Քո ձայնը

«Լավ կլիներ, որ Իոսիֆը սպանված չլիներ, այդ տեսանյութը չլիներ ու ես էլ դիտած չլինեի։ Ծանր էր»

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մինչեւ Մհեր Ենոքյանին անցնելը կուզեի մեջբերել թեմային շատ համահունչ «Փախուստ Շոուշենկից» ֆիլմից մի հատված։ Դաժան սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մորգան Ֆրիմանի մարմնավորած հերոսը՝ Ռեդը, ներման հանձնաժողովի անդամի հարցերին է պատասխանում․
— Ձեր ցմահ բանտարկությունից դուք նստել եք 40 տարի։ Ի՞նչ եք կարծում, դուք վերադաստիարակվե՞լ եք։
-Վերադաստիարակվե՞լ եմ ես արդյոք։ Գիտե՞ք, պատկերացում անգամ չունեմ։ Ի՞նչ է նշանակում վերադաստիարակվել։ Դուք ցանկանում եք իմանալ՝ ափսոսու՞մ եմ ես արածիս համար։
-Ափսոսու՞մ եք։
— Օր անգամ չի անցնում, որ ես արածիս համար չափսոսամ։ Ոչ թե այն պատճառով որ ես այստեղ եմ, եւ ոչ էլ այն պատճառով, որ դուք եք այդպես մտածում։ Հիշում եմ ինչպիսին եմ եղել։ Երիտասարդ հիմար մի լակոտ, որը կատարեց այդ սարսափելի հանցագործությունը։ Ափսոս, որ ես չեմ կարող զրուցել նրա հետ։ Ես կփորձեի խելքի բերել նրան, ասել, թե ինչ է նրան սպասում ապագայում, բայց ես չեմ կարող։ Այդ տղան արդեն չկա։ Այս ծերունին է մնացել։ Եվ այս բեռով ես պետք է ապրեմ մինչեւ իմ մահը։ Վերադաստիարակվե՞լ եմ։ Հիմար հարց է դա։ Վերցրու կնիքդ ու դիր այն։ Ճիշտն ասած՝ ես թքած ունեմ, թե ինչ կնիք դու այնտեղ կդնես։

Vardan-HarutyunyanԴիտեցի Իոսիֆ Աղաջանովի սպանության գործով համացանցում հայտնված երեկվա տեսանյութը։ Լավ կլիներ, որ Իոսիֆը սպանված չլիներ, այդ տեսանյութը չլիներ ու ես էլ դիտած չլինեի։ Ծանր էր։ Բայց Իոսիֆն սպանված է, տեսանյութն էլ կա։ Սպանության մասնակիցներից մեկն արդեն ազատ է արձակվել, իսկ մյուսը՝ ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը, 23 տարի կալանավայրում անցկացնելուց հետո այսօր վաղաժամկետ ազատ արձակման հույս է փայփայում։
Ասում են՝ Ենոքյանը հանցագործ է եւ սուտ արդարացումներ է իր համար հորինում։ Ասում են՝ նա չի զղջացել։ Ասում են, թե նրա հարազատներն իրենց հասարակական դիրքն են օգտագործում նրան արդարացնելու համար։ Շատ բան են ասում։ Շատ բան գուցե ճիշտ են ասում։ Շատ բան էլ գուցե հորինում են։
Ես չեմ պնդում Մհեր Ենոքյանի անմեղությունը։ Չգիտեմ։ Վստահ չեմ։ Պարտավոր էլ չեմ հավատալ։ Բայց ընդունում եմ որպես փաստ այն հանգամանքը, որ գործած (ըստ իր պնդման՝ չգործած) մեղքի համար 23 տարի արդեն կալանավայրում է։ Հասկանում եւ ընդունում եմ սպանված պատանու ծնողների վիշտը, նրանց մղումները եւ ցանկությունները։ Չեմ հասկանում շահագրգիռ մյուս կողմերին ու ծնողների վիշտը օգտագործել փորձողներին։
Մի երկու դիտարկում այս կապակցությամբ։ 
1․Հանցագործը ցանկացած ճանապարհով պաշտպանվելու իրավունք ունի։ Իր պաշտպանության ու իր ազատության համար նա ցանկացած միջոց կարող է օգտագործել։ 
2․Կալանավորի հարազատները նրան պաշտպանելու, նրան արդարացնող հրապարակումներ անելու, նրա օգտին քայլեր անելու ու նրան ազատ տեսնելու իրավունք ունեն։ Ու սա դատապարտելի չէ։
3․Մնացած բոլորը՝ իրավապաշտպանները, լրագրողները, թեմայով հետաքրքրվողները կամ, ուղղակի, պարապ ժամավաճառները, ֆեյսբուքյան ակտիվիստները այս առումով այսքան շատ ու այսքան լայն իրավունքներ չունեն։ Լավ կանեն անաղմուկ սպասեն։ 
4․Անկախ մարդու գործած հանցանքից ու անկախ հանցանքի դաժանությունից՝ մարդը, այդ թվում նաեւ ցմահ ազատազրկվածը, պատժի որոշ մասը կրելուց հետո պետք է ներման իրավունք ունենա եւ այդ հնարավորությունից օգտվել կարողանա։ Նույնիսկ եթե 100 տոկոս ապացուցված լինի, որ Մհեր Ենոքյանը մարդասպան է, միեւնույնն է, նա ունի ներման իրավունք, ունի պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունք։ Կարեւոր նախապայմաններ են հանցագործի /եթե նա իրոք հանցագործ է/ զղջումը, կալանավայրի ղեկավարության եւ համապատասխան մասնագետների բնութագիր — եզրակացությունն առ այն, որ նա զղջացել է, վերաարժեւորել է իր նախկին կյանքը, գնահատել է իր քայլը, փոխվել է եւ կարող է հասարակություն վերադառնալ եւ ինտեգրվել։ 
5․ Այսօր երկրում շատ բան է փոխվել, նոր հնարավորություններ են առկա եւ կարելի է ու պետք է փորձել նոր նախաքննություն ու նոր դատաքննություն սկսել։ Կարեւոր հանգամանք է արդար դատավարությունը։ Որ դատական սխալի մասին կասկած չլինի։ Բայց անգամ այս դեպքում, եթե, ասենք, հաստատվի՝ Մհեր Ենոքյանը սպանության մասնակից կամ կազմակերպիչ է եղել, միեւնույնն է, նա պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքից զրկվել չի կարղ։ Սա է նախատեսում օրենքը, եւ մեր անձնական մղումները կամ ցանկությունները այն փոխել չպետք է կարողանան։
6․ Մհեր Ենոքյանի մեղավոր կամ անմեղ լինելու հանգամանքը, հանցագործությանը մեղսակից լինելու չափը ես այստեղ չեմ քննարկում»:

Ավելին
Back to top button
Close