Նորություններ

«Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով, կարծում եմ, շատ կարճ ժամանակ հետո կհարցաքննվի». Նինա Կարապետյանց

ԳԱԼԱ-ն զրուցել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցի հետ:

Այս փուլում ինչպե՞ս եք գնահատում Մարտի 1-ի բացահայտման գործընթացը:

-Ես տեսնում եմ, որ կատարում են գործողություններ, բայց անհանգստություններ ունեմ՝ որքանով են դրանք արդյունավետ:

Հասկանալի է, որ քննությունը մեզ համար փակ է, բայց, օրինակ, Միքայել Հարությունյանի պարագայում ասում են, որ հարցում են արել և պարզել, որ նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, նորից հարցում են ուղարկել՝ ճշտելու, թե որ թվականից է: Ինչո՞ւ մեկ հարցումով չեն ճշտել: Սա նշանակում է, որ գործի բացահայտումն արհեստականորեն ձգձգելու միտում կա: Նաև անհանգստություն ունեմ դրսի միջամտությունների հետ կապված և կարծում եմ, որ այս միջամտությունները կարող են որոշակի կաշկանդվածությունների պատճառ դառնալ:

-Ի՞նչ նկատի ունեք, կոնկրետ ո՞վ կամ ի՞նչը կարող է կաշկանդվածության պատճառ դառնալ:

Նինա Կարապետյանց
Նինա Կարապետյանց

-Օրինակ կաշկանդվածության պատճառ կարող է դառնալ այն, որ չցանկացան վատթարացնել հարաբերությունները տարբեր կառույցների, պարտնյոր պետությունների հետ, քան դրանք այսօր բարդացված են հենց Մարտի մեկի գործի պատճառով:

Ներսի կատարողների, հրաման տվողների հետ կապված անհանգստություններ չունեմ, քանի որ գիտենք՝ տարբեր անձինք հրավիրվում են հարցաքննության կամ արդեն հարցաքննվել են, և ուշ թե շուտ հանգամանքները կպարզվեն, բայց դրսի ուժերի միջամտության տեսակետից ես ունեմ մտահոգություն, որ կաշկանդվածություն կլինի, ու Մարտի մեկի, նաև Հոկտեմբերի 27-ի պարագայում բավարար ջանք չի գործադրվի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

-Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերջինիս խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնոդություն են ներկայացնում Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան, ի՞նչ եք կարծում, դատարանն ինչպիսի՞ որոշում կկայացնի:

-Հիմա մեր դատարաններն ավելի անկանխատեսելի են, քան նախկինում: Այսօր ՀՀ դատարանները կանխատեսելի չեն օրենքի իրավունքի տեսանկյունից: Շատ դեպքերում գործողությունների տրամաբանությունները չենք կարողանում հասկանալ, և սա, կարծում եմ, նմանատիպ դեպքերից է:

-Սերժ Սարգսյանը Մարտի մեկի գործով ինչո՞ւ չի հարցաքննվում՝ ըստ Ձեզ:

-Ես կարծում եմ՝ շատ կարճ ժամանակ հետո նա ևս կհարցաքննվի, քանի որ այլ տարբերակ չունի: Սա միակ գործը չէ, որով նա պետք է հարցաքննվի և մեղադրանք առաջադրվի և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Ռոբերտ Քոչարյանին, նաև շատ այլ բարձրաստիճան պաշտոնյաների:

Սա անխուսափելի է լինելու: Նույն Ռոբերտ Քոչարյանին պետք է մեղադրանք առաջադրել առաջին անգամ նախագահ դառնալու հետ կապված, քանի որ նա դարձել է ՀՀ նախագահ անօրինական՝ չլինելով ՀՀ քաղաքացի: Ես կարծում եմ, որ այս տիպի գործերը բացահայտելու համար դեռևս մեր պետության ռեսուրսները չեն բավարարում, քանի որ դրանցով պետք է զբաղվեն այնպիսի մասնագետներ, որոնց սխալվելու հավանականությունը բացառված կլինի:

-Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ Մարտի մեկի գործն, ըստ էության, բացահայտված է:

-Նիկոլ Փաշինյանն արել է մի փոքր էմոցիոնալ հայտարարություն: Նա նկատի է ունեցել, որ ընդհանուր սխեման պարզ է՝ ով, ումից հետո, ինչի համար ու ոնց է արվել, դա պարզ էր ի սկզբանե, հիմա հավանաբար նա ունի լրացուցիչ հիմնավորումներ, ապացույցներ, բայց դա ևս բավարար չէ, քրեական գործը զգացմունքներով չի լինում, քրեական գործի ամեն տառի տակ պետք է լինի իրավական հիմնավորում, հետևաբար Մարտի մեկի բացահայտումը կարող է բավականին երկար ժամանակ պահանջել:

 Հերմինե Ղարիբյան

Back to top button
Close