Նորություններ

Ղազախստանում հայերի հանդեպ հատուկ վերաբերմունք չկա. Ա. Իսկանդարյան

Այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններին, երբ Կարագանդա քաղաքում դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում մահացած ղազախ տղայի պատճառով քաղաքում հակահայկական ցույցեր են սկսվել, հայտարարել է, որ հայաստանյան լրատվական դաշտում բավականին տխուր պատկեր էր ստեղծվել:

Ըստ նրա՝ լրագրողները պատշաճ կերպով չեն կատարել իրենց աշխատանքը, որպեսզի պարզեն՝ ում է իրականում պատկանում «Բասե» ալիքը, որին հղում էին տալիս հայկական լրատվամիջոցները: Մինչդեռ, իրականում այն պատկանում է Սադիկով ամուսիններին, ովքեր ընդդիմադիր են Ղազախստանում գործող ռեժիմին և, անգամ չբնակվելով Ղազախստանում, հնարավորություն բաց չեն թողնում քննադատելու երկրի իշխանություններին:

Ա. Իսկանդարյանը հայտնել է, որ Ղազախստանն իրականում բազմազգ երկիր է, և, բնականաբար, կա ազգերի միջև որոշ լարվածություն: Սակայն պնդել, որ կա հայերի նկատմամբ հատուկ վերաբերմունք, սխալ է, և այն, ինչ մենք մեկնաբանում ենք որպես հակահայկական տրամադրություններ, իրականում երկրի իշխանությունների հանդեպ մարդկանց դժգոհության դրսևորումն է:

Ավելին
Back to top button