Քո ձայնը

Սերժապետության եւ երազախաբության արանքում

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Փաստաբանների նկատմամբ հալածանքը շատ վատ բան է: 
Խոսքս, իհարկե, այն փաստաբանների մասին է, որոնք իրենց փաստաբանական կոչումն ու առաքելությունը չեն վերածում պաշտպանյալի պաշտամունքի կամ միայն իրենց հայտնի վեհ որակների քարոզի: Ես ծաղրել եմ այդպիսի փաստաբաններին եւ էլի եմ ծաղրելու, երբ նման բան նորից նկատեմ: Այդ փաստաբանները այդպիսով իրենք են վերացնում իրենց նկատմամբ հարգանքը, կարծում եմ, բայց կարող է եւ սխալվում եմ:

Բացարձակ մերժելի պիտի լինի ընդամենը իր մասնագիտական պարտքը կատարող փաստաբանի հանդեպ որեւէ հալածանքը՝ ում էլ պաշտպանի: Երեկվա դեպքը, երբ տուշոնկիստի փաստաբանի մեքենայի վրա թքում էին եւ վիրավորում նրան, թքողի համար հավանաբար արդարադատությանը նպաստելու սրբազան գործողություն էր: Դրդապատճառները կարող են տարբեր լինել: Սկսած նրանից, որ հենց այդպես էլ մտածում են, թե փաստաբանը կազդվի եւ, ենթադրենք, կհրաժարվի գործից ու պաշտպանյալը չի կարողանա օգտվել վերջինիս վարպետությունից, գուցե հնարամտությունից, գուցե խորամանկությունից, եւ արդարադատությունը արագ կկայանա, գուցե ուղղակի պատվեր են կատարում, ծածուկ օգնելով մեղադրյալին, հետագայում նույն փաստաբանը կկարողանա ասել, որ խոչընդոտվել է իր իրավունքը, իր պաշտպանյալի իրավունքը եւ, հասկանալի է՝ արդարադատությունը: Նման ահաբեկչական գործությունները իսկապես կարող են հունից հանել նույնիսկ ամենաբարեխիղճ մասնագետի եւ ամուր մարդուն:

Իմ հասկացած հանրային շահը, գուցե նորից սխալվում եմ, ենթադրում է ցանկացած մեղադրյալի՝ գոնե օրենքով նախատեսված նվազագույն պաշտպանություն, լինի Գյերինգը, Դրեյֆուսը, Գյալմառոբը, թե Մանդելան: Առանց դրա արդարադատությունը կասկածելի է լինելու եւ արձանագրվելու է պատմության համար որպես այդպիսին: Ինձ այդպիսի արդարադատություն պետք չէ, հետո սիմֆոնիկ համերգներ ու խորալ են անելու, թե բա մարդու մեղքն այդպես էլ չապացուցվեց:

Մի քանի բարդություն կա, իհարկե, այսպիսի կամեցողության դեմ: Մեկը հանրային հիշողությունն է, շատերն անմիջականորեն տուժել են էս թարմ մեղադրյալներից, շատ-շատերը՝ անուղղակի տուժողներ են, դեռ երկար ժամանակ է հարկավոր, որպեսզի ցավը մեղմվի եւ այդպիսի պոռթկումներ չլինեն, երբ մեղադրյալի դեմ չարությունը ու կուտակված զայրույթը չթափվի փաստաբանների կամ ազգականների կամ վարորդի վրա: Այս մասով հարկավոր է երկար աշխատել, բացատրել, անգամ ֆիզիկապես զսպել, ոստիկանությունն էլ իր տեղում պիտի լինի: Երկրորդը ավելի բարդ է, հավանաբար. դատավորների հավաքական, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ որոշ դատավորների մասնագիտական որակն ու կամային ազատությունը: Բոլորս գիտենք, որ մի շարք դատավորներ, հայտնի պատճառներով կաշկանդված են պատվիրված վճիռներ դակելու իրենց կենսագրությամբ, եթե չասեմ ավելի ծանր բաների հնուց եկած բեռով՝ կաշառակերություն, կողմնակալություն, կոլեկտիվ անպատասխանատվություն եւ այլն: Մի անգամ խարաբված դատավորը, պիտի որ անկարող լինի դատավոր դառնալ: Գուցե հակառակը պնդողներ կան:

Բայց փաստաբաններին չնեղելու համատեքստին վերադառնալով, անհրաժեշտ է նկատել, որ եթե դատավորների նկատմամբ հանրային վստահությունը մեծ լիներ, փաստաբանների նկատմամբ վատ վերաբերմունքը նվազ կլիներ եւ հավանաբար չէր լինի՝ հանրային ընկալմամբ ինչ հրեշի էլ պաշտպանեին: Այսինքն, կասկած ունեմ, որ անգամ ամենաազնիվ պոռթկմամբ, ակնհայտորեն անընդունելի կերպով բարեխիղճ փաստաբանին վիրավորողը կամ նյութական վնաս պատճառողը, դա անում է ինքնադատաստանի ենթագիտակցությամբ, իր խորքային կամ չգիտակցված համոզմամբ, արդարադատության իր մասն է իրականացնում որպես ուղղակի կամ անուղղակի տուժող: ժողովրդական խոսքով ասած՝ «դե փաստաբանն է ընկել ձեռը, նրանից է մուռը հանում»: Սրան պիտի վերջ տրվի: Պետք է բոլորը հասկանան, ով դեռ չի կռահել, որ այդօրինակ գործողությունները արդարադատությանը ուղղակի վնասելու գործողություններ են, էլ չասեմ, որ հենց զայրացած կամ պատվիրված հարձակվողը կարող է դառնալ հանցագործ կամ զանցառու, եթե փաստաբանը հավես ունենա:

Այստեղ է, որ դատական գործքի հավերժական խնդրի առաջ ենք հայտնվում. ո՞վ է խելքով, ուժեղ մեղադրո՞ղը, թե՞ պաշտպանող կողմը, վերապահումով իհարկե, որ դատարանը գործունակ է եւ արդարադատ: Այժմյան հայաստանյան դրության մեջ, ինչպես եւ դրսում, որտեղ անցումային շրջան է
պատահում, հետաքրքիր կապակախում կա՝ նախկին եւ ազդեցիկ պաշտոնյաները, պարզվում է առեղծվածային եւ հրաշալի կերպով ահռելի հարստության տեր են դառել ու մեղադրյալ են դառնում: Մեղադրանք ստանալիս, կարողանում են լավագույն, այդ գործին հարմար փաստաբանական ուժեր ներգրավել եւ բարեհաջող հիվանդանալ, իհարկե: Փաստաբանների, որոնք ժամանակին անգամ այդ պաշտոնյաների պաշտոնավարման ընթացքում պաշտպանել են նրանց հալածյալներին եւ շատ լավ գիտեն համակարգի, ոստիկանության, դատախազության, դատարանների եւ այլ հաստատությունների ուղնուծուծը, պրակտիկան, օրենսդրությունը, սողանցքները, նախադեպերը, միջազգային փորձը եւ այլն: Ու, չի՞ ստացվել հիմա արդյոք, ներողություն եմ խնդրում փաստաբաններից, որ այդ փողերը վերածվում են այսպես կոչված «արդյունավետ պաշտպանության», երբ մեղադրող կողմը պակաս պատրաստված է կամ էլ պակաս հավես ունի, մեղմ ասած: Պակաս պատրաստված կարող է լինել, որովհետեւ չի կարող փաստաբանից 10-200 անգամ պակաս կանոնավոր եկամտով տարիների ընթացքում բարձր մասնագիտական վարպետություն ունենալ փաստաբանից, մանավանդ հաճախ պատվեր է կատարել, կեղծ մեղադրանքներ է սարքել ու փակել է տվել մարդկանց: Իսկ հավես չունենալու հավես կարող է ունենալ, որովհետեւ սկսած քողարկված կամ մեզ անհայտ շահերի բախման կամ նույն եկամուտների խայտառակ տաբերության բերումով քննիչը կամ պետը հեռանկար չի տեսնում սոցիալական, պաշտոնեական դիրքի կամ հենց արդարադատության, մտածում է, թե, լավ՝ ոռանահն ենք լինում, որ էսինչ կոնկրետ հանցագործ դատավորը իբր դատի՞ արդարորեն, կարիք կա՞ տառապելու:

Ստացվում է այսպես. անհասկանալի եւ ահռելի փողերի տեր դառած բազմաթիվ մեղադրյալներ ստանում են ուժեղ պաշտպանություն, դրա դեմ լինում է միջակ կամ թույլ մեղադրություն (բառը չգտա, երեւի՝ մեղադրանք+մեղադրող) եւ դատավոր, որը կինդեռ-սյուրպրիզ կարող է լինել, եթե իսկապես վիճակահանություն է լինում: Արդյունքում կարող է բախտներս բերի՝ արդարադատություն ունենանք կոնկրետ գործով, կարող է, էլի պարզվի, որ անբախտ ժողովուրդ ենք եղել: Ի մի բերելով այս երկար կենացն, ասեմ, որ իսկական անցումային արդարադատության ժամանակն է, հենց հիմա է այդ ժամանակը, այլապես մինչեւ ականջներս խրված ենք մնալու երազախաբության եւ սերժապետության արանքներում:

Հետգրութուն.

Ես հասցրեցի վերջին ամիսներին նկատել, որ բազմաթիվ հիմնարկներում, հանձնաժողովներում, մանավանդ արդարադատությանն առնչվող հիմնարկներում, նախկինում «բարեհաջող» աշխատած պաշտոնյաներ մարմանդ ռեժիմի են անցել, մլմլում են, մինչեւ կմարեն, ի՜նչ փոփոխություններ, ի՜նչ արմատական բարեփոխում, ի՜նչ նոր հայացք, լավագույն դեպքում հին փաստաթղթերի վրա երկու ստորակետ փոխել ու դեմ տալ որպես նոր, փորձել կոխացնել, ու հավատ հաստատել, թե աշխատում են նոր Հայաստանում՝ ալար-ալար՝ միալար: Բոլորովին, խուլ եւ խորքային դիմադրության են անցել, եւ հավես չունեն եւ հեչ սրտերով չէ կերակրատաշտից զրկվելու հեռանկարը: Այո, վիշապը գլխատված է, բայց փորոտիքը դեռ թպրտում է սուսուփուս: Եւ այդպես եղավ, որ 4,7 տոկոս եղավ, կամ 59000 քվե: Շուտով անվանական կանդրադառնամ անիլլաջներին կամ իսկական սաբոտաժնիկներին, ճյուղ առ ճյուղ, տերեւ առ տերեւ: Սպասեք նամակի սպասողներին»:

Ավելին
Back to top button