմմա Պալյան

Back to top button